Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցությունը նախատեսում է լյուստրացիա անցկացնել Երեւանի ընտրություններին մասնակցող ուժերի շրջանում: Պատրաստվում են կոչ անել, որ հրապարակային հայտարարեն, թե բացառում են ՔՊ-ի հետ հետընտրական համագործակցությունը: Ավելի կոնկրետ՝ ավագանու կազմից քաղաքապետի ընտրության ժամանակ բացառում են ՔՊ-ի թեկնածուին ընտրելը։
Տեւական ժամանակ է՝ «Ապրելու երկիրը» հանդիպում-քննարկումների մեջ է մյուս ուժերի հետ, որ Հռչակագիր ստորագրեն, որտեղ կամրագրեն, որ պատրաստ են պայքարել ՔՊ-ի դեմ, սակայն դա չի հաջողվում` մասնակցող ուժերը հրաժարվում են նման փաստաթուղթ ստորագրելուց: Հիմա «Ապրելու երկիրը» մտադիր է հրապարակային «դրդել», որ արտահայտվեն եւ բացահայտեն իրենց դիրքորոշումը, որպեսզի հանրությանը պարզ դառնա, թե որ ուժն է կեղծ ընդդիմադիր ՔՊ-ին, որը` իրական։
ԱԵ համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը չցանկացավ գաղտնազերծել, թե որ ուժերի հետ են հանդիպել, եւ ինչու հուշագիրը գլուխ չի գալիս: Նա ասաց, թե հուշագիրն այնքան էլ կարեւոր չէ, մասնակից ուժերը կարող են հայտարարությամբ հանդես գալ․ «Այո, մի քանիսի հետ հանդիպումներ ունեցել ենք, որոնք շարունակվում են, բայց քանի դեռ չկա վերջնական պատկեր, կգերադասեմ չխոսել»: Առաքելյանը նաեւ շեշտեց․ «Էական չէ հուշագրի առկայությունը, էական է բովանդակությունը, որ բացառում են ՔՊ-ի հետ որեւէ համագործակցություն։ Այդ դիրքորոշումը մեզ չէ պետք, այլ՝ հանրությանը։
Ի վերջո, հանրությունը պետք է իմանա, թե որ ուժերն են գնում ՔՊ-ին իշխանազրկելու Երեւանում, որոնք՝ ոչ, եւ կատարի ընտրություն։ Հետեւաբար, դա կլինի փաստաթղթի տեսքով, թե հայտարարության՝ դա պետք է տեղի ունենա»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում