կարևոր
26323 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-08 15:30
Տարածաշրջան

Այնթափի Սուրբ Աստվածածինը որպես տաճար, բանտ և մզկիթ

Այնթափի Սուրբ Աստվածածինը որպես տաճար, բանտ և մզկիթ

Անցյալ ամիս Թամար Գյուրջյանը Բեռլինի տեխնիկական համալսարանում հաջողությամբ պաշտպանեց «Սուրբ Աստվածածին եկեղեցու/Քուրթուլուշ մզկիթի հարմարվողական վերաօգտագործման ուսումնասիրություն» վերնագրով թեզը: Այս թեզով Գյուրջյանը համապարփակ ուսումնասիրություն է իրականացրել Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերափոխման վերաբերյալ։ ՛՛Parrhesia Kolektifi՛՛-ը հարցազրույց է իրականացրել Թամար Գյուրջյանի հետ նրա թեզի վերաբերյալ։

Նախ շնորհավորում եմ։ Սկսենք այս հարցից. ինչպե՞ս որոշեցիք ուսումնասիրություն իրականացնել Այնթափի եկեղեցու մասին:

Այնթափի և եկեղեցու հետ առաջին հանդիպումս տեղի ունեցավ նախագծային շրջայցի ժամանակ, որը  կատարեցինք ՛՛ITU Taşkışla՛՛-ում՝ իմ բակալավրիատի առաջին տարում: Այնթափ մեր այցի ընթացքում տեսարժան վայրերի ցուցակ տվեցին մեզ: Այդ ընթացքում ակնկալվում էր, որ մենք այցելենք թվարկված շենքերը և ինքներս զգանք քաղաքը: Ճանապարհորդելիս հիշեցի  հորեղբորս խոսքը՝ «Հայոց թաղամասը անպայման կտեսնես»։

Հիշում եմ, որ ուղևորության ընթացքում սիրելի ուսուցիչներիցս մեկը՝ Իփեք Յուրեքլին, եկավ ինձ մոտ և ասաց, թե ինչպես են ժամանակին այստեղ հայեր ապրել։ Դրանից բացի, ցավոք, չլսեցի կամ չիմացա, որ այդ ուղեւորության ընթացքում խոսվի կամ պատմվի այս տեղի հայերի պատմությունից։ Ուղեւորության վերջին օրը ցուցակի Քուրթուլուշ մզկիթն էլ ցանկացա տեսնել։ Արհեստավորներից հասցե հարցնելիս նրանք ինձ ասացին, որ այն ժամանակին բանտ է եղել։ Շենքին դիմում էին որպես բանտ, ոչ թե մզկիթ։ Քայլեցի շենքի գտնված վայրը՝ չիմանալով ինչ է ինձ սպասվում։ Այդ հոյակերտ շենքը տեսած-չտեսած, հասկացա, որ այն ժամանակին հայկական եկեղեցի է եղել։ Ուզում էի ներս մտնել, սակայն թույլ չտվեցին, քանի որ այն բացվում է միայն նամազի ժամին։ Ասացին սպասեմ նամազի ժամին: Աղոթքի ժամին ինձ սպասվում էր ժամանակին մկրտարան եղած կանանց սրահ գնալն ու աղոթելը։ Այն ժամանակ ազանի ձայնի տակ կանգնած էի դատարկ բակում․․․

Հետո սկսեցի շրջել շենքի շուրջը փռված հին հայկական թաղամասով։ Կարիք չունեի, որ որևէ մեկն ինձ ինչ-որ բան ասի։ Դառը զգացողությամբ բացահայտեցի ժամանակին  հայերի ապրած թաղամասը և Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Տարիներ անց, երբ ես մագիստրատուրա էի անցնում Բեռլինի տեխնիկական համալսարանում, տպավորված պրոֆ. Հերման Շլիմով՝ ուզում էի նրա աջակցությամբ ուսումնասիրություն կատարել պատմական շենքերի վերաբերյալ: Մինչ այդ ուշադրությունս միշտ ապագայի վրա էր սևեռված: Հերման Շլիմը մեթոդները դուռ բացեցին ինձ համար: Դրանից զատ, մի ամառ Ստամբուլ այցելելիս Անի Փայլանը ցույց տվեց Հրանտ Դինք հիմնադրամի աշխատանքները, և ես մտածեցի՝ եթե տիպաբանություն եմ սովորում, ինչո՞ւ չուսումնասիրել Անատոլիայի կառույցները։ Մտքովս անցած առաջին շենքը Այնթափի Սուրբ Աստվածածինն է՝ իր ճարտարապետությամբ, վեհությամբ և պատմությամբ: Սկսեցի այն հարցով, թե ինչու, ուրիշ մզկիթների նման, այս շենք կարող եմ մտնել միայն նամազի ժամանակ: Կարելի է ասել, որ այն չստացված փորձը, որն ունեցա, մոտիվացիա էր, որ ընտրեմ այս կառույցը և աշխատեմ դրա վրա։

Ձեր թեզն ունի չորս հիմնական հատված՝ Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման պատմական նախադրյալները, տաճարի կառուցումը և դրա օգտագործումը մինչև 1922 թ, այն երկար շրջանը, երբ եկեղեցին օգտագործվել է որպես բանտ և վերջին շրջանը, երբ օգտագործվել է որպես մզկիթ։ Ձեր թեզը կարդալու հնարավորություն չունեցողների համար ինչպե՞ս կամփոփեք յուրաքանչյուր մասը։

Իմ թեզում հարցադրման եմ ենթարկում այսօր որպես Քուրթուլուշ մզկիթ կամ բանտ հայտնի Սուրբ Աստվածազին եկեղեցու հարմարվողական վերօգտագործումը: Հարցադրումն այն է, թե ինչ է նշանակում շենքի վերափոխման գործողությունը, երբ երկու մշակույթներ հատվում են պատմական վայրում: Այդ հարցը բարձրացնելիս հետազոտում եմ շենքի վերափոխման պատմությունը՝ հետևելով այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ինչպես է տարածքային համատեքստն ազդում շենքի սեփականության վրա տարբեր խմբերի կողմից, ինչպես է եկեղեցին վերաօգտագործվում և ինտեգրվում առօրյա կյանքում իր սկզբնական գործառույթը կորցնելուց հետո, և ինչ է նշանակում շենքի վերափոխումը մարդկանց համար։

Առաջին մասում 1863 թ․ Ազգային սահմանադրությունից մինչև 1922 թ․ ընկած պատմական գործընթացի ազդեցությամբ գնահատել եմ շենքը և դրա միջավայրը տարածքային հարաբերությունների շրջանակներում։ Այս բաժնում լույս եմ սփռել նոր եկեղեցու կառուցմանը նախորդած ժամանակաշրջանի վրա։ Քանզի իմ մտահոգությունն այն էր, որ նախ պատմական իրադրությամբ, ապա՝ շենքի տիպաբանությամբ իմանայի, թե ինչու է եկեղեցու տնօրինությունն այն ժամանակ միջոց չունենալով՝ 1,5 անգամ մեծացնում շենքի հիմնման նախագիծը։ Այս բաժնում նաև նկարագրել եմ եկեղեցին՝ իր շրջակա դպրոցներով և հարաբերությունների ցանցով: Հաջորդ բաժիններում խոսում եմ այն մասին, թե ինչպես է եկեղեցին, իր գործառույթը կորցնելով, տարբեր խմբերի կողմից որպես բանտ և մզկիթ փարձառել և տիրապետվել։

Ամենակարևորը, որ լույս է սփռում առաջին գլխի վրա, Այնթափի հայկական առաջնորդության և Պոլսո պատրիարքարանի միջև գրագրությունն էր։ Այսօր Փարիզի Նուբար գրադարանում գտնվող ձեռագրերի շնորհիվ հասա նոր եկեղեցու նախաշինարարական շրջանի մասին կարևոր բացահայտումների: Այդ ձեռագրերը ցույց էին տալիս, որ Թանզիմաթի շրջանը բնավ էլ հեշտ չի եղել Այնթափի և նրա ծայրամասերի հայ ժողովրդի համար։ Մինչ Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը եղել է 5 ավանդատներով և գմբեթով մեկ եկեղեցի։ Այն ժամանակ եկեղեցու ղեկավարությունը ֆինանսական և վարչական խնդիրների առաջ էր կանգնել։ 1865 թ․ մի ձեռագրում նաև տեսնում ենք Սուրբ Աստվածածնի կառուցումից առաջ հին եկեղեցու ունեցած խնդիրները։ Օրինակ՝ գալիս է մեկը, ով հայտնի է որպես մահմեդական, եկեղեցու բյուջեով ստիպում է եկեղեցուն կից բանուկ փողոցում պատ կառուցել ու ձեռք մեկնում այնտեղ ապրող հայերի տներին։

Մեկ այլ փաստաթուղթ լույս է սփռել Քիլիսում մեկ այլ եկեղեցու կառուցման և վարչակազմի խնդիրների վրա։ Այս ձեռագրերը պարզորոշ ցույց են տալիս, որ հայկական վարչակազմն այն ժամանակաշրջանում անցել է վարչական դժվարին գործընթացի միջով, և որքան դժվար է եղել այս շրջանում մեծ տաճար կառուցելը։ Մեծ տաճարի կառուցումը կարող ենք համարել որպես հայության՝ իրենց ներկայությունն ու միասնությունը ցույց տալու և այս դժվարին վարչական պայմաններում պաշտպանվելու ջանքեր։ Այս պատմական պայմանները բնականաբար արտացոլված են եկեղեցու տիպաբանության մեջ։ Եկեղեցու շինարարությունը շարունակել կարողանալու համար եկեղեցին նախ 15 խանութ է կառուցում իր տակ։ Շուրջ 20 տարի տևած եկեղեցու կառուցումից հետո շենքը շահագործման է հանձնվում՝ ներքին հարդարումը դեռևս չավարտած։ Նմանապես, կարելի է ասել, որ այս հայկական եկեղեցու պատկերասրահը, որն ունի առաջին եռամաս պատկերասրահը, ամբողջությամբ ավարտված չէ։ Թեև այս շիննախագիծը հիշեցնում է Ստամբուլի եկեղեցական շենքերը, սակայն այն առանձնահատուկ տիպաբանություն ունի թե՛ տակի խանութներով, թե՛ ինտերիերի ոչ ամբողջականությամբ՝ պայմանավորված ժամանակաշրջանի պայմաններով։

Այնուհետ շենքի տեսակյունից ուսումնասիրեցի 1890-ականների Համիդյան ջարդերից մինչև 1915-ը, 1919 թ․ բրիտանական և ֆրանսիական օկուպացիան և հայերի հեռանալը Այնթափից։ Այս երկար ժամանակահատվածում Ս. Աստվածածին եկեղեցին տարբեր կիրառություններով է անցնում։ Այստեղ իրականացվել են համայնքի վարչական, կրթական և կրոնական գործունեությունը, ինչպես նաև այստեղից պատերազմի ժամանակ սննդամթերք է մատակարարվել և օգտագործվել որպես ապաստարան աղքատների համար:

Վիճակը 1915 թվականից (Հայոց ցեղասպանությունից-Ակունքի խմբագրություն) հետո

1916 թ․ այն օգտագործվել է որպես պահեստ, որտեղ վաճառվել են հայերի լքյալ գույքը, իսկ ավելի ուշ՝ նաև որպես գոմ։ Այն 1919-ին կրկին, թեև կարճ ժամանակով, մինչև 1922-ի Անկարայի համաձայնագիրը ողջ մնացած հայերի վերադարձից հետո օգտագործվում է հայերի կողմից։ Երբ 1922-ին հայերը հեռացան Այնթափից, ժամանակի և տարածության հարաբերությունները խախտվեցին։ Երկու տարբեր դեպքեր և այս իրողությունների պատմական ընթերցումը պատճառ են դարձել, որ այս կառույցներն այսօր տարբեր կերպ ընկալվեն և վերապրվեն։ Մի կողմից հայերի՝ Այնթափից հեռանալով Այնթափի իրականության տարբեր ժամանակավորությունը, մյուս կողմից հայերի գնալով Այնթափի նոր առօրյա կյանքի սկիզբը և առաջացած Այնթափի իրականությունը, որը ֆիզիկապես փոխվում և փոխակերպվում է ժամանակավորության մեջ: Այս երկու ժամանակավորությունները իրենց ներսում գտնվող կառույցի հանդեպ կարող են ստեղծել բազմակարծության հեռանկարներ և ընկալումներ: Օրինակ, այն ժամանակաշրջանում, երբ շենքը օգտագործվում էր որպես բանտ, պահակների և բանտարկյալների փորձը բնականաբար տարբերվում է միմյանցից, տարբեր է նաև տարածքի ընկալումն ու ապրելակերպը։ Պահապանների հետ իմ հարցազրույցներում առաջին պլան եկան շենքի քարերն ու մեծությունը, ինչպես նաև այն պատմությունը, որ այս կառուցվածքային տարրերով շենքը ժամանակին եկեղեցի է եղել, իսկ քաղբանտարկյալների պատմություններում մենք տեսնում ենք, որ նրանց պատմությունները ձևավորվում են շենքի ծանր ֆիզիկական պայմանների և վնասված հատվածների մասով:

Թեև շենքը տեսած մարդկանց փորձառությունները եզակի են, սակայն ինչպես սփյուռքի, այնպես էլ այսօր Թուրքիայում ապրող հայերի, բանտարկյալների և պահակների փորձառությունները կազմում են շենքի քաղաքական ինքնությունն ու պատմությունը: Փաստորեն, տարածքային լարվածությունը, որը կար մինչ եկեղեցու կառուցումը, այսօր էլ տարբեր կերպ շարունակում է վերարտադրվել։ Այս լարվածությունը շարունակում է գոյություն ունենալ այն տարածքում, որտեղ տարբեր դերակատարներ միաժամանակ ապրում են տարբեր ժամանակավորություններում, անգամ եթե շենքն օգտագործվում է տարբեր գործառույթների համար: Այս պահին Ս. Աստվածածինը շարունակում է գոյատևել վիրավոր տարածությունների և երևակայական տարածությունների տեսքով արատավոր շրջանի մեջ, որտեղ շենքի վերափոխումն ու վերօգտագործումը քաղաքականացվում են, և նոր պատմություններ են գրվում, մինչդեռ այն ավերակ վիճակում է:

Ձեր թեզն ավարտելու համար դուք նաև եղել եք Այնթափում՝ երկրաշարժից առաջ, և գրառումներ կատարել բանավոր պատմության համար: Ձեր լսած վկայություններից ո՞րն էր առավել տպավորիչ:

Իմ բանավոր պատմության ուսումնասիրությունների ընթացքում ես երկու պահ ունեցա, որոնք ինձ ստիպեցին կանգ առնել: Առաջինը բեյրութցի մի հայի հետ հարցազրույցի ժամանակ էր, երբ լսեցի, որ ոչ մի շենք չպետք է նորից վերակառուցվի կամ օգտագործվի, քանի որ դա անհարգալից է: Այն ժամանակ, երբ ճարտարապետության մեջ վերաօգտագործումը լայնորեն քննարկվում և խոսվում էր, նման բանը լսելն ինձ ցնցեց և ստիպեց որոշ ժամանակ մտածել դրա մասին: Երկրորդն այն էր, երբ պահակներից մեկն ինձ ասաց, որ բանտարկյալների վզին շղթաներ են գցել և տարել անձավ։ Այնուհետև բանտարկյալներից իմացա, որ եկեղեցու հետևում գտնվող շենքի հարավային կողմը, որը հայերն անվանում են հին եկեղեցի, ձախական բանտարկյալների հատված էր, իսկ հյուսիսային կողմը այն տարածքն է, որտեղ աջական բանտարկյալներն էին մնում։ Մեզ ասացին, որ ձախականների ննջարանի հետևում գտնվող հին եկեղեցու քարանձավում խոշտանգումներ են իրականացվել։ Ցավոք, այդ հետնամասի շենքը 2012 թ․ հետազոտական ​​աշխատանքներ կատարելուց անմիջապես առաջ քանդվել և վերակառուցվել է։ Այդ կառույցի քանդումով փլատակների տակ մնաց մարդկության դեմ հերթական հանցագործությունը։

Երկրաշարժի գոտում բազմաթիվ պատմաճարտարապետական ​​կառույցներ վնասվեցին ինչպե՞ս է դա ազդել Այնթափի եկեղեցու վրա և թեզի ընթացքի վրա։

Երկրաշարժից ավերվել են շենքի մինարեներն ու գմբեթը։ Բացի դրանցից, այն չի վնասվել՝ որքան գիտեմ: Երկրաշարժից մեկ ամիս առաջ այցելեցի Այնթափ և բանավոր պատմության ուսումնասիրություններ կատարեցի։ Ցավոք՝ երկրաշարժից հետո առաջացած իրավիճակի վերաբերյալ չկարողացա ուսումնասիրություն կատարել ժամանակի սղության պատճառով։ Սակայն երկրաշարժի ազդեցության հետևանքով երկար ժամանակ թեզիս վրա էլ չկարողացա աշխատել։ Բնական աղետները ևս մեկ անգամ հիշեցրին այդ կառույցների անցողիկությունը, մարդկային կյանքի արժեքը և չնայած տարբերություններին՝ համերաշխության առկայությունը։ Հուսով եմ կատարածս այս աշխատանքը հետագայում կնպաստի Սուրբ Աստվածածնի շենքի վերօգտագործմանը, որը կարող է ընդգրկել բոլորին:

Մեթոդաբանությունը, որը դուք օգտագործել եք ձեր թեզի մեջ, շատ ընդգրկուն է և միջառարկայական: Սա օգնում է մեզ ավելի խորը հասկանալ թեզի թեման: Կցանկանայի՞ք մի փոքր խոսել ձեր մեթոդաբանության մասին:

Թեզիս մեջ ըստ հնարավորության օգտագործել եմ տեսական և գործնական միջոցները, որոնք ներառում են ինչպես պատմությունը, այնպես էլ ճարտարապետությունը։ Կարևոր էր ներառել տարբեր խմբերի տեսակետներն ու փորձառությունները: Այդ իսկ պատճառով թեզիս մեջ կարևոր տեղ են գրավում այն ​​բանավոր պատմությունները, որ լսել եմ հայերից, պահակներից և բանտարկյալներից։ Ես ճարտարապետական ​​կառուցվածքը քննում եմ սոցիալական տեսանկյունից։ Իմ նպատակն էր շենքի պատմությունից բացահայտել նրա պատումն ու ձևը՝ պատմության մեջ ձայն չունեցող, անլսելի, խավարում մնացած ձայներն ու փորձառությունները մասամբ ներկա և այսօր բերելով: Սա, իհարկե, շենքի կառուցումից մի քանի տարի առաջվանից մինչ օրս ընկած երկար գործընթաց է ներառում: Մինչ բանավոր պատմության հետ իմ աշխատանքը բացահայտում է օգտագործողների պատմությունները, որոնք ընդգրկում են 1960-ականներից մինչև մեր օրերը, Նուբարյան գրադարանում գտնվող Պատրիարքարանի արխիվը ներկայացնում է շենքի նախաշինարարական շրջանը: Այս արխիվում գտնում ենք այդ շրջանի պատմությունները։ Բացի դրանից, փորձեցի ժամանակի ընթացքում, պատումների ֆոնին պատկերել, թե ինչպես են փոխվել Ատենական, Հայկանուշյան, Վարդանյան դպրոցները և Ս.Աստվածածին եկեղեցու շրջակայքը, ինչպես նաև տարածական տարրերի համատեքստում պատկերել այն փոփոխությունները, որ կրել է շենքը տարբեր ժամանակաշրջաններում։  

Մարքսիստ պատմաբան Հարրի Հարությունյանի «համաժամանակությունների տարաժամանակություն» մոտեցումը լայն տեղ է գտնում թեզում։ Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ուսումնասիրելիս ինչպե՞ս է այս մոտեցումը նպաստել եկեղեցու վերափոխման Ձեր բացատրությանը:

Հարրի Հարությնյանի այս հայեցակարգն ինձ առաջին անգամ ծանոթացրեց «Parrhesia Kolektifi»-ը: Սա շատ ազդեցիկ հասկացություն էր իմ թեզում: Համաժամանակությունների տարաժամանակության հայեցակարգով Հարությունյանն ասում է, որ միահյուսված երկիմաստությունների գոյությունը, ինչպիսիք են մոդեռնն ու արխայիկը, նորն ու հինը, ժամանակակիցն ու նատիվիստականը, նորից հայտնվում են ժամանակային շեղումներով, որոնք հանկարծ հայտնվում են ուրվականի պես: Սա նշանակում է, որ թեև առօրյա կյանքի անընդհատ հոսող ռիթմը տարբերությունները դարձնում է միատեսակ՝ դրանք սինխրոնիզացնելով, մենք չենք ապրում մեկ ժամանակավորության մեջ: Սա, բնականաբար, արտացոլվում է ժամանակի և տարածության մեր փորձառության և մեր մեջ այս փորձառության ձևավորման վրա: Հատկապես պատմական վայրերը տարբեր իրողությունների և տարբեր ժամանակների աղբյուր են։ Երբ հայերը հեռացան (բռնի կերպով հեռացվեցին-Ակունքի խմբագրություն) Այնթափից, խզվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ ժամանակի և տարածության համաժամանակյա կապը առօրյա կյանքի հետ։ Սա հայեցակարգ է, որն իր մեջ ներառում է ոչ միայն հայության ժամանակավորության խզումը, այլ նաև այն փորձառությունները, որոնք պատմում են այս խզմամբ առաջացած մյուս խզումների ու ճյուղերի մասին: Թեզիս մեջ այս հայեցակարգը ոչ միայն օգնեց ինձ բացատրել այնտեղ այցելած հայերի տեսակետը, այլև տարավ շենքի անորոշ բանտային շրջան։ Այն լույս սփռեց շենքի տարբեր ժամանակաշրջանների իմ վերաներկայացման վրա՝ անհատների փորձառությունների հետ միասին:

Ձեր թեզում մի հատված կա, որտեղ դուք զուգահեռ եք անցկացնում այնթափցի ամերիկահայերի կողմից հրատարակված «Նոր Այնթափ» ամսագրում այնթափահայ Հայկի հուշերի և Ուոլթեր Բենիամինի «Մտորումներ» աշխատության միջև։ Կարո՞ղ եք մեզ պատմել Այնթափում մոռացության եզրին գտնվող ճարտարապետական ​​գործերը/տարածքները հիշելու մասին ձեր բացահայտումներից:

Ուոլթեր Բենիամինը պատմում է իր մանկության հիշողությունները տարածական գեղարվեստական ​​գրականության հետ «Բեռլինի օրագրերը մտորումներում» գրքում: Բենիամինի հուշերի կառուցումը հիմնված չէ ժամանակագրական հերթականության վրա, այն տարածական է։ Սուբյեկտը վերակառուցում է իր հիշողությունները տարածությունների միջոցով և ստեղծում իր սեփական ձևավորման տարածքը: Նմանատիպ փորձառության մասին կարդացի Հայկ անունով մի հայի հոդվածում, որը ծնվել է Այնթափում և տարիներ անց գրել է իր՝ Այնթափ այցելության մասին: Այս հոդվածում Հայկը աննպատակ թափառում է փողոցներով։ Փողոցով թափառելիս Բենիամինի՝ պատուհաններից անհետացող ծանոթների դեմքերը տեսնելու պես, Հայկը ծանոթ տեղ տեսնելիս հիշում է իր հորեղբորը՝ թաղի հացթուխին։ Հայկի՝ «տուն գնալը» և «տուն այցելելը» տեղի են ունենում միաժամանակ։ Այստեղ հարկ է նշել, որ Հայկը իր հուշերի մեջ եղած հիշողություններով այցելում է իր մանկության Այնթափը և իր մանկության Այնթափը հիշելով՝ տարածական փորձառություն է ունենում։ Տարածական կառուցման նմանատիպ ջանքերը գործում են նաև սփյուռքում ծնված և իրենց նախնիների պատմություններով Այնթափը ճանաչած հայերի համար: Հայկից նրանց տարբերությունը մի վայր տեսնելն է, որը նրանք երբեք ֆիզիկապես չեն զգացել և իրականում չգիտեն, իմանալով իրենց նախնիների վայրերի և երբեմն զուգահեռ ժամանակի ու տարածության մասին, որը նրանք գիտեին, որ երբեք գոյություն չի ունենա, կամ կենդանացնել ու գեղարվեստականացնել այնպիսի հարցերով, ինչպիսիք են «ինչպիսին կլիներ մեր կյանքը, եթե մենք մնայինք այնտեղ», կամ էլ «ինչպե՞ս էր պապիկիս կյանքը»: Ֆիզիկական տարածությունն իրականում այս երևակայական գեղարվեստականության համար ծառայում է որպես ֆիզիկական բեմ: Այս համատեքստում առաջին պլան են մղվում տեղանքի առանձնահատկությունները, որոնք պատկանում են եկեղեցու ժամանակաշրջանին։ Հատկապես վայրի կորդինատներով ավարտվող այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ երկար առանցքը, պատուհանների կոտրված խաչաձողերը, եկեղեցու մասշտաբները խորհրդանշող տարրերը, տեղ են գտում գեղարվեստականության մեջ։ Խորհրդանիշները առաջին պլան են մղվում հայերի տարածական փորձառության մեջ, քանի որ դրանք պարունակում են տեղեկություն, որը դասակարգված է նրանց սահմաններից դուրս, այսինքն՝ եկեղեցի լինելու իմացություն: Բացի դրանից, Ս.Աստվածածնի փորձառության մեջ կարող են վերամիավորվել նաև Այնթափում հաճախ կրկնվող ճարտարապետական ​​տարրեր, ինչպիսիք են մեծ դռները, դռների կողպեքները կամ տեղական քարերը։ Սրանում մենք կարող ենք տեսնել այն դատարկությունը լրացնելու ջանքերը, որոնք նրանց պապեր-տատերը չգիտեին և երբեք չէին կարող լրացնել՝ երբ հայերն ապրում էին այդ վայրում, և այս ջանքերի տարածական կապը: Այս ջանքերի ընթացքում տարածական տարրերը, որոնք կրում են այդ ժամանակաշրջանի տեղեկությունները, ինչպես կոլաժը՝ կտոր-կտոր միավորվում են: Այս տարրերի ընդլայնման և համակցման շնորհիվ անհատը կառուցում է իր սեփական ձևավորման տարածքը և իր համար ստեղծում փորձառություն և ձևավորման տարածք՝ որը դուրս է գալիս ֆիզիկական տարածության սահմաններից: Սուրբ Աստվածածին տաճարի հայերի փորձառությունն այս առումով կործանման փորձառություն է հիշեցնում։ Լանդշաֆտի ավերակների կարևոր առանձնահատկություններից է մասնատվածությունը, որը ծածկագրում է ավերակների նյութի տակ դրա գոյության մասին թերի իմացությունը: Շենքի ներկայիս օգտագործումը և շենքի ու շրջակայքի հետ կապված միջամտությունները շենքի ընկալման մեջ ստեղծում են մասնատվածություն: Խոսքը միայն շենքի լավ ֆիզիկական վիճակի մասին չէ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքի շենքային համալիրի անհետացմամբ ստեղծված ավերակի պես այն ներկայացնում է ոչ միայն գոյությունը, այլեւ անհայտ տեղեկությունը ու դատարկությունը, որը պետք է ամբողջանա, բայց չի կարող ամբողջանալ:

Շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր հարցազրույցի միջոցով ձեր թեզի ուսումնասիրության բովանդակությամբ կիսվելու համար: Հուսով ենք, որ ձեր թեզը շուտով կհանդիպի ընթերցողներին: Մաղթում ենք հաջողություն ձեր հետագա աշխատանքում։

https://www.agos.com.tr/tr/yazi/28937/antepte-katedral-hapishane-ve-cami-olarak-surp-asdvadzadzin

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net