կարևոր
17995 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-04 12:14
Տարածաշրջան Քաղաքական

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման 

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման 

Իրանը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի սահման դիտորդներ ուղարկել։ Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Բաղերին նշել է, որ  ոչ մի երկրի պաշտպանական հզորության եւ ռազմական կարողությունների կատարելագործումը չպետք է ուղեկցվի ագրեսիվ նպատակներով ու մտադրություններով։ 

Ընդգծելով, որ իրադարձությունները Հարավային Կովկասում ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա՝ Իրանցի գեներալը հայտարարել է, որ լարվածության պահպանումը չի համապատասխանում Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս երկրների շահերին։ Նա հավելել է, որ պետք է ջանքերը ուղղել հակամարտության կարգավորմանը, իսկ Իրանը պատրաստ է օգնել հարթելու լարվածությունը:

«Խաղաղությունն ու հանդարտությունը բխում է բոլոր երկրների շահերից, իսկ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ Իսկ արտատարածաշրջանային ուժերի առկայությունը հակասում է տարածաշրջանի խաղաղությանը» ,-ասել է Բաղերին։ Անդրադառնալով հայ-ամերիկյան վերջին զորավարժություններին՝ իրանցի գեներալն ասել է, որ  արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անկայունություն կհրահրի։

Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը մեկ անգամ եւս առաջարկել է «3+3» հարթակը։ Իրանը համոզված է, որ դա արդյունավետ ձեւաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար եւ որում պետք է ընդգրկված լինեն Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ու նրանց երեք հարեւանները՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։