Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ, Արցախի «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Կիմ Խաչատրյանի նահատակության օրն է։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, Հայկական բժշկական իստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Կիմ Խաչատրյանը զոհվեց Արցախի հյուսիսային դիրքերի պաշտպանության ժամանակ՝ հոկտեմբերի 31-ին: Նա առաջնագիծ էր մեկնել՝ ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում ընդգրկվելով։
Շնորհալի, կյանքում ազգային արժեքներով ու ավանդույթներով առաջնորդվող, հայրենիքն անսահման սիրող Կիմը ծնվել է 1995 թ. մարտի 17-ին՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, 2001-2012 թթ. սովորել և ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։
Կիմի նահատակության օրվա կապակցությամբ նրա շիրիմին էին այցելել ՀՅԴ ՀԳՄ, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները, նրա մարտական ընկերները և այլք։
Փա՛ռք ու պատի՛վ քեզ, ընկեր Կիմ Խաչատրյան։
Ռազմաճակատ մեկնելու օրը Կիմը սոցցանցի իր էջում հրապարակել էր հետևյալ բանաստեղծությունը.
Բախտը մեկն է զինվորի`
Կամ մահ, կամ ազատություն։
Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,
Նշանահատիկդ միշտ ճշտված պահիր,
Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,
Եվ նրան հանձնի անաչառ մահին:
Կռվի մեջ չկա գթության խնդիր,
Եվ ոչ էլ խղճի գերակայություն,
Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր
Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն:
Թշնամուցդ ավելի եղիր անողոք,
Լուծիր հնացող ցավը վրեժի,
Թող քեզ չհուզեն կական ու բողոք,
Երբ քո խնդիրը մահն է հրեշի:
Թող որ թշնամիդ անիծի զարկդ,
Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,
Բազուկդ սակայն կօրհնի քո ազգը,
Եվ քաջությունդ երգով կգովի:
Ստորև ներկայացնում ենք «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կողմից՝ Կիմի ծննդյան օրվա առիթով պատրաստած տեսանյութը (մարտի 17, 2021թ․):