Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պարտականությունները դադարեցրած պետ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ներկայացրել է պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Ջալալ Հարությունյանը հայտարարագրել է բնակարան Արցախի մայրաքաղաքում, որը 2001 թվականին նրան նվիրել է Պաշտպանության բանակը, հայտարարագրել է հողամաս որդու անունով, որը ժառանգել է 2007–ին։
2021–ին 1996 թվականի արտադրության բեռնատար «Մերսեդես» է ձեռք բերել, բանկային հաշվին հայտարարագրել է 148 հզր դրամ, հայտարարատու տարում՝ 2022–ի 8 ամսվա ընթացքում աշխատավարձը կազմել է 7 մլն 195 հզր դրամ։
Անչափահաս որդու դասընթացների համար ծախսել է 585 հզր դրամ, իսկ հանգստի համար 2022–ին ծախսել է 6 մլն 460 հզր դրամ։ Հանգիստն իր մեջ ներառել է ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր, ինչպես նաև կեցության ծախս։
Հարությունյանի կինը՝ Մեդինա Հովհաննիսյանը, որն աշխատում է Թուֆենկյան հիմնադրամում, ներկայացրել է 2021–ի հայտարարագիր, որում որպես կախնիկ գումար հայտարարագրել է 4000 դոլար, աշխատավարձը կազմում է 3մլն 800 դրամ, բանկային հաշվին հայտարարագրել է 610 հզր դրամ, 2019–ին ձեռք է բերել 2013 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ամենագնաց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ին Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել։ Նրան երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Այդ օրվանից Ջալալ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետը չէ, նա այդ պաշտոնին նշանակվել էր 44–օրյա պատերազմին ստացած վիրավորումից ապաքինվելուց հետո։
Աղբյուրը՝ Tert.am