կարևոր
25360 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-06 13:27
Սփյուռք Տարածաշրջան

Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 105-ամեակը նշւեց Նոր Ջուղայում

Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 105-ամեակը նշւեց Նոր Ջուղայում

Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի հերոսամարտերի յաղթանակների արդիւնքում կերտւած հայոց պատմութեան պանծալի իրադարձութիւններից՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 105-ամեակի առիթով, կիրակի՝ մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում իրականացւեց ժողովրդական տօնախմբութիւն:

Ծրագրում նախ «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, որից յետոյ տեղի ունեցաւ դրօշի արարողութիւն եւ Հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ. այս բաժինն աւարտւեց ՀՀ հիմնի ունկնդրութեամբ: Արարողութեան ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի։

Այնուհետեւ երեկոյի բացման ելոյթով հանդէս եկաւ հանդիսավար Շաղիկ Մատթէոսեանը. խօսքում կարեւորութեամբ ընդգծւած էր. «Մենք այսօր եկել ենք յայտնելու, որ ոչ ոքու թոյլ չենք տալու մեր անունից զիջելու Հայաստանի եւ Արցախի ոչ մի սանտիմետր հողը, ոչ ոք իրաւունք չունի Արցախը համարելու ոչ հայկական եւ Ադրբեջանի մաս: Մենք տէր ենք կանգնելու մեր պապերից ժառանգւած հայրենիքին: Մենք կը դառնանք արժանի հետեւորդը մեր քաջ նախահայրերի, որոնց յաղթական պայքարի շնորհիւ այսօր կանք: Փառք Սարդարապատի հերոսներին եւ փառք մեր նորօրեայ անձնուրացներին»:

Տօնախմբութեան շարունակութեան մէջ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Զաւէն Սիմոնեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը եւ օրւայ բանախօս, ՀՀ ազգային ժողովի պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը ընդունեցին թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների աշակերտութեան եւ պատասխանատուների, միութիւնների եւ յանձնախմբերի շքերթ տողանցքը:

Այնուհետեւ բանախօսական ելոյթ ծաւալեց Թադէոս Աւետիսեանը: Նա հակիրճ անդրադարձ ունեցաւ 1918 թւականի գոյապայքարին եւ դրանից բխած Հայաստանի Հանրապետութեան կերտմանը, ապա վերադառնալով մերօրեայ խնդիրներին եւ գոյաբանական իմաստով այն պայքարին, որ այսօր տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում, յատկապէս ընդգծեց հայրենիքի գոյութեանը սպառնացող թշնամիների կողմից առաջացած պայմանները եւ աւելացրեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական նպատակն  է՝ Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել պետական կառավարման համակարգը, անդառնալի եւ կործանարար հարւած հասցնել տնտեսութեանը եւ ի վերջոյ հայաթափել Արցախը:

Բանախօսն իր ելոյթի մի այլ բաժնում շեշտելով, որ Հայաստանի գործող իշխանութիւնն Ադրբեջանի հետ համաքայլ սլանում է հակահայ ընթացքով եւ բացայայտ կերպով մեր հայրենիքի անբաժանելի մասը՝ Արցախը, ճանաչում է Ադրբեջանի կազմում, պետականութեան պահպանման եւ արժանապատիւ խաղաղութեան հասնելու միակ ճանապարհը դիմադրութեան եւ համահայկական միասնական պայքարի շարունակութեան մէջ նկատեց:

Նա անդրադառնալով օրեր առաջ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից միաձայնութեամբ կատարւած յայտարարութիւնը, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերը համահայկական ներուժի համախմբման եւ հայրենիքի պաշտպանման գործում, վստահութիւն յայտնեց, որ հայ ժողովուրդը կերտելու է իր յաղթանակը նոր Սարդարապատով: Պրն. Աւետիսեանը խօսքի եզրափակիչ մասում շեշտելով, որ Հայաստանի ազգային ուժերը կամք ու պատրաստակամութիւն ունեն կանխելու վերահաս կապիտուլացիան, այս գոյապայքարում բարձր գնահատեց Իրան-Հայաստան բարեկամական յարաբեութիւնները, սփիւռքի կազմակերպւած համայնքների հսկայական ներուժը եւ այդ թւում նաեւ իրանահայ համայնքների անփոխարինելի դերն ու անուրանալի աջակցութիւնը:

Գեղարւեստական բաժնում ազգային-յեղափոխական եւ իր հեղինակային երգերով ելոյթ ունեցաւ Արթուր Խաչենցը:

Երեկոյի աւարտին իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճանը: Նա զուգահեռներ անցկացնելով 1918 թւականի եւ այսօրւայ պայմաններում մղւող գոյապայքարների միջեւ՝ նշեց, որ ինչպէս 105 տարի առաջ մեր ժողովրդի պայքարը մղւեց Սարդարապատ, Ղարաքիլիսա եւ Բաշ-Ապարան երեք ճակատներում, այսօր նոյնպէս մեր պայքարի ճակատները երեքն են՝ Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը:

Նա ընդգծելով նաեւ, որ մեր պապերը մեզ կտակեցին՝ հայրենիք, պետականութիւն, ազգ ու ժողովուրդ եւ այսօր մեր պարտականութիւնն է ոչ միայն այդ բոլորը պահել ու պահպանել նոյնութեամբ, այլ նաեւ աւելի զարգացնել եւ արժեւորել, հայ ազգի յաղթանակի կերտման գրաւականը համարեց հայրենասիրութեան, ազգասիրութեան եւ միասնականութեան ոգու դրսեւրումը:

Տօնախմբութիւնն աւարտւեց հրավառութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

norjugha.ir