կարևոր
3211 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-21 17:40
Հասարակություն

1915 թ․(Հայոց ցեղասպանության ժամանակ-Ակունք) երեխաների հետ պատահածները

1915 թ․(Հայոց ցեղասպանության ժամանակ-Ակունք) երեխաների հետ պատահածները

Էրոլ Քյոռօղլու

Լեզուդ քիմքիդ է կպնում, երբ իմանում ես որ 15-ամյա երեխան իր երկու-երեք տարեկան եղբորը սպանել է վարակիչ հիվանդություն ունենալու պատճառով։ Ինստիտուցիոնալացված հարաբերությունները մի կողմ՝ վտանգավոր հարաբերություն հաստատելու ուժ էլ չի մնում։ 

Անցյալ շաբաթ Յաշար Քեմալի «Մրջյունը ջուր է խմում» վեպի որբ երեխաների խմբերի մասին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանված ոչ մուսուլմանների երեխաների ճակատագրի թեման արծարծեցի, որ այս շաբաթ կշարունակեմ և հոդվածն այսպես եզրափակեցի․

«Հաջորդ շաբաթ մենք երկու առանձին պատմությունների միջոցով կշարունակենք խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ոչ մահմեդական երեխաների հետ, որոնց ընտանիքները սպանվել են: Պատմությունները, որոնք քննարկելու եմ, նույնպես գեղարվեստական ​​չեն։ Լինելու են առաջնային աղբյուրից վերցված պատմություններ, որոնք ձայնագրվել են բանավոր պատմության մեթոդներով: Առաջին պատմվածքում մի հայ աղջկա ճամփան ընկնում է մի չերքեզական գյուղ, իսկ մյուսում՝ մի հայ տղա ընկնում է քրդական գյուղ։ Ի՞նչ կասեն մեզ այս պատմությունները, որոնց միլիտարիստական ​​ըմբռնումն անտեսանելի է դառնում ինստիտուցիոնալ հարաբերություններում։ Ինչպիսի՞ վտանգավոր, ռիսկային հարաբերություններ կառաջարկվի, որոնք կարող են օգնել մեզ կոտրել արատավոր շրջանակը: Հաջորդ շաբաթ կտեսնենք»։

Երկու պատմություների աղբյուրն էլ Էլբրուզ Աքսոյի՝ 2018 թ․ İletişim հրատարակչության կողմից լույս ընծայված «Իմ անունը 1864 է․ չերքեզական պատմություններ» գիրքն է։ Էլբրուզ Աքսոյը չերքեզ ինքնության հետազոտող է, ում շատ եմ կարևորում: Մայիսի 21-ի իմ «Խոսքի կեսը» հաղորդաշարում նրա հետ զրուցել ենք 1864 թ․ չերքեզների ցեղասպանության ու աքսորի մասին։ Բացի այդ, «Իմ անունը 1864 է» գիրքը Բարըշ Ունլուի «Թրքության պայմանագիր» աշխատության հետ համեմատող և արժևորող հոդվածս էլ կարող եք գտնել իմ academi.edu էջում:

ՉԵՐՔԵԶԵՐԵՆ ՈՂԲ ԱՐԱՔՍԻԻ ՀԱՄԱՐ

Այս գրքում Աքսոյի պատմությունները տեքստեր են, որոնք նա ստեղծել է բանավոր պատման իր համապարփակ ուսումնասիրությունների հիման վրա: Այսինքն փաստի և գեղարվեստական ​​տեքստի միջև ինչ-որ տեղում են գտնվում։ «Չերքեզ Արաքսիի» պատմությունը, որին կանդրադառնանք այստեղ, սկսվում է պատմողի, որը ենթադրաբար Աքսոյն է, և կնոջ՝ Մոդայում ապրող հայ տանտիրուհուն հյուրընկալվելով։ Հայ տանտիրուհին իր տատիկի՝ Արաքսիի լուսանկարը չերքեզ պատմողին ներկայացնելով՝ ասում է՝ «Իրականում ոչ թե իմ տատն է, այլ՝ ձեր», և այդտեղից շարունակում ենք պատմությունը։ Նախ, միջքաղաքային ճանապարհին խցանման ժամանակ դիպվածով այդտեղ գտնվող մի չերքեզ երիտասարդ նկատում է մի տատիկի, ով բացում է պատուհանը և երգում թոռների չհասկացած լեզվով, որն ըստ նրանց՝ հին հայերեն էր, և երբ Արաքսի Հանըմը մոտ գտնվողներին էլ է կանչում՝ չերքեզների հետ սկսում է զրուցել չերքեզերենով։ Արաքսի Հանըմը չերքեզերեն զրույցի ժամանակ երբեմն թուրքերեն ասում է «չերքեզ բեյս»:

Այնտեղի չերքեզներից մեկը գնում և մեկ այլ մեքենայից բերում է 90-ն անց մի ծերունու, և Արաքսին, «չերքեզ բեյս» ասելով, գրկում է այդ մարդուն։ Արաքսին ու Չերքեզ բեյը մոտ կես դար հետո մի անհավանական վայրում հանդիպելով՝ գրկախառնվում են։ Պարզվում է, 1910 թ․ Սվասի (Սեբաստիա-Ակունք) մի հայկական գյուղում ծնված Արաքսիի գյուղը 1915 թ․ (Հայոց ցեղասպանության ժամանակ-Ակունք) հարձակման է ենթարկվել և մայրը նրան մահից փրկելու համար թաքցրել է վառարանում։ Արաքսին, ով էլ երբեք չէր տեսնելու հորն ու մորը, որոշ ժամանակ անց տեսնում է, որ վառարանի կափարիչը բացվում է և նրան նայող մի մարդ ճանկելով նրան շպրտում է ձիու թամբին և հեռանում այրվող գյուղից։

Արաքսին փրկածն ու նրան Ուզունյայլայի չերքեզական գյուղ բերածը Չերքեզ բեյն էր, ով 1970 թ․ միջքաղաքային ճանապարհին գրկախառնվեց Արաքսիի հետ։ Արաքսին այս գյուղում ապրեց 11 տարի և մոտ 1926 թվականին չերքեզ բեյի կողմից բերվեց Ստամբուլ և հանձնվեց մի հայկական եկեղեցու, թեև Արաքսին չէր ուզում հեռանալ այս գյուղից, որի մի մասնիկն էր դարձել։ Արաքսին, ով արդեն հասուն էր, մեկ տարի անց հարս է գնում անվանի մի հայ ընտանիքի։ Երբ անսպասելիորեն հանդիպում է իրեն փրկողի և հոգեհոր հետ, ծեր չերքեզը Արաքսիին մի գաղտնիք է պատմում, որը տարիներ շարունակ պահել էր։

«Արաքսի, աղջիկս, լավ լսիր ինձ։ Այն, ինչ վստահելու եմ քեզ՝ իմ մեծագույն գաղտնիքն է։ Այն գյուղում, ուր տարիներ առաջ քեզ փրկեցի, հորդ ու մորդ ես․․․»

«Հայրիկ լռիր։ Ինչ կլինի, լռիր։ Սուս»։

«Արաքսի, աղջիկս, ներիր ինձ, ներիր․․․»։

ԸՆՏՐԵԼ ՉՍՊԱՆԵԼԸ

Այստեղ հանդիպում ենք պաշտոնական պատմագրության և պատմական հիշողության վրա հիմնված ինստիտուցիոնալ հարաբերություններում չներառված տեղեկության։ Ամենայն հավանականությամբ 1915-ի նախագծողների և իրականացնողների տված հրամանով Կայսերիի (Կեսարիա-Ակունք) Ուզունյայլայից ելած և Սվասի հայկական գյուղի վրա հարձակված մի չերքեզ առաջնորդ, տան տղամարդուն ու կնոջը սպանելուց հետո փրկում է պատահաբար վառարանում գտած աղջկա կյանքը։  Նրան ստրուկ կամ աղախին չի դարձնում, իր գյուղում մեծացնելով չի ստիպում կրոնափոխ լինել, չի փորձում ամուսնացնել գյուղից մեկի հետ։ Մանկությունից մինչև ազատ թողնելը նրան վերաբերվում է որպես տան դստեր և մեծացնում, իսկ երբ աղջիկը  օրիորդ է դառնում, նրան բերում է Ստամբուլ՝ հայ որբերի միակ ապահով վայրը և հանձնում եկեղեցուն։

Արաքսիի Չերքեզ բեյը երևի թե փորձել է վճարել այն դաժանության գինը, որին վերևից եկած հրամանով ակամա առնչվել է։ Երևի թե նպատակը թալանելն է եղել, և չվառված վառարանի մեջ նայել է, որ տեսնի, թե ոսկի և այլ թանկարժեք իրեր թաքցված չեն։ Բայց այնտեղ հինգ տարեկան մանչուկի վախով լի աչքերը տեսնելուն պես կարող է ջախջախվել է իր գործած մեղքի ծանրության տակ։ Դրությունը ինչպիսին էլ եղած լինի, իր կյանքի 55 տարիներին այդ խղճի խայթը շալակած տարել է Չերքեզ բեյը։ Ես այստեղ նախատելու բան չունեմ, հուսամ Արաքսի հանըմը իրական ծնողներին սպանած հոր մեղքը ներել կարողացած կլինի։

ՄԻ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Որտեղից էլ, որ տեսանկյունից էլ նայես՝ սրանք անշարժելի բեռ են։ Սակայն հաջորդ պատմությունը, որ կներկայացնեմ՝ ավելի սարսափելի է։ Այն կարդալիս փշաքաղվում էի։ Արի ու տես, որ այս պատմությունը գրվել է, հրատարակվել է, և մեկ անգամից ավել վերահրատարկվել։

Այս անգամվա աղբյուրս Քեմալ Յալչընն ու նրա «Սիրտս քեզմով կխայտա» գիրքն է։ Գրառումներիս հետևողները կհիշեն, որ Յալչընի «Վերապրողները» փաստավավերագրական վեպին անդրադարձել եմ «անասելի չարիք» հասկացության տեսանկյունից։ «Սիրտս քեզմով կխայտան» Քեմալ Յալչընի առաջին փաստավավերագրական վեպից՝ 1924 թ․ թուրք-հունական բնակչության փոխանակության մասին «Պահ տված օժիտից» հետո է լույս տեսել։ Բեսթսելլեր դարձած այդ առաջին գրքից հետո այն լույս տեսավ 2000 թ․՝ այն ժամանակվա «Doğan Kitap» հրատարակչության կողմից։ Սակայն հրատարակչությունը, որը ավելի ուշ հասկացավ, որ գիրքը Հայոց ցեղասպանության մասին է՝ երկրորդ հրատարակության չգնաց։ 2001 և 2003 թթ․ գրքի նոր հրատարակությունները Յալչընն ինքն անելով՝ 2004 թ․ գիրքը հանձնեց Birzamanlar հրատարակչությանը։ Իմ մոտ եղած օրինակը 2006 թ․ 4-րդ հրատարակությունից է։

Այս գիրքը 1915-ի հետ Քեմալ Յալչընի ծանոթացման պատմությունն է և այդ ծանոթացման ընթացքում բազմաթիվ մարդկանց պատմություններ է դնում փաստավավերագրական վեպի մեջ: Դրանցից միայն մեկի՝ Յալչընի հանդիպած մի իսլամացած հայի կողմից արված տեսանյութի վրա կկենտրոնանանք, և այդ ձայնագրությունից կխոսենք՝ 1915 թ․ Մինաս, ապա հետագայում Վելի Դեդե անվամբ մեկի պատմածների մասին։ 1900 թ․ ծնված Վելի Դեդեի այս տեսագրությունը արվել է 1990 թ․ Քահթա քաղաքում, որից մի քանի ամիս անց Վելի Դեդեն մահացել է։

1915-ին, երբ բռնագաղթն սկսվեց՝ Մինաս-Վելին Քահթայի, 1960 թ․ հետո Սյութլուջե անվանափոխված Հոլբիշ գյուղում էր։ Նրա հորեղբայր Գրիգոր աղան շրջանի ամենահարգված աղաներից էր, սակայն չի կարողացել կանխել ամբողջ գյուղի տեղահանությունը։ Զինվորների ուղեկցությամբ իրականացված տեղահանության իրական կառավարիչը մահմեդական աղան էր։ Երբ Գրիգոր աղան հասկանում է, որ չի կարող փրկել այն մարդկանց, ում համար պատասխանատու է, բաժանում է իր հարստությունը և իր վերջին երկու ոսկիները տալիս է մասնավոր մեկին: Հետո, երբ ինքնասպանության համար գետը նետված Գրիգոր աղան մտափոխվելով փորձում է գետից դուրս գալ՝ այդ մարդը խեղդամահ է անում նրան։

«ԵՂԲԱՅՐՍ՝ ՀՈՒՅՍ ՈՒ ԼՈՒՅՍՍ»

Գրիգոր աղայի՝ այդ ձևով մահանալուց հետո, մի մուսուլման գյուղացի է գալիս և գումար վճարելով՝ տանում Մինասի մորը, որը գեղեցիկ կին էր։ Մինասը երկու-երեք տարեկան եղբոր հետ մնում է այդպես։ Անցնող մի շարասյուն կանգնում է հանգստանալու, և գյուղացի Օսմանը Մահմուդ աղային համոզում են վերցնել երեխաներին (որպեսզի շարասյան հետ չտարվեն անապատներ)։ Մինասն ու եղբայրը այդպիսով փրկվում են գաղթից, և Մինասն սկսում է Օսման Մահմուդ աղայի համար հովվություն անել։

Սակայն Օսման Մահմուդ աղան դաժան մեկն էր։ Նրա ամենամեծ դաժանությունն այն էր, երբ Մինասի կրտսեր եղբայրն այն ժամանակ «երևանյան հիվանդության» ուժեղ փորլուծություն ունեցավ, նա հրամայեց Մինասին եղբորը վերցնել և գետը նետել։ Այս հատվածը լսենք Վելի Դեդեից.

«Եղբորս գրկեցի։ Կարծես հասկացավ գլխին գալիքը։ Ամուր գրկել էր ինձ։ Լաց էր լինում։ Ես էլ էի լալիս։ Մեն-մենակ էին այս մեծ աշխարհում։ Մայրս, ո՞վ գիտե, որտեղ էր հիմա․․․ Մտածեցի ինձ էլ կնետեմ լիճը։ Չէի կարող նետել։

Հասա ժայռի գագաթին, որտեղից Եփրատն էր հոսում։ Եղբայրս լացում էր, ես արտասվում էի։ Էս ի՞նչ էր՝ եկավ գլխիս։ Որտե՞ղ էր մայրս։ Որտե՞ղ էր հայրս։

Եղբորս անուժ ձեռքերը կարծես ուժով լցվեցին։ Ինձ բաց չէր թողնում։ Հանկարծ ինձնից պոկեցի, ոտքից բռնեցի, երկու-երեք անգամ ճոճեցի, աչքերս փակեցի, գցեցի ժայռի հատակից հոսող Եփրատը։

Եղբայրս մի ճիչ արձակեց․․․ մի ճիչ արձակեց։ Ճիչն արձագանքեց ժայռերի վրա։ Մինչ կհասցնեի տեսնել՝ ընկավ-չընկավ, առանց  նայելու փախա այնտեղից։ Որքա՞ն վազեցի։ Որքա՞ն լացեցի։ Չգիտեմ։

Տուն էլ չէի կարող գնալ։ Չէի ուզում գնալ։ Ոչ մեկի երեսը չէի ուզում տեսնել։ Մինչ առավոտ լացեցի, ողբացի։ Եղբայրս իմ հույսն ու լույսն էր։ Նրա հետ խոսում էի, խաղում, ծիծաղում։ Եղբորս ջուրը գցելով՝ լրիվ որբ ու անտեր մնացի։ Թև ու թիկունքս կոտրվեց։ Երանի ես էլ եղբորս հետ միասին մեռնեի։ Սա է կյանքը։ «Մեռնեի» ասելուց չես մեռնում»։

Լեզուդ քիմքիդ է կպնում, երբ իմանում ես որ 15-ամյա երեխան իր երկու-երեք տարեկան եղբորը սպանել է վարակիչ հիվանդություն ունենալու պատճառով։ Ինստիտուցիոնալացված հարաբերությունները մի կողմ՝ վտանգավոր հարաբերություն հաստատելու ուժ էլ չի մնում։  Անիծյալ լինեն նրանք, ովքեր նման ցավ են պատճառել:

Այնուամենայնիվ, ավարտեմ Վելի Դեդեի պատմությունը։ Եղբորը վարակիչ հիվանդության համար սպանել հրամայած Օսման Մեհմեդ աղան էլ, նրա ամբողջ ընտանիքն էլ այդ հիվանդությամբ վարակվեցին և մեռան։ Նրանց մարմինները Մինասն է հողին հանձնում։ Որոշ ժամանակ անց նա վերադառնում է իր հին գյուղը և աշխատանքով, չարչարանքով  նոր կյանք է հաստատում։ Սակայն եղբոր ճիչն ականջից երբեք դուրս չի գալիս։ Մորն էլ երբեք չի տեսնում, և անգամ 90 տարեկանում երազում էր տեսնել մորը։

Հե՜յ նախնիներ։ Ի՞նչ արեցիք երեխաների հետ։ Մարդ լինելով այլ մարդկանց ինչպե՞ս սպանեցիք։ Հուսով եմ, մի օր ձեզ ըստ արժանվույնս են հիշելու։

Էրոլ Քյոռօղլու։ Բողազիչի համալսարանի Թուրքերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս։ Գրական մշակույթի պատմաբան է, ով փորձում է գրականությունը հասկանալ նյութական արտադրության պայմաններով, ինչպես նաև ընթերցանության և ընկալման նյութական ձևերով։ Նրա հետաքրքրության հիմնական ոլորտներն են՝ թուրքական վեպը, պատմողական տեսությունները, ազգայնականության տեսությունները և պատմություն-գրական փոխազդեցությունը։ Նրա ստեղծագործություններից շատերին կարելի է ծանոթանալ academia.edu կայքում:

https://artigercek.com/makale/1915te-cocuklara-olanlar-257022?fbclid=IwAR3DUtDoH-RfeUzW9VojMm5kouMeZpc7zVZGvGv7kBcHWRzkulhUPxBnaGA

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net