կարևոր
2197 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-21 13:46
Քաղաքական

Ադրբեջանը սկսել է օկուպացված Շուշիի եկեղեցիների ուղղափառացման գործընթաց, որը նորություն է

Ադրբեջանը սկսել է օկուպացված Շուշիի եկեղեցիների ուղղափառացման գործընթաց, որը նորություն է

Արցախի Հանրապետությունը շարունակում է մնալ ադրբեջանական շրջափակման մեջ։ Արդեն 8 ամիս է՝ Արցախը կտրված է արտաքին աշխարհից, փակ է նրա կյանքի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, ինչի արդյունքում 120 հազար արցախահայեր կանգնած են ցեղասպանվելու շեմին։

Այս պայմաններում Արցախում գրեթե բոլոր ոլորտներում իրավիճակն աստիճանաբար վատթարանում է։ Զբոսաշրջության ոլորտը ևս գտնվում է պարալիզացված վիճակում. եթե 2020 թվականի աղետալի պատերազմից հետո այդ ոլորտն աստիճանաբար փորձում էր վերականգնվել, ապա շրջափակման պայմաններում այդ ամենը դարձել է անհնարին։

168.am-ի հետ զրույցում խոսելով շրջափակման հետևանքով զբոսաշրջության ոլորտում առաջացած խնդիրների մասին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնեց՝ դեռևս կրած վնասների վերաբերյալ հաշվարկներ չեն արել, սակայն դրանք մեծ են։

«Բնականաբար, պաշարման ժամանակ հիմնականում ներքին տուրիզմը պետք է զարգանար, և նախարարության կողմից ամեն տարի իրականացվում էր «Տուրիզմ-բաս» ծրագիրը, որը շատը քիչ վճարի դիմաց մարդկանց տարբեր ուղղություններով զբոսաշրջային երթուղիներ էր տրամադրում։ Մարդիկ մեծ սիրով ու հետաքրքրությամբ օգտվում էին այդ երթուղիներից։ Այս տարի այս աշխատանքներն արդեն 100 տոկոսով իրականացվում էին, օրինակ, նախորդ տարի, երբ չկար բլոկադա, այդ ծրագիրն իր տոմսերի վաճառքը կատարել է 80 տոկոսով, իսկ այս տարի՝ 100 տոկոս, ցավոք, մենք կարողացանք մինչև հունիսի վերջ այդ ամենը շարունակել։

Հիմա արդեն գնված տոմսերը հետ ենք վերցնում, քանի որ վառելիքի պատճառով մրցույթը շահած ընկերությունը չի կարողանում համապատասխան այդ երթուղիները սպասարկել։ Մեծ վնաս է հասցված նաև ներքին տուրիզմին, որը շատ մեծ խնդիր է»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ շրջափակման պատճառով Արցախում վառելիքի խիստ պակասը կա, ինչի հետևանքով էլ այս պահին բոլոր ծրագրերը գրեթե սառեցված են։

«Ի ուրախություն բոլորիս պիտի ասեմ, որ դեռևս որոշակիորեն շարունակվում են Ամարասի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները, սակայն, եթե այսպես շարունակվի, այդ աշխատանքներն էլ կդադարեցվեն։ Ցավոք, հուլիսի սկզբներին վանական համալիրներից մեկի շինաշխատանքները դադարեցվեցին, քանի որ մարդիկ արդեն վառելիքի բացակայության պատճառով չեն կարողանում վերանորոգման աշխատանքները շարունակել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից օկուպացված Ղազանչեցոց եկեղեցու ոչնչացմանը, որն Ադրբեջանն իրականացնում է «վերանորոգման» անվան տակ, Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ եկեղեցու խեղաթյուրման աշխատանքներն Ադրբեջանի կողմից սկսվել են դեռևս 2021 թվականից, և, ցավոք, հայկական կողմը որևէ տեղեկատվություն չունի, միակ տեղեկատվության աղբյուրը սոցիալական ցանցերն են և Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութերը։

«Ադրբեջանը սկսել է օկուպացված Շուշիի եկեղեցիների ուղղափառացման գործընթաց, որը նորություն է, քանի որ օկուպացված մյուս եկեղեցիները հայտարարում է աղվանական։ Ուղղափառացման այդ գործընթացի համատեքստում ինչ-որ աշխատանքներ կատարելով՝ պղծում են մեր եկեղեցու նախկին տեսքն ու վերացնում հայկականությունը»,- շեշտեց նա։

Լեռնիկ Հովհաննիսյանը վստահ է, որ Արցախն ապաշրջափակելուց հետո զբոսաշրջիկների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ մեծանալու է, մնում է միայն ժամ առաջ հասնել այդ ապաշրջափակմանը և դրանից հետո մտածել ոլորտը զարգացնելու մասին։

«Ծրագրեր կային Հայաստանի տարբեր զբոսաշրջային ընկերությունների հետ, բայց, ցավոք, դրանք հիմա սառեցված են։ Տա Աստված, շրջափակումը վերացվի, ու մենք սկսենք մեր բնականոն աշխատանքը»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։