Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցությունն արտահերթ ընտրություններին գնում է նաև սոցիալ-տնտեսական` մյուսներից տարբերվող քաղաքականությամբ: Այս մասին «Տնտեսական քաղաքականություն և կոռուպցիայի դեմ պայքար. ընտրապայքարին մասնակցող ուժերի ծրագրային մոտեցումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ ընտրաշրջանում շատերը տնտեսական քաղաքականության առումով դառնում են «սոցիալիստ»:
«Դաշնակցության տարբերությունն այն է, որ առաջնային է համարում եկամուտների արդար բաշխումը, ինչպես նաև անվճար կրթությունը. կան հաշվարկներ, թե որքան գումար է անհրաժեշտ, մեծ գումարների մասին չէ խոսքը: Կարևորում ենք նաև անվճար բուժօգնությունը: Եթե այս խնդիրները չլուծենք, ապագայում կայուն աճ չենք ունենա»,- նշեց նա:
Անդրադառնալով հարկային քաղաքականությանը` Պարսյանն ասաց, որ աշխարհում ընդունված է, որ նվազագույն աշխատավարձը չպետք է հարկել, բայց ՀՀ-ում որոշել են հենց առաջին դրամից հարկել բոլոր եկամուտները:
Քննարկմանը ներկա` «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ այսօր, ցավոք, հասարակությանը ծրագրային դրույթները չեն հետաքրքրում: Իսկ իրենք ձգտում են ներառական տնտեսության, երբ բոլոր շերտերը մասնակցություն են ունենում տնտեսական աճին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արկադի Խաչատրյանը համաձայնեց Թունյանի հետ՝ մարդու որակի և կենսամակարդակի բարձրացման կարելի է հասնել ներառական տնտեսությամբ, բայց` ոչ միայն: Այստեղ նա անգամ բնապահպանական խնդիրներ առաջ քաշեց:
ՀՅԴ ներկայացուցիչը ներածական ելույթներից հետո անդրադարձավ կուտակային կենսաթոշակային համակարգին` հիշեցնելով, որ «Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում ժամանակին խոստանում էր չեղարկել այս համակարգը, բայց այնուհետև տեղի ունեցավ վերանայում, որը ոչինչ չփոխեց, և մնացին նույն ռիսկերը: «Պետությունը չի երաշխավորում, որ մենք այդ գումարները ստանալու ենք ամբողջ ծավալով: Բացի այդ` պետական միջոցներից 56 մլրդ դրամ ուղղվում է ֆոնդերի կառավարիչներին, որոնցից պետությունը հետո պարտքով գումար է վերցնում` պարտատոմսերով»,- շեշտեց նա: