Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղն առավոտյան 8։00-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկում են անհնազանդության ակցիաները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ, որն անցկացվեց Սասունցի Դավթի արձանի մոտ հավաքից ու երթից հետո։
«Ձեր մասնակցությունը շատ կարևոր է, որպեսզի պարալիզացնենք ամբողջ քաղաքը, շրջափակենք ո՛ր շենքը ուզում ենք ու ինչքա՛ն ուզում ենք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Այսօր ևս մեկ անգամ ապացուցեցիք, ասաց նա, որ որևէ կերպ հետքայլ չկա․ այս պայքարը պահանջում է համառություն, պահանջում է տոկունություն, պահանջում է, որ դիմանանք, պահանջում է նաև զոհողություն, և այդ բոլորը միասին անելով՝ մենք գնալու ենք մինչև հաղթական ավարտ, մինչև վերջ։
«Մեր հայրենիքի համար մեր հայորդիները կյանք են տվել, հանուն հայրենիքի իրենց կյանքն են դրել զոհասեղանին, որպեսզի մենք ունենանք պետականություն, ունենանք Արցախ։ Մենք նաև պարտական ենք իրենց։ Եվ այս ամենը՝ այս անձրևը, այն ճնշումները, այն բիրտ ուժը, որ կիրառվում է այսօր՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացիների համար ոչինչ է այն ամեն ինչի դիմաց, ինչ տվել են մեր տղերքը։ Եկեք մեկ անգամ ևս խոստանանք, որ այս գործը հասցնելու ենք իր հաղթական ավարտին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Այսօր շատ կարևոր գործ արեցինք, նշեց նա, հայտարարեցինք՝ բոլոր այն պետական հաստատությունները, որոնք չեն ծառայում ժողովրդին, չեն սպասարկում ՀՀ և Արցախի շահերը, պետք է արգելափակվեն, իրենց գործունեությունը պետք է խաթարվի․ այսօր մենք միասին դա արեցինք։
«Երբ մեր պատգամավորները ձեր պահանջով բարձրացան ԱԳՆ շենք՝ ընդամենը մի բան էին ասում՝ կա՞ այս շենքում մի պաշտոնյա, որ կունենա այդ համարձակությունը, այդ հայրենասիրությունը, այդ տղամարդկությունը և կասի, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դուք տեսաք այդ պաշտոնյաներին՝ խեղճացած, գլուխները կախ, ստորացված վիճակում չէին կարողանում պատասխանել ձեր հարցերին․ դրա՞նք պիտի պաշտպանեն ՀՀ շահերը, դրա՞նք պիտի թուրքերի հետ զբաղվեն սահմանագծման ու սահմանազատման աշխատանքով՝ չեն կարող, որովհետև իրենք կզել են թշնամու առաջ։ Երբ ասում ենք՝ մեր մեջքը պիտի շտկենք, ոտքի կանգնենք, հենց դա նկատի ունենք․ պետք է ազատվենք բոլոր այդ պաշտոնյաներից»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մինչև պատերազմը վիճակը այլ էր՝ ըմբռնումով եմ մոտենում նրանց, ովքեր հավատացել են Նիկոլին մինչև այդ, ասաց Սաղաթելյանը, բայց պատերազմից հետո վիճակն այլ է․ այս օրերին, երբ այս մարդը երկիրը տանում է հերթական զիջումների, Նիկոլին սատարելը մեղք է։
«Հետևաբար, կոչ եմ անում՝ մի՛ մտեք այդ պատասխանատվության տակ, մի՛ կիսեք այդ մեղքի բաժինը, հանուն այդ պաշտոնի մի՛ սատարեք Նիկոլին, որովհետև Նիկոլի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, որոնք չեն կարողանալու կասեցնել ժողովրդի ցասումը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Միևնույն է՝ դավաճանը գնալու է, ասաց նա, բայց պիտի գնա շուտ, որպեսզի էլի ավերածություններ չգործի։
«Ով այսօր նպաստում է, որ Նիկոլը մնա՝ նպաստում է, որ կորցնենք Արցախը, պետականությունը․ հետևաբար, ուշքի՛ եկեք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․