կարևոր
3472 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 16:05
Հասարակություն

Այնթափի պատմական ամերիկյան հիվանդանոցը ևս տուժել է երկրաշարժից

Այնթափի պատմական ամերիկյան հիվանդանոցը ևս տուժել է երկրաշարժից

Պատմաբան և գրքերի հեղինակ Մուրադ Ուչաները հայտնել է, որ պատմական շենքի շինարարությունը սկսվել էր 1883 թ․, և այն ծառայել է որպես Ամերիկյան օրիորդաց վարժարան։

Ջիհաթ Օզթուրք

Փետրվարի 6-ին Մարաշում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից տուժել է նաև Այնթափի պատմական Ամերիկյան հիվանդանոցի շենքը։

Երկրաշարժից ավերվել են նախկինում որպես Ամերիկյան օրիորդաց վարժարան օգտագործված շենքի ծխնելույզները։ Պատմաբան Մուրադ Ուչաները շենքի հիմքին մեծ վնասների բացակայությունը պայմանավորում է որակյալ նյութերի օգտագործմամբ։

Շինարարությունը սկսվել էր 1883 թվականին

Մուրադ Ուչաները այս տեղեկություններն է փոխանցել.

«Այս պատմական շենքի շինարարությունը, որն օգտագործվել է որպես Ամերիկյան հիվանդանոցի պոլիկլինակա և վարչական շենք, սկսվել է 1883 թ․։  Այնթափում և շրջակայքում աշակերտների թվի աճով պայմանավորված՝ դպրոցական կարիքները բավարարելու համար Ամերիկյան օրիորդաց վարժարանը կառուցվել է ավելի լավ պայմաններով կրթական ծառայություններ մատուցելու նպատակով: 1886 թվականից վարժարանը բարձրորակ կրթությամբ է ապահովել ոչ միայն Այնթափի, այլ նաև շրջանի այլ բնակավայրերի՝ Ադանայի, Ուրֆայի, Դիարբեքիրի և Հալեպի սաներին։

«Առաջին համաշխարհային պատերազմից և դրան հաջորդած հայերի տեղահանության որոշումից հետո դպրոցը մատնվել է պարապուրդի, քանի որ 1915-1918 թթ․ կրթություն ստանալու համար աշակերտներ չեն մնացել։ Պատերազմից հետո Ամերիկյան խորհրդի կողմից կրկին փորձ է արվում այն ծառայեցնել որպես դպրոց։ Սակայն, ցավոք, 1920 թ․ Այնթափի պատերազմ կոչվող հակամարտության ժամանակաշրջանում հնարավոր չի եղել կրթություն մատուցել: Ֆրանսիացիների հետ Անկարայի համաձայնագրից հետո, երբ ֆրանսիացիները դուրս եկան Այնթափից, հայերը ստիպված եղան լքել քաղաքը։ Մոտ երկու տարի չօգտագործված շենքը 1924 թ․ վերափոխվեց Ազարիա Սմիթի հիշատակի հիվանդանոցի և մինչև 1973 թվականը ծառայեց որպես բուժքույրական վարժարան։ 1973 թ․ Առողջապահության և կրթության հիմնադրամի կողմից բացված մասնավոր առողջապահական դպրոց լինելուց հետո՝ 10-15 տարի առաջ այն օգտագործվում էր որպես Ամերիկյան հիվանդանոցի պոլիկիլինիկա և վարչական շենք»։

Ուչաները, ով շենքի հիմքի՝ երկրաշարժից չվնասվելը կապում է օգտագործված նյութի դիմացկունության հետ, նշում է․

«Եթե ուշադրություն դարձնեք, հիվանդանոցի կազմում գտնված այս շենքը փետրվարի 6-ի երկրաշարժից տարածաշրջանում ամենաքիչ տուժած կառույցներից է։ Միայն ծխնելույզներն ու տանիքն են մանր-մունր վնասներ կրել։ Երկրաշարժից այդքան քիչ տուժելու պատճառն առաջին հերթին շինարարության ընթացքում որակյալ նյութերի օգտագործումն է եղել, այնուհետև՝ լրացումների և ուղղումների բացակայությունը, որոնք կարող են ազդել շենքի սեյսմակայունության վրա»:

https://bianet.org/bianet/toplum/275739-antep-teki-tarihi-amerikan-hastanesi-depremde-zarar-gordu?fbclid=IwAR2nWraB0T-TgfNbmSr5FjJo5kvfhpbR-7gLhTK9rHLBmrwEgaRk6V-NMyY

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net