կարևոր
4885 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-07 13:44
Քաղաքական

Իրանը պատրաստ է Հայաստանի սահմանին տեղակայել և՛ դիտորդներ, և՛ խաղաղապահներ. ԻԻՀ նախկին պատգամավոր

Իրանում սոցիալական ալիքի վրա բարձրացել են հակապետական ուժեր և անջատողական շարժման այլևայլ հոսանքներ՝ ինչը հղի է լուրջ հետևանքներով եւ կարող է բացասաբար ազդել տարածաշրջանի ժողովուրդների վրա: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Իրանի խորհրդարանում հայազգի նախկին պատգամավոր, պ.գ.թ. Կարեն Խանլարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Իրանում ծագած բողոքի ակցիաներին և դրա ազդեցությանը Հարավային Կովկասի վրա:

«Այս խնդրում ներգրավված են նաև դրսի ուժեր՝ խոսքը հետագա միջամտությունների՝ բուն բողոքը աղավաղելու և այլ ուղղությամբ ուղղորդելու մասին է: Այստեղ ակնհայտ երևում է և՛ արևմտյան երկրների, և՛ Իսրայելի, Թուրքիայի ու Ադրբեջանի դերակատարությունը: Անջատողականները իրականում սեպարատ, փոքր խմբեր են, սակայն դրաց հնչեղությունը հովանավորվում է Թուրքիայի կողմից: Քաղաքականության մեջ սա պատահականության արդյունք չէ, և, գուցե պայմանավորված է Հարավային Կովկասում «կարմիր գծերի» վերաբերյալ Իրանի հայտարարությունների հետ»,-նշել է Կ. Խանլարյանը:

Գործչի դիտարկմամբ՝ Իսրայելի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և Թուրքիայի պատասխանատու ռազմաքաղաքական դեմքերի այցելությունները Ադրբեջան պատահական չէին, և զուգորդեցին Բաքվում հակաիրանական ցույցերին, որոնք ուղղված էին աշխարհաքաղաքական առումով ոչ մի փոփոխություն չհանդուրժող Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարության դեմ:

Նախկին պատգամավորը նկատեց, որ Հայաստանի մասով՝ Իրանի հայտարարած դիրքորոշումների մեջ մի քանի ենթատեքստ կա: Առաջինը վերաբերում է Իրան-Հայաստան վաղեմի ճանապարհին, որը 2020 թվականից ի վեր վտանգված է: Մյուս խնդիրը «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, որը Թուրքիայի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի տարածքները կընդլայնի մինչև Կասպից ծով և կմեծացնի դրանց ազդեցության գոտին:
«Որպես սրան հակակշիռ՝ Իրանը կարող է ակտիվ ակտիվ դերակատարություն ունենալ բանակցային, կամ խաղաղության հաստատման գործընթացում: Իրանը պատրաստ է խաղաղապահ կամ դիտորդական առաքելության ձևաչափով ռազմավարություն մշակել: Իրանը պատրաստ է այս բոլոր զսպող մեխանիզմները կիրառել՝ Ադրբեջանական նոր ագրեսիայի և աշխարհաքաղաքական փոփոխության դեմ: Այս դիրքորոշումը ամրագրվել է Իրանի հոգևոր առաջնորդի կողմից»,- ամփոփեց Կ. Խանլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։