կարևոր
4006 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-07 17:29
Քաղաքական

Հայաստանում Վազգեն Սարգսյան է պետք. Արցախը հայկական պահելու հնարավորությունները քիչ են, բայց կան. Վահրամ Բալայան

Հայաստանում Վազգեն Սարգսյան է պետք. Արցախը հայկական պահելու հնարավորությունները քիչ են, բայց կան. Վահրամ Բալայան

Արցախում կա ներքին համերաշխություն և պատասխանատվություն՝ գնալու բացառապես ինքնորոշման ճանապարհով։ Երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող, համենայնդեպս, ես իմ ողջ կյանքի ընթացքում չեն հանդիպել մեկին, ով կասեր, թե որևէ կերպ պատկերացնում է մեզ Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Արցախի նախագահը՝ ասելով «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել...», բայց կրկնեմ՝ Արցախի ընդդիմադիր ուժերը բազմիցս են շեշտել, որ միակ ընդունելի ճանապարհն ինքնորոշումն է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը։

«Ես քննարկման մանրամասներին ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ նախագահը նկատի է ունեցել այն, որ դաշտն ազատ է, եթե իրավիճակից դուրս գալու այլ տարբերակներ տեսնողներ կան, կարող են արտահայտվել։ Մի բան հստակ է՝ խոսելով ինտեգրման մասին՝ Ադրբեջանը նույն էթնիկ զտման իր քաղաքականությունն է առաջ տանում, ուղղակի, քաղաքավարի ձևով»,-ասաց Բալայանը։
Արցախի ԱԺ պատգամավորը վստահեցնում է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և Արցախը հայկական պահելու հնարավորություններ քիչ են, բայց կան։

«Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր ՀՀ ղեկավարությունը մի կողմ է քաշվել ու արցախահայության խնդիրներն իրենը չի համարում։ Մտածել, թե այդպես Ադրբեջանի հետ խնդիրներ ՀՀ-ն չի ունենալու, սխալ է. Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ և դա չի էլ թաքցնում։ 1990-ականներին Հայաստանն ու Սփյուռքն Արցախի կողքին են եղել, միասնական էինք ու կարողացանք հաջողել։ Հիմա ևս կենսական անհրաժեշտություն է այդ միասնությունը։ Ցանկալի արդյունքին հասնելու հարցում ՀՀ դիրքորոշումը շատ կարևոր է, ի վերջո, Հայաստանն է հայության կենտրոնը։ Ասել կուզեմ, որ Հայաստանում Վազգեն Սարգսյան է պետք»,-նշեց պատգամավորը։
Միաժամանակ, ըստ Բալայանի, միջազգային կառույցների ու դերակատարում ունեցող երկրների հետ աշխատելն է կարևոր՝ այն առումով, որ ներկայացվի արցախահայության իրական պահանջը՝ ապրել սեփական հայրենիքում։

«Ես թերահավատ եմ, որ միայն Արևմուտքի կամ այլ երկրների հետ աշխատելով շոշափելի արդյունք կունենանք, բայց որ նրանց հասցնել ու հասկացնելն է պետք մեր ցանկությունը, որն, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է միջազգային իրավունքի շրջանակում, միանշանակ է»,-նշեց Արցախի ԱԺ պատգամավորն ու հավելեց, որ անկախ ամեն ինչից, սեփական ուժերին պետք է ապավինենք, մոբիլիզացնենք մեր ռեսուրսները։

«Դրանք քիչ են, բայց կան, ուղղակի, կազմակերպել է պետք»,-եզրափակեց Բալայանը։