կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 20:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնացենզուրայի շրջանակում են որոշել Թաթոյանին լռեցնել՝ Ալիևին հաճոյանալու համար․ Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանի հանդեպ ՀՀ քարոզչական և տեղեկատվական դիրքորոշումը փոխվել է՝ Փաշինյանի հեղափոխությունից հետո ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարը հին աշխատակիցներին։

ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Արմինե Ադիբեկյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հիշեց 2018 թ-ի հուլիս-օգոստոսը, երբ փաշինյանական նոր ղեկավարն ասաց, որ այսուհետ մենք ոչինչ չենք անելու, ինչը կարող է վիրավորել, նեղացնել կամ զայրացնել Ադրբեջանին։ Այսինքն, Հայաստանը զիջելու, կուլ տալու քաղաքականություն է որդեգրում։

Ադրբեջանի հարցերի փորձագետ Արմինե Ադիբեկյանը, ով ՊՈԱԿ-ում կյանքի էր կոչել բազմաթիվ նախագծեր Ադրբեջանի հակահայ քարոզչության, Խոջալուի, Ադրբեջանի "խավիարային դիվանագիտության" և այլ թեմաներով, քննարկումների մեջ չմտավ՝ ինչո՞ւ է Հայաստանը որոշել կուլ գնալ Ադրբեջանին, պարզապես ավարտեց ընթացքում գտնվող խոշոր նախագիծն Արցախի մասին ու դուրս եկավ աշխատանքից։

Այսօր Ադրբեջանին անընդհատ նեղացնում է մեկ այլ ինստիտուտ՝ ՄԻՊ-ը՝ պաշտպանելով Սյունիքի գյուղացիների իրավունքները, պարտադրելով հայ ռազմագերիների վերադարձը, քննադատելով ՀՀ սահմանային տարածքներն Ադրբեջանին հանձնելու գործընթացը և այլն։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այս աշխատանքի համար հայտնվեց ադրբեջանական մամուլի թիրախում։ Եվ գրեթե անմիջապես էլ նրանց միացան ՀՀ փաշինյանական իշխանությունները՝ փորձելով զրկել ՄԻՊ-ին ֆինանսական անկախությունից։

«Այստեղ կարևոր հանգամանք կա, որ ամեն ինչը չէ, ինչ հրահանգված է․ գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ ինքնացենզուրա, երբ դու մտնում ես ինչ-որ մի թրենդի մեջ, տենդենց ես նկատում, ինքդ քո մոտեցումները, քո վարվելակերպը, քո մտածելակերպը համապատասխանեցնում ես այդ թրենդին։ Այսինքն, հավանաբար Ալիևը չի զանգահարել և չի ասել՝ Թաթոյանի բերանը փակեք, նրանք Թաթոյանի անձի և գործունեության շուրջ մի շարք հոդվածներ են գրել, որ նա ադրբեջանատյաց է, որ նա խոչընդոտում է խաղաղ գործընթացին և այլն, և այստեղ արդեն ինքնակազմակերպման շրջանակներում որոշել են, որ Իլհամ Ալիևին հաճոյանալը կամ «գործընթացը» չխոչընդոտելը դա Արման Թաթոյանին լռեցնելն է»,-մեկնաբանեց Արմինե Ադիբեկյանը։

Իսկ Արման Թաթոյանը, նրա խոսքով, ընդամենը ցույց է տալիս Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որ ոչ մի վայրկյան չի դադարել առայսօր, և հայ ռազմագերիների կարգավիճակը և նրանց վերադարձի գործընթացը, որի մասին ՀՀ իշխանությունները կարծես մոռացել են։

«Որովհետև միակ բանը, ինչ ես լսում եմ նրանցից, դա՝ «4000-ը չի գերազանցել»․․․ անգամ եթե 3 հոգի է գերության մեջ, դուք ո՞նց եք քնում՝ իմանալով, որ ձեզ 3 քաղաքացին գտնվում են թշնամական երկրում՝ գերության մեջ, դուք հազարների՞ց եք խոսում՝ հազար էս կողմ, հազար էն կո՞ղմ․․․»,-տարակուսեց Արմինե Ադիբեկյանը։

Նա վստահ է, որ հայ գերիների և Ադրբեջանի հակահայ քաղաքականության թեման չպետք է լռեցվի ոչ մի պարագայում և ոչ մեկի կողմից․ այնինչ այսօր, փաստացի, միակ մարդը, որն այդ թեման թեժ է պահում, Արման Թաթոյանն է։

«Ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները․ Արման Թաթոյանին փորձում են լռեցնել ամենավատ տարբերակներով՝ ֆինանսավորում կրճատելով, ի դեպ, այդ կրճատումների մեջ անձամբ իրենց պարգևավճարները մտա՞ծ են, թե՞ ոչ»,-հռետորական հարց ուղղեց ադրբեջանագետը։

Նա նկատեց, որ Արման Թաթոյանին պետք է լռեցնել, որովհետև Իլհամ Ալիևը խոստացել է երբևիցե, միգուցեև, եթե ՀՀ իշխանություններն իրենց խելոք պահեն, մի լափաման կհատկացնի․ «Չնայած, սուտ է ասում, որովհետև Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի պես սուտասան է»։

Լռեցնելով միակ մարդուն, որ թեժ է պահում հայ գերիների թեման, կհասնենք նրան, որ այդ պատանիները կմնան Ադրբեջանում ցմահ՝ մտահոգություն հայտնեց Արմինե Ադիբեկյանը։

«Եվ ես ձեզ վստահեցնում եմ․ անտերության մատնված նրանք ենթարկվելու են ամենավերջին և ամենասարսափելի խոշտանգումներին։ Որովհետև ինչ բան է ադրբեջանական բանտը դա ձեզ կարող են պատմել ցանկացած ադրբեջանական իրավապաշտպաններ, որոնք գոնե 3 ամիս եղել են այնտեղ․ Էյնուլլա Ֆաթուլլաևը «Мои темницы» աշխատությունում շատ մանրամասն պատմում է բանտում տեղի ունեցածների մասին։ Կամ թող միջազգային կառույցների զեկույցները կարդան ադրբեջանական բանտերում խոշտանգումների մասին»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։

Նրա համար անհասկանալի է, որ իրենց նախկին ՊՈԱԿ-ը, որն այժմ փոխել է ուղղվածությունը և Ադրբեջանի քարոզչությանը հակազդելու փոխարեն «Ֆեյքերի ՊՈԱԿ» պիտակն է ստացել, մի կառույց, որը պետք է ամբողջ աշխարհը հեղեղեր մեր տեղեկատվությամբ, չի տիրապետում աշխարհում ընդունված բազային որևէ լեզվի՝ ո՛չ ռուսերենի, ո՛չ ֆրանսերենի, ո՛չ անգլերենի։

ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա իրականացրին ՊՈԱԿ-ի դիմաց՝ դատապարտելով այդ կառույցի ապազգային կեցվածքը։ Արմինե Ադիբեկյանը համարում է, որ, թեև բողոքի ակցիաները միշտ ողջունելի են, որովհետև դրանք միակ միջոցն են, որով հանրությունը կարող է արտահայտել իր վրդովմունքը և զայրույթը, բայց պետք է նաև դատական հետապնդում լինի կառույցի յուրաքանչյուր ապօրինի գործողության դիմաց։ Նա համոզված է, որ պետք է հեղեղել ԱԱԾ-ն բողոքներով, կոնկրետ դիմումներով, թող ԱԱԾ-ն, ի վերջո, զբաղվի գործով։

«Իհարկե, ես հասկանում եմ, որ դեպքեր են լինում, որ ուզում ես իսկականից ծեծես, բայց դա սխալ է և ավելի ճիշտ է, իհարկե, իրավական ճանապարհով գնալ»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․