Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հանդես էր եկել հերթական հակահայկական հայտարարություններով. Փաշինյանը նշել էր, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը 86 հազար 600 քառ. կմ տարածքով, որը ներառում է նաև Արցախը։
Փաշինյանի այս հերթական դավաճանական հայտարարությունն իր արձագանքը գտավ ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սփյուռքում։
Այսպես, Բելգիայի հայերի կոմիտեն նշել է, որ մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը։ Այս շրջանի տեղաբնիկ հայ բնակչությունը, որը խիզախորեն պայքարել է խաղաղության, ազատության և ժողովրդավար ապրելու համար, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հայտնվել է շրջափակման մեջ։ Այս խայտառակ իրավիճակը դատապարտվել է մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից։ Այս պայմաններում միջազգային հանրության պարտականությունն է բոլոր անհրաժեշտ միջոցները գործադրել՝ վերացնելու շրջափակումը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնակիչների խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը։
Ցավով նշում ենք՝ ոչ միայն կոնկրետ ջանք չի գործադրվում այս ուղղությամբ, այլ՝ ընդհակառակը, այս քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողները, կարծես թե, բանակցում են տարածաշրջանի հազվագյուտ ժողովրդավարություններից մեկի կազմաքանդման պայմանների շուրջ՝ այն ամենավատ բռնապետություններից մեկի լծի տակ անցկացնելու համար։ Ի վերջո, կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումը կհանգեցնի նրա բնակիչների էթնիկ զտումներին և հայկական քաղաքակրթության բնօրրան պատմական մշակութային ժառանգության անհետացմանը։ Հայ ժողովրդի պատմությունը՝ Ցեղասպանությունից առաջ և հետո, մեզ ցույց է տվել դրա բազմաթիվ օրինակներ։
Կոչ ենք անում Բելգիային, նրա գործընկերներին և ընթացող քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողներին՝ չտրվել բռնապետությունների շանտաժին և սակարկությանը, այլ վերանայել իրենց ներկայիս դիրքորոշումը և լիովին ձեռնամուխ լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում խաղաղ, անվտանգ և ազատ ապրելու իրավունքի գործին։ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, չեն ազատի բանակցությունների գործընթացում անմիջականորեն ներգրավված միջազգային հանրությանը և Եվրոպային այն մոտալուտ ողբերգությունից, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։
Միացյալ Թագավորության Հայ Համայնքային խորհուրդը և Իռլանդիայի թեմն իրենց հերթին Փաշինյանին ուղղված նամակում նշում են, որ վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան՝ իրար հաջորդող քաղաքական հանդիպումների լույսի տակ կատարվող զարգացումները միայն զայրույթ եւ կտրուկ մերժում են առաջացնում յուրաքանչյուր հայ անհատի մոտ, որ խորապես մտահոգված է Արցախի Հանրապետության շուրջ քննարկումներով։
«Մայիս 22-ին, լրագրողներու հետ հանդիպման ժամանակ Ձեր արտայայտութիւնը, թէ՝ Հայաստան կը ճանչնայ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը 86.600 քառակուսի կիլոմեթրի սահմանումով, կը բացայայտէ Արցախի ժողովուրդի կամքի եւ իրաւունքի լրիւ անտեսումի Ձեր մտադրութիւնը։ Արցախի ժողովուրդը իր կամքը արտայայտած է 1991-ի դեկտեմբեր 10-ի հանրաքուէով, եւ համաժողովրդային կեցուածքով՝ համաձայն ՄԱԿ-ի որդէգրած ազգային ինքնորոշման սկզբունքներուն, եւ որեւէ իշխանութիւն իրաւասու չէ զայն վտանգի տակ առնելու կամ բեկանելու։ Որեւէ կոշտ ու անիրաւ ձեւակերպում, որ նկատի չ’առներ Արցախի հերոսական ժողովուրդի կամքն ու ինքնորոշման իրաւունքը, միաժամանակ կը խախտէ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակագրի եւ երկրի Սահմանադրութիւնը։
Այս նամակով կը փոխանցենք մեր համայնքի հաւաքական վրդովմունքը Արցախի հարցի շուրջ Ձեր վտանգաւոր կեցուածքի եւ դանդաղ ցեղասպանութեան դուռ բացող դիրքորոշման համար», - նշված է համատեղ նամակում։
Ֆրանսահայ Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը (CCAF) նույնպես կտրականապես դեմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության սկզբունքին.
«CCAF-ը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության սկզբունքին։ Մենք վճռականորեն սատարում ենք Արցախում հայ ժողովրդին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի դիրքորոշմանը, որը վերահաստատել է Արցախի ժողովրդի ինքնորոշման կամքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքների։
Միջազգային օրինականության խնդիր հանդիսացող այս իրավունքն առավել եւս անհրաժեշտ է, քանի որ արցախահայությունը էթնիկական զտումների գործընթացի թիրախ է, որն ակնհայտորեն համահունչ է պանթուրքիզմին բնորոշ ցեղասպանական նախագծի շարունակականությանը, ինչպես վկայվում է մասնավորապես 2020 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայի և 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակման միջոցով:
CCAF-ը, որը միավորում է Ֆրանսիայի տարածքում 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ստեղծված ասոցիացիաները, բողոքում է Պատմության կրկնության ռիսկերը եւ կոչ է անում միջազգային մարմիններին զերծ պահել այս սպառնալիքից և պաշտպանել հայ ժողովրդին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, իր պապենական տարածքներում խաղաղ և ազատ ապրելու անքակտելի իրավունքը։ CCAF-ը մասնավորապես կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին օգտագործել իրենց ողջ կշիռը միջազգային ասպարեզում՝ պաշտպանելու ազատ և ժողովրդավարական Արցախը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ընդդեմ Ալիևի ռեժիմի հանցավոր նպատակների։ Առանց արդարության և ազատության հնարավոր չէ խաղաղություն»։
Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը իր զորակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։
«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաեւ խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի եւ ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ եւ թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն, համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն»։
Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունն իր հերթին (UAAS) խստորեն դատապարտել է Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ նշելով, որ հայտարարությունն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի այնպիսի դրույթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև սուվերենությունը և միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրավունքը։