կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 12:26
Քաղաքական

Այս մասնավորեցման ծրագիրը 90-ականների վայրի ու հապշտապ սեփականաշնորհումը չէ. Վահրամ Բաղդասարյան

Այս մասնավորեցման ծրագիրը 90-ականների վայրի ու հապշտապ սեփականաշնորհումը չէ. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ն կողմ կքվեարկի «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկմանը. ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վահրամ Բաղդասրյանը: Ըստ նրա` այս մասնավորեցման ծրագիրը 90-ականների վայրի և հապշտապ սեփականաշնորհումը չէ, երբ պետությունն ի վիճակի չէր ղեկավարել այդ ձեռնարկությունները ու վաճառքի հանեց Խորհրդային միությունից ժառանգածը, և ծանր հետևանքների ականատես եղանք:

«Այս սկզբունքն այլևս հնարավոր չէ, որ աշխատի: Սեփականաշնորհել` չի նշանակում, որ  պետությունը ձեռքերը լվանում է, առավել ևս` այն ձեռնարկությունների դեպքում, որոնք ունեն կարևոր նշանակություն»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը հարցրեց, թե այսօր պետությունն ի վիճակի՞ է առողջապահական համակարգի հիվանդանոցներն իր ներդրումային ցանցով հասցնել եվրոպական ստանդարտների, և պատասխանեց՝ իհարկե, չի կարող: Ըստ նրա` հենց մասնավոր ներդրումներով են ձգտում հասնել անհրաժեշտ արդիականացման:

Պատգամավորը նշեց, որ հնարավոր չէ` սեփականաշնորհեն պատահական մարդկանց, ովքեր կիրառեն սեփականաշնորհածը ոչ նպատակային: «Ինձ թվում է` այստեղ կան որոշակի խնդիրներ, բայց, լսումների միջոցով լինի, թե` ինչ միջոցով, ուշադրության տակ ենք պահելու այդ օբյեկտները»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե անընդհատ հարցնում են` ով է ավելի լավ կառավարիչ՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավորը: «Ինձ թվում է շուկայական տնտեսության պարագայում առավելությունը մասնավորինն է»,- ասաց նա և հիշեցրեց, որ եթե անկախության տարիներից շուկայական տնտեսության ենք գնում, ուրեմն պետք է հետևողական լինենք այդ քաղաքականությանը:

«Կրկնում եմ` մեկ անգամ հապշտապ ու վայրի սեփականաշնորհում եղել է, դա մեզ դաս է եղել, և այդ ամենից դասերը պետք է քաղենք»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ներդրումների ծրագիր չկա, և այդ դեպքում էլ ընդդիմությունը կասեր, թե` արդեն գիտեք` ում եք վաճառում: Ըստ նրա` հստակեցումից հետո արդեն կլինեն նաև ներդրողներ: «Կոչ եմ անում իմ գործընկներին` տալ հնարավորություն կառավարությանը, որպեսզի այս պրոցեսում իրականացնեն ծրագրային դրույթները: Չհավատալու որևէ հիմք չունենք և կողմ ենք քվեարկելու»,- եզրափակեց Բաղդասարյանը: