Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իհարկե, վատ է, որ քաղաքացի Վահան Մարտիրոսյանը կնոջ եւ երեխայի հետ անցել է Ադրբեջան, այդ երկրից քաղաքական ապաստան խնդրել, եւ հիմա, ըստ դեմքի արտահայտության, նավթային հանք ունեցողի պես ապրում է: Բայց այս պատմության մեջ երկու այլ կողմեր կան` լավ եւ վատ:
Սկսենք վատից: Մեր երկրում, մեր կողքին ապրել է մեկը, ով հոգեբուժարանում ճանաչված է որպես հիստերիկ, ով ամեն կերպ եւ ամեն գնով ցանկանում է հանրահայտ դառնալ, ով բեմադրում է, թե իրեն ու իր ընտանիքին ծեծել են, եւ ամենակարեւորը, ով բացում է «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնություն եւ այն գրանցում մեր արդարադատության նախարարությունում: Թե ի՞նչ է նշանակում ազատագրման շարժման ներազգայինը, մենք գիտենք, անշուշտ, ուղղակի չգիտենք, թե ինչո՞ւ այդ մասին ոչինչ չգիտի մեր արդարադատության նախարարությունը: Եթե իմանար, իհարկե, թույլ չէր տա այս նախաձեռնության գրանցումը:
Հիմա` լավի մասին: Այս քաղաքացին, նույն ինքը` Վ. Մ.-ն, օրերից մի օր որոշում է լքել Հայաստանը եւ անցնել Ադրբեջան /օրհնվի այդ սհաթը/, եւ անցնում է, ավելին` նա քաղաքական ապաստան է խնդրում այդ երկրից, եւ տալիս են /կրկնակի օրհնվի այդ սհաթը/: Սա նշանակում է, որ քաղաքացի Վ.Մ-ն այլեւս մեր կողքին չի ապրում, մեր քաղաքացին չէ, եւ ներազգային ազատագրման ականատեսը չենք լինելու:
Հիմա հարց` էլ ի՞նչ ենք ուզում, լավ չէ՞, որ Վ.Մ-ն Ադրբեջանում է, բա էլ որտե՞ղ պետք է լինի մեկը, ով Հայաստանում ներազգային ազատագրման շարժում է ստեղծում…
Հիմա այս պատմության հետ ոչ մի` գրեթե ոչ մի կապ չունեցող մի բան: ՖԻՖԱ-ն` Ֆուտբային ասոցիացիների համաշխարհային միությունը, մի որոշում կայացրեց վերջերս` բոլոր այն դեպքերում, երբ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ խաղադաշտ է նետվում երկրպագուներից մեկը, եւ խաղը դրա պատճառով դադարեցվում է, հեռուստատեսախցիկներին արգելվում է այդ երկրպագուին ցույց տալ դաշտում վազելիս: Ինչո՞ւ, որովհետեւ պարզվել է` երկրպագուներն այսպես են վարվում, քանի որ ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել:
Այնպես որ` կարելի է ՖԻՖԱ-ից նման բան ընդօրինակել, ոչ թե` կոռուպցիա: Ես, օրինակ, քաղաքացի Վ.Մ-ի մասին գրում եմ վերջին անգամ` առաջին եւ վերջին անգամ:
Հովիկ Աֆյան