Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ–ն (ՀՔԱՎ) դատարանում պարտվել է AntiFake.am–ին։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ, 2022թ․ դեկտեմբերի 27–ին վճռել է մերժել ՀՔԱՎ–ի հայցն ընդդեմ AntiFake.am կայքի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և 1 միլիոն դրամ փոխհատուցման պահանջների մասին։ Դատարանը որոշել է, որ «օտարերկյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելով», «օտարերկրյա շահի սպասարկման, վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելու», «…Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար» արտահայտությունները զրպարտչական չեն ՀՔԱՎ–ի համար։
Արթուր Սաքունցին պատկանող կազմակերպությունը դատարան էր դիմել 2021թ․ հունվարի 26–ին։ Ըստ ՀՔԱՎ–ի՝ AntiFake.am կայքում հրապարակված «Որքան գումար են ստացել Հայաստանում գործող ՀԿ-ները Արցախը հանձնելուն սատարելու դիմաց» վերտառությամբ լրատվական նյութում հեղինակի որոշ մտքեր արատավորել են Սաքունցի ղեկավարած կազմակերպության գործարար համբավը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է հոդվածում տեղ գտած հետևյալ արտահայտություններին․
«Ներկայացնում ենք Հայաստանում գործող ամենաակտիվ պրոարևմտյան հասարակական կազմակերպությունների անուններն ու դրանց տարեկան ֆինանսավորման չափը, որոնք, տարիներ շարունակ հանդես գալով քաղաքացիական հասարակության անվան տակ, իրականում Հայաստանում զբաղված են եղել օտարերկյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելով: Տվյալները վերցված են «Dun & Bradstreet» տվյալների մշակման և վերլուծական ընկերության կայքէջից։ ․․․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի նախագահը Արթուր Սաքունցն է, ստացել է 1160000 դոլար, այդ թվում՝ 655992 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից և 36396 դոլարը NED-ից։ ․․․ Բազմիցս գրել ենք վերը նշված հասարակական կազմակերպությունների Հայաստանում ծավալած գործունեության և դրանց բացասական ազդեցության մասին։ Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար։ Նշենք նաև, որ արևմտյան ֆոնդերը շարունակում են ֆինանսավորել այս կառույցներին և Հայաստանում օտարեկրյա շահերը սպասարկող անձանց, ինչից կարելի է հետևություն անել, որ դրանց «առաքելությունը» Հայաստանում ավարտված չէ»։
ՀՔԱՎ ներկայացնող փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը պնդել են՝ AntiFake.am–ը Սաքունցին պատկանող կազմակերպությանը վերագրել է այնպիսի գործողությունների կատարում, որը իրականությանը չի համապատասխամում։ Ըստ նրանց՝ ՀՔԱՎ–ը երբևէ Արցախը հանձնելուն սատարելուն կամ նպաստելուն ուղղված գործունեություն չի ծավալել, որևէ անգամ նման վերագրվող գործունեությունը իրականացնելու համար գումարներ չի ստացել։ Ըստ Սաքունցի՝ «Արցախը հանձնելուն օժանդակելն» ամենապիտակավոր արտահայտությունն է: «Զինվորականները, եթե լսեն այն արտահայտությունը, որ ՀԿ-ն նպաստել է Արցախը հանձնելուն, ապա նրանց մոտ կառաջանա թերահավատություն, դրանով իսկ կնսեմացվի պատիվն ու արժանապատվությունը»,– ասվում է հայցադիմումի մեջ։
AntiFake.am–ի շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Դավիթ Ավագյանը։
Դատարանը՝ ուսումնասիրելով գործի փաստերը, եկել է այն եզրակացության, որ AntiFake.am–ի կողմից հրապարակած արտահայտությունները՝ «…օտարերկրյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում` Արցախը հանձնելուն սատարելով», ՀՔԱՎ–ին չեն վերագրում հանցանքի կամ զանցանքի կատարում, հետևաբար նաև ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտած իրավական վերլուծության լույսի ներքո բացակայում է անձի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող արտահայտությունը: Արտահայտությունը զրպարտություն գնահատվելու համար անհրաժեշտ է նաև, որ անձի վերաբերյալ ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական: Տվյալ դեպքում, պատասխանողի կողմից կատարված հետևյալ արտահայտությունները` «…օտարերկրյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում` Արցախը հանձնելուն սատարելով», պարունակում են վերացական բնույթի դատողություններ և չեն հանդիսանում փաստացի տվյալներ: Ինչ վերաբերվում է «…Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար» արտահայտությանն, ապա դատարանն արձանագել է, որ այն վերացական կարգով հասցեագրվել է ՀԿ-ների աշխատակիցներին և ոչ թե «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ին, հետևաբար հիշյալ արտահայտությունը նույնպես չի կարող գնահատվել որպես հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող: