կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 10:45
Իրավական

Պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է, այն գործի քննությունը ձգձգելու միտում ունի. գլխավոր դատախազ

Պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է, այն գործի քննությունը ձգձգելու միտում ունի. գլխավոր դատախազ

Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ Արմեն Դանիելյանի, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով` գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն արդեն երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։ Ինքնաբացարկի միջնորդությունը հրապարակեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն է։

Խուդոյանը հիշեցրեց, որ հունիսի 18–ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին՝ թույլ չտալով նրանց` առարկություններ ներկայացնել իր գործողությունների դեմ։ Բացի այս` սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը ներկա` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջամտեց, որ ինքնաբացարկի միջնորդության հիմնավորումը նախորդ երկու ժամանոց դատական նիստի կարճ սղագրությունն է՝ ամենակարևոր հատվածները բաց թողնված և բովանդակությունից կտրված։

«Այդպիսի հիմնավորմամբ միջնորդություն ներկայացնելը որակում եմ որպես  գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում: Այն ակնհայտ անհիմն է, և դատարանը, կարծում եմ, այս հանգամանքը կհամարի իրավունքներիի չարաշահում»,– հայտարարեց գլխավոր դատախազը:

Նույն պնդումը Արթուր Դավթյանն արեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, որ պաշտպանական կողմը, ասուլիսներ հրավիրելով, փորձում է բարոյահոգեբանական ճնշում գործադրել դատավորի վրա:

«Մենք հույս ունենք, որ մեր դատավորն այդ բարոյահոգեբանական ճնշումներին չի ենթարկվի՝ վստահ լինելով, որ ՀՀ-ում դատավորը պաշտպանված է:  Եթե այս պահի դրությամբ դատարանը որևէ ընթացակարգային իրավախախտում թույլ տված լիներ, մենք մեր դիրքորոշումն արտահայտած կլինեինք: Ակնհայտ է՝ պաշտպանական կողմը գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունի, և եթե այն ունենա նաև օրենքով ընձեռված հնարավորությունների պարբերական գործադրումներ, դատավորը պետք է այն համարի իրավունքների չարաշահում»,- ընդգծեց նա:

Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ դատարանի կողմից կանխակալ վերաբերմունք կա մեղադրյալների նկատմամբ: «Անթույլատրելի եմ համարում, որ Արմեն Դանիելյանը շարունակի այս գործի քննությունը, քանի որ նախկինում նա քննել է Մարտի 1-ի վերաբերյալ գործեր»,- ասաց նա: