Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում հավատարմագրված դիվանագետները, ՀՀ կառավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ, այսօր եղել են Կոռնիձորում, որտեղ արդեն 2-րդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մարդասիրական աջակցության տեղափոխմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ-ից։
«Դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի ուրվագիծը ներկայացրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը:
Խոսելով խոցելի խմբերի համար մարդասիրական աջակցության հրատապության մասին՝ Աննա ժամակոչյանը նշել է հումանիտար իրավիճակի ազդեցության հետևանքները՝ երեխաների, հղիների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի, առողջության և սոցիալական պաշտպանվածության վրա․
«Միայնակ տարեցների տնային խնամքի ծառայությունները խաթարված են, սոցիալական պաշտպանության հաստատությունները չեն կարողանում լիարժեք ապահովել այնտեղ բնակվող երեխաների ու ավագ սերնդի քաղաքացիների սնունդն ու կեցությունը: Ընդհանուր առմամբ մինչև 1 տարեկան ավելի քան 2 հազար երեխա գրեթե զրկված է մանկական սնունդից, այնինչ նրանց համար նախատեսված 12 տոննա կաթնախառնուրդն ու շիլաները ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա պատրաստ են տեղափոխման Լեռնային Ղարաբաղ: Այս փաստի հետ հաշտվելն անհնար է»,-դիվանագետների հետ հանդիպմանը նշել է Աննա Ժամակոչյանը։
Նախարարի տեղակալը մանրամասնել է ԼՂ գործընկերների կողմից բարձրացվող այլ ահազանգերի մասին ևս, որոնք պայմանավորված են գազամատակարարման, էլեկտրամատակարարման խաթարումների և վառելիքի սղության հետ։ Մասնավորապես՝ նշվում է, որ թեպետ ԼՂ-ն կազմակերպել է սայլակների և աջակցող այլ միջոցների գնման գործընթացներ, Լաչինի արգելափակված միջանցքի պատճառով անհնար է դարձել դրանք ԼՂ -ում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց փոխանցելը։
Մեկ այլ խնդիր է կանխիկ թղթադրամների բացակայությունը: Չնայած նրան, որ կեսնաթոշակառուներին և նպաստառուներին փոխանցվում են իրենց հասանելիք սոցիալական տրանսֆերտները, բայց վերջիններս զրկված են դրա կանխիկ օգտագործման հնարավորությունից, ինչը լուրջ խնդիր է հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ անկանխիկ սպառման հնարավորություններ չկան:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև առկա ճգնաժամի հետևանքով արձանագրված ողբերգական միջադեպը. «Շաբաթներ առաջ Լաչինի միջանցքի արգելափակման և պարենի սղության անուղղակի զոհը դարձան ԼՂ 2 անմեղ երեխա։ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացան այն պատճառով, որ մայրն իրենց սննդի ձեռքբերման նպատակով ստիպված էր եղել գյուղում գտնվող տնից ոտքով գնալ Մարտակերտ՝ թողնելով իր մանկահասակ և կրտսեր տարիքի երեխաներին առանց ծնողական հսկողության։ Որևէ երկիր և միջազգային կազմակերպություն չի կարող անարձագանք թողնել այս ամենը՝ անգործությամբ նպաստելով հումանիտար ճգնաժամի բացասական հետևանքներին»:
Հիշեցնենք, որ մինչ այս պահը Կոռնիձորում շարունակում է մնալ 19 բեռնատարերի շարասյուն, որոնցում գտնվում է շուրջ 360 տոննա հումանիտար բեռ, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության 7 տեսակի պարենային ապրանքներ։ Այդ սնունդը նախատեսված է հասցեագրել արդեն ամիսներ շարունակ պարենի անհասանելիություն ունեցող ԼՂ 120 հազար բնակիչների կարիքներին»,- ասվում է հաղորդագրությունում։