կարևոր
22171 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 16:02
Սպորտ

Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիրը պարտքով է հասել Դուբայ․ նախարարությունը գումար չի տրամադրել

Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիրը պարտքով է հասել Դուբայ․ նախարարությունը գումար չի տրամադրել

36-ամյա Գրետա Վարդանյանը օրերս Դուբայում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում չեմպիոնի կոչում է նվաճել ու տուն վերադարձել երկու ոսկե մեդալով։

«Սա 55 կիլոգրամ քաշային կարգում անձնական պայքարով առաջին տեղը նվաճեցի, իսկ 55 ու 61 քաշային կարգերում երեք մոտեցումներից հաշվարկով նվաճեցի նաև էլի ոսկե մեդալը»,- «Ազատության» հաղորդմամբ՝ ասել է Գրետան։

Գրետան Հայաստանը ներկայացնող միակ մարզիկն էր Դուբայում, թեև, ասում է, հաշմանդամություն ունեցող ևս երկու ծանրամարտիկներ կարող էին մասնակցել ու մեդալներ նվաճել, սակայն նախարարությունը գումար չի տրամադրել, ինքն էլ պարտքով է գնացել. - «Անկեղծ եմ ասում, ուզում եմ բոլոր հայությունն էլ իմանա՝ մենք պարտքով ենք գնացել էս մրցումներին։ Մոտավորապես մեկ միլիոն ու կեսի գումար։ Ու ես մրցումներին գնացել եմ երկու օր ուշացումով, որովհետև մինչ էդ մենք գումար էինք հայթայթում։ Բացման արարողությանը չենք հասցրել, փակման արարողությանը չենք մնացել, որովհետև ամեն մի գիշերը էնտեղ հյուրանոցում գումար արժեր»։

Այսօր համայնքապետարանում գյումրեցի մարզիկներին դրամական պարգևներ հանձնեցին։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ասաց՝ չի իմացել, որ Գրետան պարտքով է աշխարհի գավաթի խաղերին մեկնել. - «Չենք իմացել։ Բնականաբար, անցած անգամները դիմել են, մենք էդ չափով օգնել ենք, բայց էս անգամ չենք իմացել։ Մեր համար շատ ուրախալի է, գնացել են ևս մեկ մեդալ են բերել մեր երկրի, մեր քաղաքի համար։ Մենք մեր ունեցած ֆինանսի շրջանակում նաև փորձենք օգնել»։

Գրետան 88-ի երկրաշարժին է կորցրել երկու ոտքերը, այն ժամանակ երկու տարեկան էր։ Աղետից ընդամենը երկու օր առաջ էին նոր բնակարան տեղափոխվել, որն առաջին իսկ ցնցումներից փլվել է՝ ծնողները զոհվել են, ինքն էլ հաշմանդամություն ձեռք բերել։

Հաշմանդամությունը, սակայն, չի խանգարել, որ Գրետան փոքրուց սպորտով զբաղվի։ Սկզբում հաշմանդամային սայլակավազք, հետո լեռնադահուկային սպորտ, հիմա էլ ծանրամարտ։ Տարբեր միջազգային մրցույթների է մասնակցել։

Գրետան ասում է, որ սպորտի նախարարությունը հավասար աչքով չի նայում իրենց նորստեղծ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիային, որը ղեկավարում է ինքը։ Նախարարությունը մի փոքր գումարով աջակցել է մի քանի ամիս առաջ Վրաստանում կայացած եվրոպայի առաջնության մասնակցության համար, մնացածը անհատ բարերարների միջոցներով. - «Մեր ազգային պարալիմպիկ կոմիտեն կարողացավ անհատ հովանավորներ գտնել, մի փոքր մարզական սնունդով ապահովել ինձ և Սվետային, որ կարողանանք էդ վիտամինները ընդունելով, հավելյալ սնունդ ստանալով ավելի բարձր նվաճումներ ունենանք։ Անհատ հովանավորների միջոցով է եղել էդ ամեն ինչը»։

Ինչո՞ւ են տարբերություն դնում, չէ՞ որ նույն երկիրն ենք ներկայացնում, նույն դրոշը բարձրացնում, նեղսրտած է Գրետան. - «Ուղղակի ցավը էն է, որ նույն մարզիկը նույն տեղում մասնակցելով, ինքը ստանում է ավելի բարձր գումար, նույն մարզիկը պարալիմպիկ սպորտաձևով գնում-մասնակցում է, ոսկե մեդալներով, բրոնզե մեդալներով հետ է վերադառնում, բայց երկու անգամ ավելի ցածր գումար է ստանում։ Ուզում ենք, որ պարալիմպիկ մարզաձևն էլ, մեր հաշմանդամային սպորտաձևն էլ մեր կառավարությունը, մեր ղեկավարությունը, մեր նախարարությունը, վարչապետության անձնակազմը, բոլորը մեզ հավասար չափեն և դատեն։ Որովհետև նույն եռագույնը մենք ենք բարձրացնում, նույն հայ ազգի ներկայացուցիչ ենք։ Ուզում ենք, որ ամեն ինչ հավասար լինի»։

Հաշմանդամային ծանրամարտով զբաղվող 13 մարզիկ կա ֆեդերացիայում։ Նրանցից 3-ն են, որ մեդալներ են նվաճել։ Մի քանի անգամ, երբ դիմել են պետական ֆինասական աջակցության համար, այսպիսի պատասխան են ստացել. - «Դուք որ գնաք դուրս, մեդալ չեք բերելու, հաջողություններ չեք ունենալու, էդ ուղղակի ֆինանսական ծախսեր են... Իսկ մենք ապացուցում ենք մեր յուրաքանչյուր քայլով, որ մենք գնում ենք մեդալով հետ վերադառնալու ակնկալիքով»։

Մի քանի ամիս է կրկին անհատ բարերարների օգնությամբ պարապմունքները տեղափոխել են ավելի հարամարավետ մարզադահլիճ՝ անհրաժեշտ գույքով կահավորված։ Գրետայի մարզիչը հիմա ամուսինն է, այն էլ՝ երբ վերադառնում է մարտական հերթափոխից։ Հիմնական մարզիչը արտագա աշխատանքի է։ Գրետան երկու երեխաների է մեծացնում։ Նպատակ ունի մասնակցել ու մեդալ նվաճել էս ինչ թվին կայանալիք Փարիզի պարալիմպիկ խաղերում։