կարևոր
1951 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-20 16:52
Քաղաքական

Լուկաշենկոն հիմնավոր է համարել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից

Լուկաշենկոն հիմնավոր է համարել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնահատել է կազմակերպության գործունեությունը: Լուկաշենկոյի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի անդամները երբեմն ճիշտ քննադատություններ են հնչեցնում՝ կոնկրետ խնդիրների լուծման գործում թերանալու առումով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Հայաստանի կողմից հիմնավորված պահանջներ են առաջ քաշվում, իսկ Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունը լուծելու համար։

«Ես կասեմ, որ կան խնդիրներ և շատ լուրջ խնդիրներ: Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա միշտ կկշտամբենք միմյանց, դժգոհություն կհայտնենք ամբողջ կազմակերպության գործունեության վերաբերյալ: Խնդիրները գոյություն ունեն այն բանի համար, որ դրանք լուծվեն: Այնպես որ, անկախ ամեն ինչից, մենք պետք է խորամուխ լինենք այն խնդիրների մեջ, որոնք այսօր լուծում են ՀԱՊԿ անդամ Հայաստանը և ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանն ու Տաջիկստանը», - ասել է Բելառուսի ղեկավարը։

Դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարներին՝ Լուկաշենկոն շեշտել է, որ նրանք պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն կոնկրետ խնդիրը, այդ գործում ներգրավեն համապատասխան ծառայությունները, օրինակ՝ զինվորականներին և հատուկ ծառայություններին, և առաջարկներ ներկայացնեն՝ պետության ղեկավարների մակարդակով այդ խնդիրները լուծելու համար:

«Եկեք այս խնդիրները դնենք օրակարգում և լուծենք դրանք։ Եթե ​​մենք օգնենք լուծել հակամարտությունը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին, սկսենք լուծել այդ հարցը, ապա նրանք երախտապարտ կլինեն մեզ: Մարդիկ կդադարեն մահանալ, և այս պետությունները միշտ երախտապարտ կլինեն մեզ: Նույնը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի բարդագույն խնդրին», - ասել է Լուկաշենկոն: