Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Լեռնային Ղարաբաղում միջազգային երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման թեմաներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պատելը շեշտել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է։
«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և, իհարկե, երկրում օրենսդրական գործընթացների մեկնաբանումը կթողնենք Հայաստանի կառավարությանը։ Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանին միանալու՝ յուրաքանչյուր երկրի իրավունքը և ոգեշնչվել ենք այն բանից, որ բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, պարտավորություններ են ստանձնել՝ խթանելու արդարությունը, պատասխանատվության ենթարկումը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար», - նշել է պաշտոնյան։
Պատելը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության։
Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է կողմ լինել Լեռնային Ղարաբաղ ավելի երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելուն։
«Եվ դուք նաև տեսել եք, որ մենք այս վերջին շաբաթվա ընթացքում և դրանից առաջ, կրկնում ենք մեր կոչը՝ Լեռնային Ղարաբաղում ունենալու ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն, որը կապահովի թափանցիկություն և հավաստիք, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը պաշտպանված լինեն, հատկապես նրանց համար, ովքեր, գուցե, ցանկանան վերադառնալ, և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության առումով, ինչը, իհարկե, համահունչ է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրանց միջազգային պարտավորություններին», - ասել է Վեդանտ Պատելը։
Պատասխանելով ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այցին և նրանց տված եզրակացությանն այն մասին, թե իրենք չեն տեսել քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ մշակութային օբյեկտներին հասցված վնասներ, Պատելը նշել է հետևյալը․«Մենք, անշուշտ, գնահատում ենք ՄԱԿ-ի խոսնակի այդ մեկնաբանությունները, սակայն դա չի փոխում այս առնչությամբ Միացյալ Նահանգների տեսակետը․․․ Մենք շարունակում ենք հավատալ, ՄԱԿ-ի այցի լույսի ներքո, որ ուժեղ ցանկություն և անհրաժեշտություն կա Լեռնային Ղարաբաղ ավելի երկարաժամկետ, անկախ և միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու»։