կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-21 10:27
Քաղաքական

Ռազմավարական դաշնակիցը ռազմավարական վատություն է անում

Ռազմավարական դաշնակիցը ռազմավարական վատություն է անում

Երբ Հայաստանի ռազմավարական գործընկերը նույն արշինով է չափում իր դաշնակցին եւ եվրոպական երկրներին ու մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող գազը թանկացնում, ուրեմն` արտաքին քաղաքականության մեջ խնդիր ունենք:

 

Գոյություն ունեն դաշնակից լինելու մի քանի տարբերակներ: Օրինակ` սովորական դաշնակիցներ, ռազմավարական դաշնակիցներ եւ այլն: Այնպես է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական դաշնակիցներ են…

 

Ռազմավարական դաշնակցությունը սովորականից տարբերվում է նրանով, որ ռազմավարական դաշնակիցը, հանուն իր մյուս դաշնակցի անվտանգության, հանուն դաշնակցի կենսական շահի, կարող է եւ պետք է զոհի իր տնտեսական որոշ շահեր: Առակս ինչ կցուցանե` որ Հայաստանն ու Ռուսաստանը, ըստ անհրաժեշտության, պարտավոր են իրենց տնտեսական շահերը զոհաբերել` հանուն մյուսի անվտանգության ու կենսական անհրաժեշտության: Սա է ռազմավարական դաշնակցության էությունը, եթե շատ պարզ խոսենք:

 

Ստացվել է այնպես, որ մեր երկիր ցանկացած ուղղությամբ մուտք գործող գազը վերահսկվում է մեր ռազմավարական դաշնակցի կողմից:

 

Ինչեւէ, հարցն այն է, որ մի երկրում, ուր անգամ աղքատության շեմը նվազագույն սպառողական զամբյուղի գրեթե կեսի չափ լինելու դեպքում է աղքատության մակարդակը 35 տոկոս լինում, այդ երկրում յուրաքանչյուր, անգամ` ամենաչնչին թանկացումն արդեն լուրջ հետեւանքներ է առաջացնում: Իսկ գազի թանկացումը` միանգամից 67 տոկոսով, արդեն երկրի ներսում ստեղծում է սոցիալական բունտի նպաստավոր պայմաններ, քանի որ գազի թանկացումը շղթայաբար բերում է ամեն ինչի թանկացման:

 

Սա, իր հերթին, արդեն ներքին անկայունության հիմք է` վերոհիշյալ պայմաններում: Իսկ ներքին անկայունությունը Հայաստանի պես երկրի համար, այսպիսի բարդ տարածաշրջանում գտնվելու եւ ունեցած աշխարհաքաղաքական ներկայիս հարաբերություների հանգամանքները հաշվի առնելով, արդեն ազգային անվտանգության խնդիր է առաջացնում:

 

Եվ երբ այս պայմաններում մեր ռազմավարական դաշնակիցը մեր երկրի համար գազի այն գներն է սահմանում, որը սահմանում է, օրինակ, Եվրոպայի համար, արդեն մտածելու խնդիր կա, որովհետեւ այդպիսի գործելաոճը ռազմավարական դաշնակցության էությունից չի բխում: Որովհետեւ ոչ միայն իր տնտեսական շահից չի հրաժարվում Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, այլեւ, ընդհակառակը, հենց ինքն է ստեղծում այնպիսի պայմաններ, որ ռազմավարական դաշնակիցը նոր խնդիրներ ունենա:

 

Այս հարցում արդեն տարբերակներն այնքան էլ շատ չեն: Կա’մ հայկական կողմը պետք է պարզ ու հստակ հասկացնի ռազմավարական դաշնակցին (եթե ուժը պատի, իհարկե), որ սա ամենեւին ռազմավարական գործընկերություն չէ, կա’մ էլ պետք է համակերպվի… Սակայն երկրորդը այնքան էլ լավ բան չի նշանակում. դա նշանակում է, որ Հայաստանը կա’մ կորցրել է իր ռազմավարական հետաքրքրությունը Ռուսաստանի համար, կա’մ էլ, այսպես ասած, իրեն խելոք չի պահել, ու այս միջոցով ՌԴ-ն փորձում է սաստել մերոնց:

 

Ինչ էլ որ լինի, մեկ բան ակնհայտ է` արտաքին քաղաքականության ոլորտում լուրջ խնդիրներ ունենք. եթե անգամ ռազմավարական գործընկերությանը չհակասող կեցվածք էլ ենք ընդունել ու ամեն ինչ ճիշտ ենք արել, ապա գոնե թերացել ենք ռազմավարական գործընկերներին արժանապատվություն ունենալը հասկացնելու եւ մեր անվտանգության, կենսական շահերին առնչվող «նրբությունները» բացատրելու հարցերում…

 

Հակառակ պարագայում Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը հայկական լրատվամիջոցների հետ գազի թանկացման վերաբերյալ զրույցում չէր ասի. «Երկրների միջև փոխհարաբերությունները ոչ միշտ են թելադրում էժան գներ այն ապրանքների համար, որոնք մի երկրից մյուսին են տրամադրվում: Պատկերացրեք` Ռուսաստանը որոշեր, որ հայկական կոնյակը ռուսական շուկայում 10 անգամ ավելի ցածր գին ունենա, որովհետև Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Սա ընդամենը տնտեսություն է, և գները որոշվում են շուկայում»:

 

Գազը Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Հայատանի համար ստրատեգիական կարեւորություն ու կենսական նշանակություն ունի: Եթե հայկական կոնյակն էլ Ռուսաստանում նման «հատկանիշներ» ունենար, ապա մեկ վայրկյան անգամ չենք կասկածում, որ մեր տղերքն այն ուղղակի սիրահոժար կընծայեին ռազմավարական դաշնակցին… Համենայն դեպս, նման օրինակները շատ են: Ամեն դեպքում` Հայաստանը, գոնե առերեւույթ, միշտ էլ ամեն ինչ արել է ռուսական «ավագ եղբորը» գոհացնելու համար: Եվ այժմ, մեղմ ասած, անհասկանալի է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ նման վերաբերմունքը, ինչն ուղղակի չի կարող մնալ առանց գնահատականների` ՀՀ պետական ամենաբարձր մակարդակով…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ