կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-15 12:38
Առանց Կատեգորիա

Հանրային TV-ն գրոհ է անպաշտպան դարպասի վրա

Հանրային TV-ն գրոհ է անպաշտպան դարպասի վրա

Հանրային հեռուստաընկերությունը հավերժական թեմա է: Եվ ընդգրկուն: Քանի դեռ «քաղաքացի» եւ «Հանրային» հասկացություններն ընդհանուր ոչինչ չունեն: Որպես հեռուստաալիք` ձանձրալի է, որպես թեմա՝ ոչ: Ընդհանրապես, լրատվության սկզբունքն է՝ հետաքրքիր են այն լուրերը, որոնք մեր մասին չեն: Բայց կարող են շուռ գալ մեր դեմ: Մեր մասին լուրերը միշտ սարսափելի են, դրանք հետաքրքիր լինելու «ժամանակ» չունեն:


Իսկ ինչի՞ մասին է ընդհանրապես Հանրային հեռուստաընկերությունը: Չէ՞ որ այն հատկապես մեր մասին չէ: Իրականում հետաքրքիր շերտեր կան այն մտակերտվածքի մեջ, որն իշխանությունը դրել է «Հանրային հեռուստաընկերություն» հասկացության մեջ: Խոսքը ոչ թե դրա իրական կամ իրավական կոչման, այլ՝  դրսեւորման մասին է: Այն իսկապես մեր մասին չէ, բայց նրանց մասին է, որոնք սնվում են հարկատուի միջոցներով: Իրենք դրա անունը դրել են հաշվետվություն՝ կառավարությունը հաշվետու է այս կամ այն ծրագրի համար: Իսկ ծրագրի հասցեատերերը կառավարության կողմը չեն էլ նայում՝ թռնում են երկրից:

 

Ապրիլի 10-ի «Առաջին լրատվականի» հիմնական եւ նույն օրվա նախորդ երեք եթերները վերը շարադրվածի եւ շարադրվելիքի մանրակերտն են (ապրիլի 10-ին Բաղրամյան պողոտայում նախորդ օրվա իրիկունը տեղի ունեցած դեպքերի մասին ի՞նչ կադրեր եք ցուցադրել (առավոտյան` սոսկ Րաֆֆու «երդմնակալության» ելույթից մի կտոր), որ խոսում եք այնտեղ տեղի ունեցածից, ընդ որում` առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը: Իսկ էդ օրվա առավոտյան եթերին Բերդիմուհամեդովն էլ կնախանձեր): Եթե հետաքրքիր է Իրանի երկրաշարժը, ապա զուտ դիմադրողականության մասով՝ ինչքանո՞վ ենք մենք պատրաստ այդպիսի ավերիչ աղետի: Եթե հետաքրքիր է Արարատյան դաշտավայրի ջրի պաշարների սպառման վտանգը, ապա այնքանով, թե ե՞րբ այն զգալի կլինի գյուղացու համար: Երբ դա ասում է Հանրային հեռուստաընկերությունը, նախ տեսանելի են փողկապները, որոնք այդ մասին «խոսում» են: Գյուղացին տեսանելի կլինի, եթե ասի, որ ջրի խնդիր չկա: Կամ գրեթե չկա: Հանրայինը մեկուսացված է Հայաստանի քաղաքացու մտահոգություններից: Սա հայտնի փաստ է: Հայտնի փաստ է նաեւ, որ այդ TV-ի բյուջեն ձեւավորում է Հայաստանի քաղաքացին, սակայն գումարի տրամադրումը տնօրինում է պետական բյուջեն` կառավարության միջոցով:

           

Սակայն ահա, թե որն է խնդիրը: Ինչո՞ւ քաղաքացին չի կարողանում թելադրել իր իշխանությունը Հանրային հեռուստաընկերությանը: Մոռանանք, թե երբեւէ ունեցե՞լ ենք այնպիսի իշխանություն, որը քաղաքացին է ձեւավորել, թեպետ առանց այս հարցի բարձրաձայնման իրականում ամբողջական պատասխան չկա: Բայց մոռանանք: Ինչո՞ւ չի կարողանում: Որովհետեւ, թեպետ Հանրային հեռուստաընկերությունը պահում են քաղաքացու միջոցներով, ինքը՝ քաղաքացին, ֆիզիկապես գումար չի մուծում այդ հեռուստաընկերությանը: Որովհետեւ ոչ թե քաղաքացու գրպանից է այդ գումարը գնում Հանրայինին, այլ այն, քաղաքացուն չհասնելով, գնում է Հանրային: Այսինքն` ինքը՝ քաղաքացին, չվճարելով չի կարողանում զգալ այն պատասխանատվությունը, որը կզգար, եթե, ասենք, անձամբ մուծում աներ: Ինքն այսօր չի կարող ապավինել այն փաստին, որ պատասխանատվության զգացումը Հանրայինի գործն է, ոչ թե նրան պահողի: Եվ որ այն, ինչ անում է Հանրայինը, Աստված գիտի, թե ինչ է:

 

 Իրավիճակը շատ նման է հավատացյալ-եկեղեցի հարաբերություններին: Իշխանությունը փայ է մտնում եկեղեցու հեղինակության մեջ` իր կողմը քաշելով բարձրաշխարհիկ հոգեւորականներին: Նա ամեն ինչ տալիս է եկեղեցուն, ներառյալ` հեռուստաընկերություն՝ պայմանով, որ եկեղեցին մի քիչ հեռու մնա հավատացյալի հանդեպ կարեկցությունից: Որովհետեւ վաղն այդ հավատացյալը կիրավազրկվի, կաղքատանա, եւ եկեղեցին ստիպված պիտի լինի մի քիչ ավելացնել նրա հանդեպ հոգատարությունը: Իշխանությունը կզրկվի այդ մարդուց: Նա ամեն ինչ անում է, որ եկեղեցին ունենա գույք, տնտեսություն, փող: Բայց հեղինակությունը պետք է տա իշխանությանը, իշխանությունը պետք է տնօրինի եկեղեցու հեղինակությունը: Եկեղեցին նրա ողորմածության դաշտում է: Եկեղեցին միշտ պետք է հիշի, թե ում է պարտական իր ունեցվածքի համար:

 

Երբ Նվեր Մնացականյանը ՀԱԿ մամուլի խոսնակ  Արման Մուսինյանին իր «1-ին հարցազրույց» հաղորդման ժամանակ ասում է, թե ավագանու ձեր ցուցակը թույլ է, նրան պատասխանը հետաքրքիր չէ, թույլ է եւ վերջ: Երբ Գեւորգ Ալթունյանը «Տեսանկյուն»-ով հեգնում է ՀՀ նախագահի ընտրություններին չմասնակցած ազդեցիկ քաղաքական ուժերին, ինքնին փաստ է, որ հաշվետու չէ այդ քաղաքական ուժերին անդամակցող քաղաքացիների` Հանրայինին մուծած հարկերի համար: Հետեւաբար, Հանրայինը, մարզական լեզվով ասած, ֆուտբոլ է մի կիսադաշտում, որտեղ խաղում է միայն իշխանությունը, ինքը գրոհում է ու խփում մի դարպասին, որը պաշտպաններ չունի եւ նույնիսկ դարպասապահ չկա: Իսկ «ֆուտբոլասերներն» այդ խաղն, ի դեպ, նայում են հեռուստատեսությամբ, որն ամբողջ օրը տարբեր խաղացողներով ցուցադրում է նույն խաղը աներեւույթ հակառակորդի դեմ:

 

Սեյրան Հանոյան