Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելի քան երեք տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը փորձում է Վրաստանի Փոթիի եւ Ռուսաստանի Կովկաս նավահանգիստների միջեւ լաստանավային բեռնափոխադրումներ կազմակերպել, որը պետք է այլընտրանք դառնա մշտապես ծանրաբեռնված Վերին Լարսի անցակետին։
Լաստանավեր ձեռք բերելու կառավարության մտադրության մասին առաջին անգամ դեռ 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովում հայտարարել էր տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս երեք տարիների ընթացքում տարբեր խոստումներ են եղել, որոնք որեւէ մեկն էլ իրականություն չեն դարձել: Լաստանավեր գնելու մտադրության մասին կառավարության 2019-ի հայտարարությունից հետո՝ շուրջ մեկուկես տարվա ընթացքում, որեւէ առաջընթաց չգրանցվեց։ Լռությունը 2021-ի օգոստոսին խախտեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով, որ կառավարությունը փորձելու է լաստանավային ուղին գործարկել մինչեւ 2021-ի տարեվերջ։
Ավելի ուշ նախարարը հայտնեց, որ լաստանավային փոխադրումը կսկսի գործել նոյեմբերից, սակայն ո՛չ նոյեմբերին, ո՛չ էլ 2021-ի տարեվերջին լաստանավային անցումը չգործարկվեց։
2022-ի մարտին կառավարությունը որոշում ընդունեց պետբյուջեից սուբսիդավորել կանոնավոր լաստանավային բեռնափոխադրման՝ տնտեսվարողների ծախսերը։ Արդեն մայիսին Վահան Քերոբյանը կառավարության նիստին ազդարարեց, որ 2022-ի հունիսի 15-ից կմեկնարկի լաստանավային հաղորդակցությունը, ինչը վերահաստատեց նաեւ հունիսին 6-ին։ Հունիսին 15-ն անցավ, սակայն լաստանավային ուղին կրկին չգործարկվեց։ Օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ լաստանավի գործարկումն ընդամենը օրերի հարց է, սակայն 2022-ը նախորդ տարվա պես անցավ առանց խոստացված լաստանավային հաղորդակցության։
Քրոնիկոնը ամփոփել էր CivilNetCheck-ը եւ եւս մեկ անգամ ապացուցել, որ կառավարության խոստումներն իրականություն չեն դառնում:
Այսպիսով, չնայած կառավարության հավաստիացումներին եւ վերջնաժամկետներին՝ մինչ օրս լաստանավային անցումը չի գործարկվել, իսկ հայաստանյան տնտեսվարողների բեռնատարները շարունակում են շաբաթներով սպասել Վերին Լարսում։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում