|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
ԱՄՆ-ն կարևոր է համարում միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և բավական լուրջ է տրամադրված այդ առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք բավականին լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնությանը, տարածաշրջանում հումանիտար կարիքների վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով, որ պետքարտուղարն այդ հարցը բարձրացրել է նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում, պնդել է, որ նա աջակցի միջազգային առաքելությանը։ Դուք, գուցե, տեսել եք, որ երեկ (խմբ.՝ սեպտեմբերի 27-ին) Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ իրենք իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը, և, ըստ էության, նրանց հայտարարության մեջ ասվում էր, որ դրա աջակցության պատճառներից մեկն այն է, որ իրենց դրան դրդում է ԱՄՆ-ն», - հայտնել է Միլլերը։
Պաշտոնյան նաև կրկնել է, որ Վաշինգտոնն աշխատում է իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ որոշելու դա իրականացնելու լավագույն մեխանիզմը։
«Կարծում ենք, որ կարևոր է թափանցիկություն ապահովել և երաշխավորել, որ տեղում հումանիտար կարիքները բավարարվեն», - նշել է նա։
Պետքարտուղարության խոսնակը մանրամասներ չի հայտնել, թե որ երկրների հետ է ԱՄՆ-ն պատրաստվում աշխատել այդ հարցում, քանի որ այդ առաքելության մեկնարկի ժամկետները, մասնակիցների կազմը, գործունեության շրջանակը դեռ քննարկման փուլում են։ Նա միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ այդ ամենի շուրջ այժմ աշխատանք է տարվում։