Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առհասարակ, ողջունելի է պետական կառավարման համակարգի արդյունավետության աճին ուղղված ցանկացած գործողություն. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Անդրադառնալով պետական կառավարման արդյունավետությանը` նա նշեց, որ ինչպես Կարեն Կարապետյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կառավարման արդյունավետության աճը հասկանում է ծախսերի կրճատմամբ: «Այսինքն` որքան հնարավոր է ծախսերը կրճատելով` ցույց տալ, որ արդյունավետ են գործում: Այս դեպքում ազգաբնակչության և պետության համար շատ կարևոր է արդյունքը: Ի՞նչ արդյունք են ապահովել այս և նախորդ կառավարությունները: Ենթադրենք` Կարապետյանի կառավարությունը 12 մլրդ դրամով է կրճատել ծախսերը, Նիկոլ Փաշինյանինը` 10 մլրդ դրամով: Դա նշանակում է, որ Կարապետյանի կառավարությունն ավելի արդյունավե՞տ էր գործում, իհարկե` ոչ: Պետք է նայել ստեղծած արդյունքին. այլ կերպ ասած` մեկ միավոր ծախս որ կատարում են, որքան արդյունք է ստանում պետությունը»,- ասաց Պարսյանը և հավելեց, որ, սրանով պայմանավորված, մենք պետք է փոխենք որքան հնարավոր է քիչ ծախս կատարելու` մեր մտածելակերպը:
Ըստ նրա` մեզ համար կարևոր թիրախը պետք է լինի եկամուտ կամ արդյունք ստանալը, ստեղծելը:
Ինչ վերաբերում է բոլոր ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը փակելուն, տնտեսագետը նշեց, որ մեկ որոշմամբ դրանք փակելը, առանց գնահատելու առանձին ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի արդյունավետությունը, ճիշտ չէ: «Պետք է տարբերակված մոտեցում ունենանք` ելնելով տվյալ ՊՈԱԿ-ի, ԾԻԳ-ի գործունեությունից և նրանից, թե ինչ նպատակ են դրանք հետապնդում: Նշեմ, որ մի շարք ԾԻԳ-եր ստեղծվել են միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի արդյունքում, ինչը ևս չի կարող անտեսվել»,- նշեց Պարսյանը:
Նա հիշեցրեց, որ երբ կուտակային համակարգի ներդրման մասին էր խոսք գնում, նշում էին, թե միջազգային կազմակերպությունները պարտադրում են պարտադիր կուտակային համակարգը պահել, հակառակ դեպքում` լուրջ խնդիրներ չունենանք, բայց այս պարագայում, չգիտես` ինչու, միջազգային կազմակերպությունների բարձր հեղինակությունը և նրանց խոսքը երկրորդական պլան են մղվում:
Պարսյանի խոսքով` առ այսօր չկա տեղեկատվություն, թե որքան կրճատվող աշխատատեղերի մասին է խոսքը: «Գուցե նաև հասկանալի պատճառներով չեն ցանկանում, որ որոշակի դժգոհություն չառաջանա: Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի, և պետական աշխատողը պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականություններն այս մասով: Նրան պետք է համապատասխան ժամկետներում ծանուցել իր լիազորությունների և իրավունքների մասին, հակառակ դեպքում` մենք կոտնահարենք պետական աշխատողների իրավունքները»,- ընդգծեց տնտեսագետը:
Նրա խոսքով` վերջերս շրջանառվող միֆ կա: «Նշվում է, թե պետական համակարգում վերջին ամիսների ընթացքում աշխատավարձերը բարձրանում են: Պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին ամիսներին պետական համակարգում աշխատավարձերը նվազում են: Վերջին ամիսների ընթացքում միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը նվազել է՝ կազմելով 1,6 տոկոս: Պետական համակարգի աշխատողների միջին անվանական աշխատավարձը, հոկտեմբերը` սեպտեմբերի համեմատ, կրճատվել է մոտ 1000 դրամով: Միաժամանակ նշեմ, որ գնաճն այս տարվա 10 ամիսների կտրվածքով կազմում է 2.7%: Այսինքն` մի կողմից ունենք գնաճ, մյուս կողմից` պետական համակարգի աշխատողերի աշխատավարձի նվազում: Հետաևաբար, նրանց սոցիալական վիճակն ավելի է վատացել»,- շեշտեց տնտեսագետը:
Ըստ Պարսյանի` կարևոր խնդիր է այն, որ օպտիմալացման ծրագրերի մեջ գոյություն չունի սոցիալական բաժին, որը համաշխարհային պրակտիկայում ընդունված երևույթ է: «Սոցիալական բաժնի առկայությամբ օպտիմալացման դեպքում նշվում են աշխատողներին այլ աշխատանքով ապահովման հնարավորությունները կամ այդ աշխատողների վերապատրաստման ծրագրերը, կամ, օրինակ, պետական հատուկ աջակցությունը` միանվագ որևիցե գումար, որ այդ ընտանիքը, նախքան այլ աշխատանք գտնելը, ստանա, ինչ-որ շրջան գոյատևի: Այդ բաժինը մեր օպտիմալացման ծրագերի մեջ բացակայում է, ինչը սոցիալական խնդիրներն ավելի կսրի: Հայաստանը` որպես սոցիալական պետություն, պետք է այս երևույթը կարևորի: Ծրագիրը չի կարող չունենալ սոցիալական երաշխիքների բաժին»,- ասաց նա:
Տնտեսագետը հավելեց, որ կառավարության ներկայացուցիչների կողմից խոսվում է մինչև 100 հազար աշխատատեղերի կրճատման մասին պետական սեկտորում, այն դեպքում, երբ նույնիսկ մի քանի տասնյակ աշխատատեղ չի ստեղծվել այս պահի դրությամբ:
Հատկանշական մի հանգամանք ևս` պետական համակարգի օպտիմալացումից են խոսում մարդիկ, որոնք գեթ մեկ օր չեն աշխատել որպես շարքային պետական աշխատող՝ չհասկանալով և չգնահատելով պետական ծառայության ողջ էությունը:
«Մենք ունենք կարևոր խնդիր` աշխատատեղերի ստեղծումը, և այս մասով ունենք հստակ ծրագրերի անհրաժեշտություն, որը կառավարությունը պետք է ներկայացնի որպես այլընտրանք օպտիմալացման ծրագրին»,- հայտարարեց տնտեսագետը:
Բացի այդ` Պարսյանը համարում է, որ պետական պաշտոնյաների կրճատումը պետք է սկսել նախարարությունների, նաև փոխնախարարների թվից: «Նրանց թիվն առ այսօր նույնն է, նախարարությունները 4-5 փոխնախարար ունեն: Մենք պետք է սկսենք նախարարություններից ու փոխնախարարներից»,- եզրափակեց տնտեսագետը:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝ Շենգավիթ, Մանանդյան 20, զանգահարեք` 010 42 67 41, 096 99 66 04 հեռախոսահամարներով: ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ` գրասենյակի բոլոր ծառայություններն անվճար են: