Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախի ու Հայաստանի շուրջ լարվածությունը չի թուլանում, իսկ երեկ հայտնի դարձավ, որ Արցախում չորս զոհ ունենք, առաջին անհրաժեշտության ապրանքներն են անհետացել խանութներից, եւ վիճակը մոտ է օրհասականին, սակայն իշխող կուսակցությունն անշեղորեն շարժվում է իր օրակարգով, որն այս պահին գլխավորապես Երեւանի ավագանու հերթական ընտրություններն են։
Հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել է ընտրություններին մասնակցության հարցը եւ որոշել, որ ՔՊ-ն միայնակ է մասնակցելու Երեւանի քաղաքապետի ընտրություններին՝ առանց որեւէ ուժի հետ դաշինք կազմելու։ «Վարչությունը որոշեց, որ Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի»,- հայտարարվեց նիստից հետո։ Անտեղյակ մարդիկ, իհարկե, տարակուսեցին, թե ինչ դաշինքի մասին է խոսքը` ով է տեսել, որ իշխող ուժը, որը հավակնում է մեծամասնության ձայնը ստանալ, դաշինք կազմի ինչ-որ լուսանցքային ուժերի հետ: Սակայն պարզվում է, որ իշխող ուժն այդքան էլ վստահ չէ իր ուժերին:
Այսպես․ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի վաղեմի դաշնակիցները` Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը, որոնք նրան չէին պաշտպանում 2018 թվականի հեղափոխության ժամանակ, իսկ պատերազմում պարտությունից եւ այսքան կորուստներից հետո միացել են նրան, բանակցում էին նորից դաշինքով ընտրությունների գնալու մասին` ճիշտ «Իմ քայլի» 2017-ի ընտրությունների նման: Այսինքն՝ ձեւավորվեր դաշինք ՔՊ-ի, Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» եւ Արամ Սարգսյանի «Հանրապետության» միջեւ: Ու թեպետ բացահայտ քննարկումներ չեն եղել այս հարցով, սակայն, օրինակ, «Հանրապետություն» կուսակցության անդամները` առնվազն հայտարարությունների մակարդակում, ՔՊ-ին ուղղված քողարկված առաջարկներով էին հանդես գալիս։
Մեր տեղեկություններով, կիրակի օրը «Հանրապետությունը» շտապելով հայտարարել է, որ «Հանրապետություն» կուսակցությունը գլխավորելու է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, Արամ Զավենիչն իր կուսակիցներով փորձել է քաղաքական առեւտրի մեջ մտնել ՔՊ-ի հետ` իրենց դաշնակցությունը թանկով ծախել, քանի որ համարում են, որ Արտակ Զեյնալյանը հանրության լայն շերտերի կողմից ընդունելի անձնավորություն է, եւ, այսպես, թե այնպես, նա փախցնելու է իշխանության էլեկտորատը։ Եվ թեկնածուի մասին օր առաջ հայտարարելով՝ մտածում էին, թե կարող են ՔՊ-ին ստիպել, որ դաշինք կազմի իրենց հետ: Հատկապես որ դրանից ընդամենը օրեր առաջ «Հանրապետության» մեր աղբյուրները վստահեցնում էին, որ Զեյնալյանին համոզել չի հաջողվում: Նա կուսակցական ընկերներին ասել է, որ տրամադրված չէ ընտրություններին մասնակցել, սակայն համոզել են՝ առաջարկելով, որ հանդիպումներին միայն ֆիզիկական ներկայություն ապահովի, մնացածն իրենք կանեն։
Ասվածի ապացույցն Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում երեք օր առաջ Էրեբունի համայնքում բնակիչների հետ ունեցած հանդիպման մասին հրապարակված տեղեկատվությունն է։ «Մեր այսօրվա հանդիպումն Էրեբունի վարչական շրջանում է, որում ելույթ ունեցան եւ հարցերին պատասխանեցին Անի Խաչատրյանը, Սարգիս Մադաթյանը, Ռոմիկ Մխիթարյանը։ Հանդիպման ավարտին հայտնեցինք մեր որոշումը, որ «Հանրապետություն» կուսակցությունը Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին կմասնակցի կուսակցության հիմնադիր անդամ Արտակ Զեյնալյանի առաջնորդությամբ»,- գրել էր Արամ Զավենիչը։
Առնվազն տարակուսելի է, որ քաղաքապետի թեկնածուն ելույթ չի ունեցել, ինչը եւս փաստում է մեր հրապարակումը, որ առաջադրումն այնքան էլ Արտակ Զեյնալյանի սրտով չէ։ Սակայն անգամ այս մարտավարական քայլը չաշխատեց, քանի որ ՔՊ-ում որոշեցին, որ իրենք նախկին եւ ներկա դաշնակիցների աջակցության կարիքը չունեն, չնայած կուսակցության վարչության մեր աղբյուրներն ասում են, որ որոշման վրա մեծապես ազդել է Տիգրան Ավինյանի կարծիքը, ով իրեն բավականին ինքնավստահ է զգում, անգամ օրերս ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ է հասկացրել, որ առանձնապես նրանց աջակցության հույսին չի մնացել: Այդուհանդերձ, այս որոշումը բնորոշ է նաեւ Նիկոլ Փաշինյանի գործելաոճին։ Չնայած պատերազմից հետո ծանր շրջանում Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը նրան մեծ ծառայություններ են մատուցել` միայնակ չթողնելով եւ իրենց վրա վերցնելով հանրային պարսավանքը, սակայն Փաշինյանը սիրում է բոլորին իրենից կախվածության մեջ պահել, այլ ոչ թե պարտքի տակ մնալ։ Եթե երկու ուժերն անգամ պարտվեն ընտրություններում եւ ավագանու այդ մեկ-երկու անդամն էլ չունենան քաղաքապետարանում, Փաշինյանը նրանց անգործ չի թողնի` բոլորին կտեղավորի։
Երեկ ԼՀԿ անդամ, ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դաշինք չկազմվեց, որոշ ժամանակ առաջ Խաժակյանն անձամբ չէր բացառել, որ ավագանու առաջիկա ընտրություններին հնարավոր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով գնան ընտրություններին, ասել էր, որ քննարկումներ են գնում նրանց հետ:
Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ առանձին են մասնակցելու ընտրություններին՝ առանց դաշինքի․ ինչպե՞ս եք մեկնաբանում այս որոշումը՝ հարցրինք Խաժակյանին։ «Այո, ես ի սկզբանե չեմ բացառել դաշինք որեւէ մեկի, այդ թվում՝ իշխող ուժի հետ, բայց իրենք որոշեցին, որ կգնան առանձին։ Մասնակցության ֆորմատի հետ կապված՝ մենք դեռեւս չունենք հստակեցում, բայց, ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ունենք որոշում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում