Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
Այսօր Aravot.am-ը գրել էր, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու Oragir.news-ին տված Սրբազանի հարցազրույցի վերնագիրը, որում ասված է. «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»: Պաշտոնյան իր գրառման մեջ նշել էր ՀՀ ներքին գործերի նախարարությանն (ՆԳՆ) ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)։
Ըստ կայքի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ համացանցում մշտադիտարկում անցկացնելիս՝ օգտատիրոջ այս գրառումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: Ոստիկանության կազմած արձանագրության մեջ գրված է հետևյալը․ «Facebook սոցիալական ցանցի օգտատեր Էդգար Արմենի Առաքելյանը, նշելով ՀՀ ՆԳՆ և ՀՀ ԱԱԾ պաշտոնական էջերը, հրապարակել է լուսանկար, որում պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան. Աջապահյան վերտառությամբ: Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար»:
Շիրակի թեմի առաջնորդը, ի պատասխան 168.am-ի հարցի՝ արդյո՞ք Քննչական կոմիտեից որևէ ծանուցում ստացել է, նամակ կամ հեռախոսազանգ եղել է, ասաց՝ ո՛չ նամակ է ստացել, ո՛չ զանգ:
Քննչական կոմիտեից մեզ ասացին, որ Միքայել Սրբազանի հետ կապված վարույթ իրենց մոտ առկա չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում, պատասխանելով Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե չի՞ վախենում արդյոք, որ համարձակ հայտարարություններ է անում, Միքայել Սրբազանը պատասխանել էր՝ այսքանից հետո վախենալն անիմաստ չէ՞․․․
«Էլ ինչի՞ց վախենամ։ Այս ամբողջ ողբերգության ֆոնին ես իմ կյանքն ու ազատությունն այդքան թանկ չեմ գնահատում։ Ես թե՛ 44-օրյա պատերազմից հետո, թե՛ հետագայում ասել եմ, որ այս երկրի տեսական միակ փրկությունը ռազմական հեղաշրջումն է… Որևէ մեկը ինձ չի կարող մեղադրել, որ ես հակասահմանադրական կոչ եմ անում․ ես ռազմական հեղաշրջման անհրաժեշտությունը տեսել եմ 44-օրյա պատերազմի ժամանակ, դրանից հետո, տեսնում եմ նույնիսկ այսօր»,- ասել էր Սրբազանը: