կարևոր
2410 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-26 19:40
Հասարակություն

Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի քննությունն ավարտել են` առանց պաշտպանական կողմի ներկայության

Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի քննությունն ավարտել են` առանց պաշտպանական կողմի ներկայության

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 26-ին, ավարտել է դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խորհուրդը թույլ չի տվել իրենց՝ փաստաբաններին, ներկա գտնվել նիստին:

Նա ասաց, որ հրապարակման օրը նշանակվել է հուլիսի 3-ը:

«Դավիթ Հարությունյանի դուրս գալով ընդամենը 10 րոպե անց ավարտեցին: Նշանակում է, որ իրենք արեցին ամեն ինչ, որ նույնիսկ փաստաբանները վերև չբարձրանան: Զուգադիպություն չէ նաև այն, որ հուլիսի 3-ը պարոն Հարությունյանի ծննդյան օրն է, նրանք դիտավորյալ հենց այդ օրն են ուզում հրապարակել»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով Արդարադատության նախարարության բուն միջնորդությանը՝ Երեմ Սարգսյանն ասաց. «Ըստ միջնորդության՝ պարոն Հարությունյանը երբ նշել է, որ չի կարող բացարձակ կոնենսուս լինել ԲԴԽ-ում, այսինքն՝ եթե 10 անդամ կան տարբեր մակարդակի, ապա չեն կարող մշտապես նույն որոշումները կայացնել: Ինչու է նա այդպես ասել, որովհետև ԲԴԽ անդամներից մեկը հայտարարել էր, որ բոլոր որոշումները կայացվում են բացարձակ կոնսենսուսով: Արդարադատության նախարարությունը՝ Հարությունյանն ասում է՝ ԲԴԽ-ն միաձայն որոշումներ չի կարող կայացնել, ուրեմն այդ բառի թարգմանությունն է՝ առանց քվեարկության և համաձայնության՝ որոշում կայացնել: Արդյո՞ք ԲԴԽ-ում կարող է լինել իրավիճակ, որ առանց քվեարկության համաձայնության որոշում կայացվի. խայտառակություն կլինի, եթե որևէ մեկն ասի՝ այո»:

Փաստաբանի պնդմամբ՝ դատավորի այդ հայտարարությամբ բարձրանում է ԲԴԽ-ի հեղինակությունը:

Սարգսյանն ընդգծեց, որ Հարությունյանն իր խոսքով որևէ դատական ակտ չի քննադատել և դրա օրինականությունը կասկածի տակ դրել. «Դա Արդարադատության նախարարության ենթադրությունն է, ինչը հաստատվեց նաև նիստի ժամանակ, որովհետև մենք խնդրեցինք մատնացույց անել այն հատվածը, որտեղ Հարությունյանը նման մոտեցում ունի, նրանք չկարողացան, կրկին նշեցին, որ դա իրենց ենթադրությունն է»:

Նշենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։

Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ: