կարևոր
4054 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-09 17:36
Քաղաքական

Ասում են՝ ՆԱՏՕ-ն մեզ կփրկի․ սո՛ւտ է․ Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին՝ 

Բրյուսելում քննարկվում էր Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու ճանապարհային քարտեզը

Սիրելի՛ ժողովուրդ,

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական հակադրությունների թատերաբեմ, հայ ժողովրդին՝ դրսի խաղերի մանրադրամ։ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցածը ոչ թե ավելացրել է մեր անվտանգային կարողությունները և դիվերսիֆիկացրել մեր տնտեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակը։

Բրյուսելում ընդամենը քննարկվում էր Հայաստանը հակառուսական ու հակարիանական պոլիգոնի վերածելու սցենարը, մեր երկիրը երկրորդ Ուկրաինայի վերածելու ճանապարհային քարտեզը։

Ամեն ինչ սկսվեց Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին։ Փաշինյանի համաձայնությամբ և Ալիևի կատարմամբ Արցախը հայաթափվեց։ Շարլ Միշելի շուրթերով Արցախի հայությունը սկզբում հռչակվեց որպես «Արցախի էթնիկ հայ բնակչություն», հետո ստացանք արցախահայության էթնիկ զտում։ Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար։

Հայաստանի իշխանությունները մի հրեշավոր բանաձև էին առաջ քաշել, այն է՝ Հայաստանը խաղաղ կապրի, եթե Արցախը հանձնենք Ադրբեջանին։

Իրականությունն այն է, որ Արցախը հայաթափվեց, ու հիմա զոհասեղանին է դրված Հայաստանը, քանզի Պրահայում Փաշինյանը, հանուն սեփական շահերի, պատռեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը 44-օրյա դավադիր պատերազմից հետո Արցախի հայկական մնալու երաշխիքն էր, և որն ի հեճուկս Փաշինյանի ցանկության էր ամրագրվել։

Հարգելի՛ ժողովուրդ,

Հիմա քեզ մեկ այլ սուտ են հրամցնում։ Ասում են, թե, իբր, ԵՄ դիտորդները սահմաններում խաղաղություն են ապահովելու, և Հայաստանը շուտով ԵՄ անդամ է դառնալու։ Ասում են, թե ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր երկրի շահերից է բխում ու ՆԱՏՕ-ն մեզ կփրկի։ Սո՛ւտ է։ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանի անվտանգության ապահովման կարողություն և ծրագիր չունի։ Արևմտյան արժեքները չի՛ կարելի շփոթել արևմտյան վեկտորի ընտրության հետ։ Դա շատ դաժան վերջաբանի կարող է հանգեցնել։

Մեր երկրի դեմ ագրեսիայի դեպքում Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնելու։ Հատկապես որ Արևմուտքի խնդիրը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը։ Ինքը գիտի, որ արժանանալու է Սահակաշվիլու ճակատագրին։ Դրա համար էլ առաջնոդվում է «Կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով։ Հայաստանի քարտեզի որոշումն էլ թողնում է Ալիևին։

Այս ամենին պետք է վերջ տալ։ Փաշինյանի հեռացումը խաղաղության ու մեր պետականության պահպանման գլխավոր նախապայմանն է։