կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 12:54
Իրավական

Երկաթուղային ռելսերի գողության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Երկաթուղային ռելսերի գողության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից երկաթուղային ռելսերն ապամոնտաժելու եւ իրացնելու միջոցով յուրացում կատարելու դեպքի առթիվ:

 

«Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲ ընկերության կողմից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը, օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական, պայմանագրեր կնքելու եւ մի շարք այլ լիազորություններով, իմանալով, որ իր ղեկավարած ընկերության տարածքում գտնվող 738,5 մետր երկարությամբ  եւ 64 578 060 դրամ արժողությամբ երկաթուղային ռելսերը չեն պատկանում նշված ընկերությանը եւ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, 2006-2012թթ. ընթացքում դրանք ապամոնտաժել եւ իրացրել է` յուրացնելով գոյացած գումարը` այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: