կարևոր
3823 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 11:40
Իրավական

15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը

15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 

Դատախազությունից  հայտնում են, որ 2023 թվականի հունվարի 31-ին Մ.Ս.-ն ձերբակալվել է: 

Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Մ.Ս.-ն, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու, կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառման, բոլոր տեսակի կացարաններում կրակմարիչներ տեղադրելու համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։