Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Ակնհայտ կեղծ եւ անվավեր փաստաթղթեր են հայտնաբերվել «Ա1+» հեռուստաընկերության Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ)` եթերային կապուղի ստանալու համար ներկայացված փաստաթղթերի փաթեթում:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Նա նշեց, որ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հավաստագիր է ներկայացված Hobbington Management Limited բրիտանական ընկերության կողմից, որը պարտավորվում է փոխանցել 55 հազար ամերիկյան դոլար:
ՀՌԱՀ-ը դիմել է բրիտանական պետռեգիստրին, որտեղից տեղեկատվություն է ստացել, թե այս ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը 2007 թվականին, իսկ 2006-ին նրա ակտիվները կազմել են ընդամենը 2 ֆունտ ստեռլինգ:
Բացի այս փաստաթղթում սխալ է գրված ընկերության ղեկավարի պաշտոնը` Chef Executive, պետք է լիներ Chief Executive:
Մյուս փաստաթուղթը ներկայացված է Rogeston Logistics LTD-ի կողմից, որը հավաստում է 65 հազար ամերիկյան դոլար աջակցություն ցուցաբերելու մասին: Սակայն կնիքի վրա ընկերության անունը Rogerson է գրված: Կասկածի տեղիք է տվել այն, որ ձեւաթղթի վրա եւ կնիքում նշված միեւնույն կազմակերպության անունը տարբեր կերպ է նշված եղել:
ՀՌԱՀ-ից դիմել են Բելիզի ռեգիստրին, որտեղից տեղեկատվություն է ստացվել, թե ոչ Rogerson, ոչ էլ Rogeston անուններով ընկերություններ չկան իրենց երկրում:
Մյուս փաստթուղթը, որի մասին խոսեց Ամալյանը, անվավեր է համարվել այն պատճառով, քանի որ ոչ կնքված է, ոչ ստորագրված: Փաստաթղթում նշված է, որ մի քանի կազմակերպություններ 280 հազար եվրոյի աջակցություն են ցուցաբերելու, սակայն գրված է միայն Աննա Տանիելյան անունը:
Սակայն Գր. Ամալյանը հակված չէ մտածել, թե այս կեղծիքները դիտավորությամբ են արվել «Մելտեքս» ընկերության կողմից: Միգուցե նրանց թյուրիմացության մեջ են գցել գոյություն չունեցող ընկերությունները` «մեռած հոգիները»: