կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-12 14:50
Քաղաքական

Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկել է Ադրբեջանի դեսպանի հետ

Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկել է Ադրբեջանի դեսպանի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք թեկնածու առաջարկել: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Աստանայում անցյալ շաբաթ կայացած` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում գլխավոր քարտուղարի հարցը հիմնական չի եղել:

«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունն ու ՀԱՊԿ-ը: Դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում: Արդյո՞ք  Հայաստանը գլուխ կհանի: Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը»,-ասել է Լուկաշենկոն:

Ուշագրավ է, որ, ըստ բելառուսական БелТА-ի, այդ մասին նա խոսել է Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ, մի երկրի դեսպանի, որը ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկիր չէ, այլև դիտորդի կարգավիճակ էլ չունի, թեև ադրբեջանական մամուլի հրապարակումներից հասկացվում է, որ ձգտում է:

Այդ ցանկության վկայությունն է այն հանգամանքը, որ, ըստ ռուսական Коммерсантъ-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է եղել ընդունել ՀԱՊԿ նիստին որպես հյուր մասնակցելու հրավերը: Բանն այն է, որ ՀԱՊԿ-ում քննարկվել է Աստանայում կայանալիք նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որպես հյուր հրավիրելու գաղափարը: Այդ մասին թերթին հայտնել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին մասնակցած երկու աղբյուր: Ըստ նրանց` նման առաջարկով հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցել է գաղափարին: Ալիևն էլ պատրաստ է եղել ընդունել հրավերը, սակայն դրան դեմ է եղել Հայաստանը:

Նորություն չէ, որ Նազարբաևը և Լուկաշենկոն աչքի են ընկնում իրենց ադրբեջանամետ դիրքորոշմամբ, սակայն Լուկաշենկոյի այս քայլը, կարծես, անցնում է թույլատրելիի սահմանը: Սա բացահայտ ակնարկ է առ այն, որ ՀԱՊԿ-ում գրկաբաց սպասում են Ադրբեջանին:

Լուկաշենկոն նաև այլ մեսիջ է հղում` հավանաբար, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը:

Հավելենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: