կարևոր
3508 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-23 17:41
Քաղաքական

Անպաշտպան զինվորներ, անապահով սահմաններ․ «բարեփոխվող» բանակի համայնապատկերը

Անպաշտպան զինվորներ, անապահով սահմաններ․ «բարեփոխվող» բանակի համայնապատկերը

Եթե թշնամին 24 ժամում  մի հատիկ փամփուշտ է կրակում, դա  հուսադրում է Փաշինյանին, որ էսկալացիան նվազագույն մակարդակում է, իսկ խաղաղությունը շատ մոտ։ Նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանի «արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում» հայտարարությունն էլ վերաբերում էր միմիայն այդ պահին, երբ ինքը հնչեցնում էր փառահեց այդ միտքը՝ օժանդակելով ագրեսոր Ադրբեջանին՝ արդարացնելու կատարած հանցանքները։ Կապ չունի, որ դրան նախորդող ու հաջորդող պահերին արցախցիները կարող էին դաժանորեն սպանվել, ինչն էլ տեղի է ունեցել փոքր մասշտաբով՝ մի քանի գյուղերում։ (Մի կողմ թողնենք փաստը, որ ինը ամիս շրջափակումը վտանգում էր արցախցիների կյանքը։ Լիակատար բլոկադային գումարած սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած ողբերգությունը  ցեղասպանություն է կոչվում)։ Նա գիտակցում է, որ եթե մեկ ամսվա ընթացքում մի քանի օր սահմանին կրակոցներ չեն լինում, դա բնավ կայուն խաղաղություն չի նշանակում։ Սակայն նախընտրում է երեւույթները դիտարկել շատ նեղ ժամանակահատվածում, հետո դրանց մեծ նշանակություն տալ, ներկայացնել որպես մեծ ձեռքբերում ու հենց դրանով գերել հանրության լայն զանգվածներին։

Փաշինյանին պետք է հիշեցնել, որ միայն 2023-ի սկզբից մինչ այսօր՝ թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ սահմանները պաշտպանող  14 զինծառայող։ 

Եթե անգամ հավատանք խաղաղության հասնելու Փաշինյանի անկեղծ ձգտմանը, հնարավոր չէ՝ չտեսնելու տալ «խաղաղությանը» միտված  թշնամու հաստատակամ քայլերը։ Նրանք այլ կերպ են պատրաստվում դրան՝ խորանալով Հայաստանի սուվերեն տարածքում։ 

Yerkir.am-ի տվյալներով՝ վերջին շրջանում  Ադրբեջանը ՀՀ սահմանների երկայնքով 19 զորանոց ու 105 մարտական դիրք է կառուցել, իսկ մեզ մոտ բացակայում է նորմալ պաշտպանական գիծը։ Մեր զինվորները քնում են հին ու լքված տներում, ինչի պատճառով տեղի են ունենում ողբերգություններ։ Այդ ինչպե՞ս է, որ Սնուփ Դոգի համերգի, ՔՊ-ականների «վոյաժների», ասլֆալտի ու պարեկների համար միլիարդավոր դոլարներ ծախսող կառավարությունը, պատրաստ չէ բանակի սպաների բարձր աշխատավարձը ապահովելու եւ զինվորների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար բավարար միջոցներ տրամադրել։ 

Պարզ չէ՝ վերջին երեք տարում ինչո՞ւ ՀՀ-ում զորավարժություններ չեն կազմակերպվում, դաշնակից ու հարեւան երկրների համատեղ զորավարժությունների առաջարկներն էլ մերժվում։ (Հայ-ամերիկյան զորավարժությունները նախատեսված էին խաղաղապահ առաքելությունների համար եւ որին մասնակցում էր ընդամենը 175 հայ զինծառայող)։ Ռազմական շքերթներին փոխարինելու է եկել «Կարգազանց-2023» միջոցառումը, որը կազմակերպել են ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը։

Հասարակական ակտիվ շրջանակներից լսում ենք, որ բանակի համար սեփական միջոցներով անվադողեր, քողարկիչ ցանցեր, ծակող-հորատող տեխնիկա, ջերմատեսիլ սարքեր ու լուսարձակներ են հայթայթում ու առաջնագիծ ուղարկում։ Տպավորություն է՝ ապրում ենք ոչ թե 21-րդ դարում, այլ 19-րդ դարի ֆիդայական ժամանակաշրջանում, երբ հայկական պետականության բացակայության պայմաններում, հասարակությունը ինքն էր ձեռնարկում իր պաշտպանությունը։ 

Բարեփոխումների մասին թմբկահարող, բանակին «մայկա-տրուսիկ» տրամադրող ու ելակ մատուցող իշխանությունը զինվորներին մատնել է անուշադրության։ Yerkir.am-ը փորձել է պաշտպանության նախարարությունից ճշտել՝ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն փաստաթղթից հետո, Հայաստանում, ոչ միայն թշնամու կրակոցից, այլեւ խաղաղ պայմաններում զոհված զինվորների թիվը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունը նշել է, որ հրազենային վիրավորումից զոհված զինծառայողների մասին պաշտոնական հաղորդագրություններ տարածել են։ Ստացվում է՝ նախարարությունն ալարում է հաշվել զոհերի թիվն ու ստատիստիկա կազմել, վերլուծել դեպքերն ու հետեւություններ անել կամ էլ այդ ամենը ձեռքի տակ ունենալով՝ քողարկում է իրականությունը։

Տարեսկզբին՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհ դարձան 15 զինծառայող։

Սակայն սա այս տարվա միակ ողբերգական դեպքը չի եղել։ Փետրվարի 19-ին՝ Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ձորն է գլորվել ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւոնքով մահացել է 2 զինծառայող։ Իսկ մարտի 8-ին՝ 1 զինծառայողի մարմին է հայտնաբերվել։

Մարտի 31-ին՝ ՀՀ հարավարեւելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Ադրբեջանական կողմն էլ զուգընթաց կրակել է։ Միջադեպից հետո հայտնաբերբել է ժամկետային 1 զինծառայողի դի։ 1 զինծառայող էլ օգոստոսի 26-ին հոսանքահարման հետեւանքով է զոհվել։ Իսկ սեպտեմբերի 2-ին՝ ինժեներական աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի զոհ են դարձել եւս 2 զինծառայող։

2022-ի հունվարից մինչ այսօր՝ չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից զոհվել է 7 զինծառայող։ Բոլոր այս դեպքերի հանգամանքները պարզելու համար նախարարությունը քննություն է սկսել։ Սակայն դրանց արդյունքները հանրությանը հայտնի չեն։

Մեղրի Ղուկասյան