կարևոր
3856 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-14 19:21
Հասարակություն

Գեներալի մարմնի վրա մոտ 7-9 վնասված կա․ Վիտալի Բալասանյանի փաստաբան. Yerevan.Today

Գեներալի մարմնի վրա մոտ 7-9 վնասված կա․ Վիտալի Բալասանյանի փաստաբան. Yerevan.Today

Վիտալի Բալասանյանին մեղադրանք չի առաջադրվել, նա ձերբակալվել է 331-րդ հոդվածի 1-ին մասի` հանցագործություն կատարելու կասկածանքով, որը իրենից ենթադրում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիք։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Գեներալ Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Մենք գտնում ենք, որ Վիտալի Բալասանյանի գործողություններն օրինաչափ են եղել։ Մասնավորապես, նա խնդրել է ցույց տալ խուզարկության թույյլտվության մասին որոշումը, սակայն ԱԱԾ աշխատողները նման թուղթ չեն ներկայացրել, իսկ դա նշանակում է, որ խուզարկությունը կատարվել է առանց դատարանի թույլտվության, որը իրավաչափ չէ։ Միևնույն ժամանակ Վիտալի Բալասանյանը գիտակցելով, որ ԱԱԾ աշխատակիցները կարող են նաև խուզարկություն կատարել առանց դատարանի թույլատվության՝ որոշակի պայմանների առկայության դեպքում, Վիտալի Բալասանյանը բացատրություն է պահանջել տվյալ անձանցից ներակայցնել այն հիմքերը, որ առանց դատարանի թույլտվության հնարավոր կլինի խուզարկել»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ պարզվել է, որ իրականում գոյություն է ունեցել դատարանի կողմից թույլտվություն խուզարկություն կատարելու վերաբերյալ․

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչն էր խանգարում ԱԱԾ աշխատակիցներին ներկայացնել այդ որոշումը։ Պարոն Բալասանյանը ընդհանրապես տեղյակ չի եղել, որ կա դատարանի որոշում, այդ իսկ պատճառով նա խնդրել է, որպեսզի գործեն իրավունքի շրջանակներում»,- նշեց նա։

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վրա բռնության հետքերին, փաստաբանն ասաց, որ իր կողմից զննությամբ գեներալի մարմնի վրա մոտ 7-9 վնասվածքներ կան․ «Սրտից մի քիչ ներքև, մեջքին, դաստակին, ձեռքերին շուրջ 7-9 վնասվածք կա, իսկ դրանք ցույց են տալիս, որ բերման ենթարկելու ժամանակ ֆիզիկական բռնություն է կիրառվել, որոնք պետք է գնահատականի արժանանան»,- ասաց նա։

Ռաֆայել Մարտիրոսյանն ավելացրեց, որ դատարանից ստացել են որոշում՝ իրենց բողոքը մերժելու մասին և գտնում են, որ դատարանի որոշումը չպատճառաբանված և անհիմն է․ «Մենք Վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու՝ Առաջին ատյանի որոշումը անհիմն լինելու հիմքով՝ նյութական և դատաիրավական իրավունքի խախտման պատճառաբանությամբ, որը վաղը կլինի արդեն Վերաքննիչ դատարանում»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Վիտալի Բալասանյանը այժմ գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում․ «Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է»,- ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է երեկ՝ հուլիսի 13-ի երեկոյան։

Մամուլը հայտնեց, որ ձերբակալվել են նաև որդին և քեռորդին: Գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տնից, ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով:

Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Ռաֆայել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։