կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-02 14:51
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ-ում բազմաշերտ քաղաքական խաղ է՝ կա ԽՍՀՄ-2 ստեղծելու նախագիծ. Արման Նավասարդյան

Հայաստանում ԵԱՏՄ համաժողովը ճեղքում էր դիվանագիտական ճակատում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Այս շատ կարևոր կազմակերպությունն առավել կարևորվեց՝ Հայաստանում անցկացվելով. երկու շատ կարևոր ֆիգուրանտներ եկան՝ Պուտինն ու Ռոհանին: Ես կարծում եմ, որ մեկի այցը պայմանավորված էր մյուսով: Ռոհանիի համար գլխավոր ուղղությունը ամերիկա-իրանական ենթատեքստն էր, և նա այդ գիծը տարավ: Պուտինի համար ևս կարևոր էր, որ ամերիկյան ազդեցությունը թուլանա և՛ իրանական ուղղությամբ, և՛, ինչու ոչ, հայկական ուղղությամբ»,- ասաց նա:

Դիտարկելով այս հանդիպումները ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում՝ Նավասարդյանը նշեց, որ վտանգված են Հայաստանի սահմանները՝ Նախիջևանի հատվածից, այլ կողմերից, և եթե այստեղ ռազմական գործողություններ ակտիվանան (ինչի մտադրությունը Թուրքիան և Ադրբեջանն ունեն և չեն թաքցնում), ապա Ռուսաստանը թե՛ մեր երկրների երկկողմ հարաբերությունների և թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակում միջամտելու խնդիր է ունենալու:

«Տարածաշրջանը շատ-շատ լարված է: Թուրքիայի և Իրանի պայքարը կա տարածաշրջանում հեգեմոնիայի համար, ունենք Վրաստանը, որը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հունիս ամսվա վերջին ստորագրվել է ռուս-իրանական ռազմական հուշագիր, որի բովանդակությունը հայտնի չէ, բայց ուղղությունները միանշանակ են: «Երկու վեկտոր է, մեկը՝ Հարավային Կովկաս և Կասպյան ավազան: Ի՞նչ է ստացվում. Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, Իրանի հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ, և կա այդ մեմորանդումը: Կան Ռուսաստանի և Թուրքիայի խնդիրները՝ մրցակցությունը տարածաշրջանում, Ամերիկան էլ՝ ավելացրած: Հիմա բազմաշերտ քաղաքական խաղ է գնում: Թե Հայաստանն ինչքան կկարողանա ճիշտ կողմնորոշվել, մանևրել, դուրս գալ այս իրավիճակից և օգուտ քաղել, սա հարցերի հարցն է»,- նշեց Նավասարդյանը:

Դիվանագետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար հնարավորությունների մեծ դաշտ է, որ մեր քաղաքական գործիչները պիտի ձգտեն առավելագույնս արդյունավետ օգտագործել:

Անդրադառնալով ՌԴ նախագահի գալ-չգալու կանխատեսումների մասին ԵԱՏՄ նիստից առաջ շրջանառվող դիտարկմանը՝ Նավասարդյանը դա ժողովրդական բանահյուսություն անվանեց՝ հավելելով. «Այդպես խոսելով՝ առավել արժևորեցիք նրա գալը»:

Նա նշեց, որ կան ԵԱՏՄ-ն առավել զարգացնելու մտորումներ: «Մոսկվայում ուրվագծվում է ԽՍՀՄ-2 կազմակերպության ստեղծման հարցը, կարծեմ՝ 2024թ: Խոսքն այն մասին է, որ դրան անդամագրվեն Խորհրդային միության բոլոր հանրապետությունները, նաև՝ Լատվիան: Խոսքը տնտեսական կոնֆեդերացիա ստեղծելու մասին է՝ ԵՄ-ի օրինակով»,- ասաց Նավասարդյանը՝ ընդգծելով, որ դա թեւ ապագայի նախագիծ է և առավել՝ տնտեսական, սակայն, անշուշտ, ունի քաղաքական բաղադրիչ: «Ինձ համար տնտեսությունը կոնցենտրացված քաղաքականությունն է»,- նշեց նա:

Անդրադառնալով քննադատություններին, որ վարչապետ Փաշինյանը չդիմավորեց ՌԴ նախագահին, ձևավորված ավանդույթի համաձայն, օդանավակայանում ՝ Նավասարդյանն ասաց, որ արարողակարգային առումով հենց դա էր դիմավորման  ճիշտ ձևը: «Չգիտեմ, թե ով էր հուշել, բայց՝ մալադեց»,- ամփոփեց դիվանագետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում անցկացվեց ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Հոկտեմբերի 1-ին քննարկումներին մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցում էին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: