կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 09:41
Հասարակություն

«Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն». մարտի 17-ին լրացավ Կիմ Խաչատրյանի 26-ամյակը

«Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն». մարտի 17-ին լրացավ Կիմ Խաչատրյանի 26-ամյակը

Մարտի 17-ին լրացավ ազատամարտիկ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Կիմ Խաչատրյանի 26-ամյակը։

Ծննդյան օրվա առթիվ հերոս հայորդու ծննդավայր Արենի գյուղ էին այցելել ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ատենապետն ու անդամները, ՀՅԴ կամավորական վաշտի հրամանատար Ներսես Տեր-Պետրոսյանը և այլք։

Հիշեցնենք՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, Հայկական բժշկական իստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Կիմ Խաչատրյանը զոհվեց Արցախի հյուսիսային դիրքերի պաշտպանության ժամանակ՝ հոկտեմբերի 31-ին: Նա առաջնագիծ էր մեկնել՝ ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում ընդգրկվելով։

Շնորհալի, կյանքում ազգային արժեքներով ու ավանդույթներով առաջնորդվող, հայրենիքն անսահման սիրող Կիմը ծնվել է 1995 թ. մարտի 17 ին՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, 2001-2012 թթ. սովորել և ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը ծավալել հայրենի գյուղում, հիմնել  ատամնաբուժարան։

Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրը, Կիմը հրապարակել էր ուսուցչի հետ իր լուսանկարը և գրել. «Ուսուցչի օրը... Իմ կյանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ։ Քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»: Իսկ ռազմաճակատ մեկնելու օրը Կիմը սոցցանցի իր էջում հրապարակել էր հետևյալ բանաստեղծությունը. 

Բախտը մեկն է զինվորի`

Կամ մահ, կամ ազատություն։


Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,

Նշանահատիկդ միշտ ճշտված պահիր,

Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,

Եվ նրան հանձնի անաչառ մահին:

Կռվի մեջ չկա գթության խնդիր,

Եվ ոչ էլ խղճի գերակայություն,

Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր

Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն:

 

Թշնամուցդ ավելի եղիր անողոք,

Լուծիր հնացող ցավը վրեժի,

Թող քեզ չհուզեն կական ու բողոք,

Երբ քո խնդիրը մահն է հրեշի:

 

Թող որ թշնամիդ անիծի զարկդ,

Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,

Բազուկդ սակայն կօրհնի քո ազգը,

Եվ քաջությունդ երգով կգովի:

 

Ստորև ներկայացնում ենք «Երկիր մեդիա» հեռուստաընկերության մեր գործընկերների՝ Կիմի ծննդյան օրվա առիթով պատրաստած տեսանյութը: