Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակի» զրուցակիցն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Գագիկ Մինասյանն է։
- Արցախի վերջնական հայաթափման ու հանձնման ֆոնին Հայաստանի իշխանությունները ոչ միայն իրենց մեղքը չեն ընդունում, այլեւ էլ ավելի են ագրեսիվացել, օրինակ՝ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած վերջին ելույթները, երբ ընդդիմության հասցեին ինչ ասես ասում էր։ Իշխանությունների նման վարքագիծը մինչեւ ե՞րբ պիտի շարունակվի։
- Մինչեւ իր գոյության վերջին օրը։
- Ե՞րբ է լինելու այդ օրը։
- Այ հիմա որ խոսում ենք, դա կախված է ինձնից եւ Ձեզնից։
- Իսկ քաղաքական ուժերից ինչքանո՞վ է կախված։
- Այնքանով, որքանով հասարակական պահանջ կձեւավորվի։ Իհարկե, ժողովրդի պահանջը շատ կարեւոր է, բայց քաղաքական ուժերն իրենք եւս ձեւավորում են այդ պահանջը, որը դառնում է նաեւ ժողովրդի պահանջը։
- Սեպտեմբերի 19-ին, երբ սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, հազարավոր մարդիկ Հանրապետության հրապարակում էին, նրանք լարված էին եւ էմոցիոնալ, պատրաստ էին գործողությունների, սակայն շարժումը տեղափոխվեց այլ հուն, ձեւավորվեց Ազգային կոմիտե, որը վերջին անգամ 1 շաբաթ առաջ է հանրահավաք անցկացրել հրապարակում։ Սա չի՞ նշանակում, որ քաղաքական ուժերը չեն կարողանում հասարակական պահանջը կյանքի կոչել։
- Գիտեք՝ ես կարծում եմ, որ լավ կլինի, որ այդ հարցն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ կոմիտեի անդամներ են եղել, իրենք երեւի ավելի հստակ կարողանան պատասխանել, թե ինչու շարժումն այդ ընթացքն ունեցավ։ Ես կդժվարանամ ինքս ասել, որովհետեւ այդտեղ կան խնդիրներ, որոնցից տեղյակ են միայն այդ կազմակերպիչները։
- Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս Հայկ Մամիջանյանի, եւս ներկայացված էր այդ կոմիտեում, դա չի՞ նշանակում, որ նաեւ ՀՀԿ-ն էր կոմիտեի անդամ։
- Կոմիտեի անդամ եղել են մարդիկ։
- Որոնց հետեւում կան քաղաքական ուժեր։
- Այո, բայց մի ասեք, որ Հանրապետական կուսակցությունը եղել է կոմիտեի անդամ, այդպես չէ, ՀՀԿ ներկայացուցիչն է եղել կոմիտեի անդամ։
- Հիմա այս ձախողումը նաեւ ՀՀԿ-ի ձախողումը չէ՞։
- Վերադառնում ենք նույն կետին․ որպեսզի Դուք կարողանաք այդ հարցի պատասխանը ստանալ, թե ինչ էր դա՝ ձախողո՞ւմ, թե՞ մեկ ուրիշ բան, պետք է կոմիտեի անդամների հետ զրուցեք, համոզված եմ՝ իրենք ավելի ամբողջական պատասխան կտան։
- Լավ, անցնենք արտաքին խնդիրներին. Գրանադայում քառակողմ հանդիպում տեղի ունեցավ, որին Ալիեւը չմասնակցեց, ընդունվեց մի հայտարարություն, որի հետեւանքները դեռեւս հստակ հայտնի չեն։ Դուք այդ հայտարարության մասին ի՞նչ դիտարկումներ ունեք։
- Գիտեք՝ այն բանից հետո, երբ Արցախի ողբերգությունը տեղի ունեցավ, ակնհայտ է, որ այդ հարցն Ալիեւն այլեւս համարում է լուծված, եւ ինքն իր առաջ դրել է նոր հարցեր, որովհետեւ իր նպատակը ոչ միայն Արցախի ադրբեջանականացումն է, այլեւ Հայաստանի էրմենիստանացումը, եւ այդ ծրագրի իրականացման հերթական քայլը կլինի, երբ նրանք հանդիպեն հաջորդ անգամ եւ քննարկեն, թե էլ ինչ կարելի է Հայաստանից փոխանցել Ադրբեջանին։ Այդ տեսակետից ես կարծում եմ, որ այն մարդը, որն այսօր ղեկավարում է Հայաստանի կառավարությունը, ուղղակի սինքրոն աշխատանք է կատարում Ալիեւի հետ։
- Ալիեւը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների համար միջնորդ կարող է լինել Վրաստանը։ Ինչո՞ւ հենց Վրաստանը, Ալիեւն ինչո՞ւ է Վրաստանի հանգամանքը շեշտում։
- Ես կարծում եմ, որ ինքն ունի ակնկալիքներ, որ այն հարթակը, որը ձեւավորվել էր Արեւմուտքում, իր համար այլեւս նպատակահարմար չէ, որովհետեւ այդ հարթակում ինքը հասավ իր մաքսիմալ նպատակին եւ Ղարաբաղի հարցը լուծեց, հիմա նոր հարթակ է պետք, որը չունի հիշողություն, եւ այդ հարթակում ամեն ինչ կսկսեն զրոյական կետից, այսինքն՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ, իսկ հիմա տեսնենք, թե էլ ինչ կարելի է Հայաստանից պոկել ու տալ Ադրբեջանին։
- Հայ-ռուսական հարաբերություններն էլ են դարձել թշնամական, սա, Ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար։
- Ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները սկսել են փչանալ այս իշխանության հենց առաջին օրվանից՝ 2018 թվականից, եւ հետեւողականորեն այդ աշխատանքը կատարվում է։ Մի կողմից՝ դա նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, իսկ մյուս կողմից՝ այն, ինչ ես արդեն ասացի․ դրա առաջին փուլն արդեն ավարտվեց՝ Արցախի ադրբեջանականացումը, իսկ հիմա երկրորդն փուլն է՝ Հայաստանի էրմենիստանացումը։ Եթե իսկապես մենք մեր բնական դաշնակիցների՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնենք, ինչն արդեն ակնառու է դառնում, ապա, բնականաբար, մյուս երկու հարեւանների նպատակներն էլ ավելի կհեշտացնենք։ Հատկապես երբ Հայաստանում իշխանության են թուրք- ադրբեջանական գործակալները։