կարևոր
3238 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 17:07
Հասարակություն

«Եթե դժոխք ենք որոնում, ապա այն երկար ժամանակ է, ինչ մեզ հետ է»

«Եթե դժոխք ենք որոնում, ապա այն երկար ժամանակ է, ինչ մեզ հետ է»

Արիս Նալջը

«Եթե դժոխք ենք որոնում, ապա այն երկար ժամանակ է, ինչ մեզ հետ է»։

Այս խոսքերը պատկանում են ոչ թե ինձ, այլ՝ օգոստոս ամսից ի վեր Շվեյցարիայում ապրել հարկադրված մի նախկին իմամի՝ Մ Օ-ին, ով «Իմամ-հաթիբ» դպրոցի շրջանավարտ է և դեռևս մի քանի ամիս առաջ կրոնական մշակույթ էր դասավանդում (Թուրքիայում-Ակունքի խմբ

Նա մորական կողմից հայ է, իսկ հորական՝ կրոնապաշտ մի քուրդ։

Նա նույնպես արտասահման գաղթել հարկադրվածներից է, ինչպես՝ շատերը։ Սակայն նրա պատմությունը մի փոքր այլ է։ Դրա մասին գլխի ընկաք նաև վերնագրից։ Նա մի իմամ էր, բայց՝ հայ իմամ։

Այդ փաստը նախ ինձ զարմացրեց։ Մենք միշտ գիտեինք, որ հայը չի կարող (Թուրքիայում-Ակունքի խմբոստիկան, պրոֆեսիոնալ կամ բարձրաստիճան զինվորական դառնալ։ Սակայն նա դարձել էր իմամ, կրոնական մշակույթի դասախոս։

Դրա համար նրա պատմությունը ներկայացնելիս պետք է զգույշ լինեի։ Առավել ևս պետք է ուշադիր լինեի, քանի որ նա սիրում էր զրուցել, աստվածաբանական կրթություն էր ստացել և կարողանում էր խոսքերը համեմել։ Դրա համար մենք զրուցեցինք տեսակապով։

Մեր զրույցը երկար տևեց։ Որոշ հատվածներում նա հուզվեց, որոշներում էլ՝ ես։ Ինքս ինձ դիմում էի, թե ինչպես ձևակերպեմ հարցերս, ինչպես ուղղակի պատասխան ստանամ նրանից։

Զրույցի ընթացքում, որոշ պահերի նկատեցի, որ նրա աչքերը խոնավացել են․ խոսքն ինքս փոխեցի։

Ապա որոշեցինք, որ նրա խոսքը պետք է որպես հարցազրույց ներկայացվի։

Ձեր դատին եմ հանձնելու նրա հետ զրույցս, հայկական ինքնության մասին նրա մտքերը, իմամականությունը, իսլամի և քրիստոնեության վերաբերյալ հայացքները։

Նրա իսկական անվան առաջին տառերը Մ․ Օ․ են, սակայն հարցազրույցում օգտագործելու ենք Սևան Թերզիյանը, անուն, որ նա վերցրել է արտասահմանում։ Ինչպես հայտնի է, նա կրոնապաշտ ընտանիքից է սերում, և իր հայրը ներկայում ևս նման շրջապատի մեջ է։ Առանց այդ էլ ծանր բեռ կրող նրա ուսերին մենք էլ բեռ չավելացնենք։

Իսկ թե ինչու է նա ընտրել Սևան Թերզիյան ազգանունը, կկարդաք հարցազրույցում․․․

Ահա՛ մի հայ իմամի հետ իմ զրույցը․․․

Նախ քո պատմությամբ սկսենք․․․ Որտեղացի՞ ես։ Ինչպիսի՞ ընտանիքից ես սերում։

Ծնվել եմ Սասունում։ Մայրս մի հայ ընտանիքի դուստրն էր, որ բնակվում էր գավառի կենտրոնում, աշխատում գործարանում, և որը ժողովրդի շրջանում հայտնի էր որպես «դյոնմե», հետագայում իսլամացվածներից էր։ Հայրս էլ շրջակայքում բավականին հայտնի մի քրդական աշիրեթի անդամներից էր։ Այն դեպքում, երբ մայրս իր երիտասարդության առաջին տարիներն անցկացրել էր գավառի կենտրոնում, հայրս մեծացել էր գյուղում։ Ժամանակ առ ժամանակ նկատում էինք այդ հանգամանքի բերումով ի հայտ եկած գաղափարական տարբերությունները, չնայած որ երեխա էինք։ Մայրս կրոնական հարցերից իրեն հեռու էր պահում, իսկ հայրս միշտ ավելի լուրջ և բծախնդիր էր մոտենում այդ թեմային։

Ազգության և կրոնական հարցերի հանդեպ քո հետաքրքրության պատճառը ո՞րն է։ Հայկականությունը ձեր ընտանիքում պահպանվա՞ծ ինքնություն է։

Ինչպես բոլորը՝ ես նույնպես մանկությանս առաջին տարիներին ծանոթացա իմ էթնիկ ինքնության հետ։ Մանկության տարիներս ողբերգականորեն համընկան այն տարիների հետ, երբ անջատողական քրդական խմբավորումները բուռն ընդհարումներ մեջ էին պետության հետ, և այդ կռիվները հատկապես մեր բնակավայրերում իրենց գագաթնակետին էին հասել։ Անվերջանալի այդ բռնության պարույրի մեջ մի կողմից պետության պաշտոնական գաղափարախոսությունն ու ուժգին ճնշումն էր, մյուս կողմից՝ քրդական խմբավորումների ինտենսիվ քարոզչությունը։ Պետության կողմից բոլոր ոչ թուրք այլազգիների հասցեին կիրառվող ատելության խոսքի այլընտրանքը տվյալ ժամանակաշրջանում քրդական շարժման՝ բավականին խիստ հռետորաբանությունն էր, որը որոշ առումով ելակետ էր ընդունում այն բռնությունը, որին ենթարկվում էր, և որը կառուցվում էր խիստ առաջնորդի նկատմամբ պաշտամունքի շրջանակում։ Այդ ամենից, մի անկյունից մորս հայության մասին մոխրագույն պատմությունն էր վեր հառնում։ Պատմություն, որ խնամքով թաքցվել էր ինձանից և քրոջիցս։ Այդ մոխրագույն անկյուն մեր մուտքի համար բավականին երկար ժամանակ պետք եղավ։ Այդ առումով, հայությունն ինձ համար երկար ժամանակ որպես փակ տուփ էր մնացել։

«Ինձ գտա իմամության և կրոնական մշակույթի ուսուցչության մեջ»

Մեզ կպատմե՞ս դեպի կրոն, կրոնապաշտություն և ապա իմամություն տարած ուղու մասին։

Երբ հետ եմ նայում, ապա շատ բանի մասին կարելի է խոսել, բայց այստեղ ես կարողանում եմ նկատել, որ սեփական պատմությանս ձևավորման մեջ, ինչպես բոլորի դեպքում, առավելապես ազդեցիկ են եղել շրջապատի գործոնները։ Քիչ առաջ հիշատակածս պատմության մեջ, որպես գավառում բնակվող կես քուրդ, կես հայ մեկի պատմության դերակատար, ինձ համար թերևս միակ ամենահուսալի ափը կրոնապաշտությունն էր։ Մեծ է հավանականությունը, որ հայրս ևս այդ հարցում մեծ ներգործություն է ունեցել։ Նրա պարտադրանքով «Իմամ-հաթիբ» դպրոցում մեկնարկած այդ գործընթացը հետագայում ուղղվեց դեպի Աստվածաբանության ֆակուլտետ, որտեղ ուսանելուց հետո բնականաբար ինձ գտա իմամ դարձած, ով դասավանդում էր կրոնական մշակույթ։

Ի՞նչ տեսակետ ունես քրիստոնեության և այլ կրոնների վերաբերյալ։ Դրա մասին մեր ընթերցողներին պատմելուդ շնորհիվ նրանք քեզ ավելի լավ կհասկանան։

Այդ հարցը շատ բարդ է ինձ համար։ Այստեղ կփորձեմ հնարավորինս անկեղծ լինել։ Կաշխատեմ անկեղծանալ այնպես, ինչպես՝ երբեք չեմ համարձակվել։ Ամբողջ կյանքիս ընթացքում աշխատեցի փախչել այդ հարցից։ Վերստին խուսափել կփորձեմ թերևս։ Անգամ, ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ «Ձեռք բարձրացնելով՝ փախչեմ» քո թույլտվությամբ։ Անկասկած, կրոնական փորձառությունը մարդու կյանքի համար շատ առանձնահատուկ տեղ է գրավում։ Արվեստի, ճարտարապետության, պոեզիայի, երաժշտության և դեռ այլ բազմաթիվ բնագավառներում մարդկությունն ամենաբարձր մակարդակով և խորությամբ իր ստեղծագործություններն արարել է կրոնական փորձառության միջոցով։ Սակայն այստեղ դա չէ, որ հատկապես ցանկանում եմ շեշտել։ Այա Սոֆիան, Սպահանի Ջամե (Ուրբաթ-Ակունքի խմբ) մզկիթը, Ֆլորենցիայի տաճարը, Բաալբեքը և Սուրբ Սարգիս վանքը կամ էլ Աղթամարը եթե չլինեին, այսինքն՝ մարդու՝ սրբության հետ ունեցած առնչությունը եթե նրան արվեստի հոյակերտ գործեր ստեղծելու վիճակին չհանգեցներ, ինձ համար որևէ բան չէր փոխվելու։

Այս հարցին մի փոքր ավելի լուրջ պետք է մոտենալ․ այստեղ խոսքը գնում է անսահման իմացական աշխարհի մասին, դեպի ուր մեզ տանում են խորը ներըմբռնումը և գոյաբանական ցավերը։ Ինձ համար դա շատ մեծ իմաստ է կրում։ Նկատի ունենք բնությունը, տեսակները մեր իմացած ձևով իմաստավորելու երևույթը, այսինքն առնվազն մեր չափ հին աշխարհը։ Քանի որ այսչափ խորացա, մի փոքր էլ առաջ գնամ, եղբայրս։ Աստված գոյություն ունի՞։ Դրա մասին չգիտեմ, ամենայն անկեղծությամբ և բառիս բուն իմաստով չգիտեմ, բայց ներսումս մի շատ մեծ բան ինձ հուշում է բարձրագույն արարչի գոյության մասին։ Դա պետք է որ Աստված լինի, եղբա՛յրս, եթե Աստված չկա, ապա ոչ մի բան իմաստ չունի։ Ես այդ չգոյությունից վախենում եմ, ահ ունեմ, որ մեր ցավերն արձագանք չեն ստանա նման չգոյության մեջ։

Դա Ցեղասպանությունից անգամ ավելի մեծ աղետ է, բայց եթե Ցեղասպանությունից ավելի մեծ ողբերգություն կա, ապա դա այդ ցավի չհանդիպած չգոյությունն է։ Աստծո գոյությունն ինձ համար անքակտելի հիմք է, և եթե Աստված չկա, այնժամ գոյություն չունեցող մի հիմքի վրա մեզ մի մեծ ոչնչություն է սպասվում։ Ես ոչնչություն չե՛մ ուզում, եղբա՜յրս։ Ոչնչությունը ինձ համար երբեք ցանկալի չի եղել։

Քրիստոնեությունը

Այս ելակետից անդրադառնամ քրիստոնեությանն առնչվող իմ գաղափարներին։ Ինձ համար քրիստոնեությունն այն բանի անվանումն է, որը այն Արարչին, որին ցանկանում եմ հավատալ, դնում է գթասիրտ, անծայրածիր գթառատ և տոկուն հիմքի վրա։ Այս կրոնում կան խորը փոխաբերություններ։ Մարիամ Աստվածածինը, Հիսուս Քրիստոսի ինքնազոհաբերությունը դրանցից մի քանիսն են։ Քրիստոնեության ատրիբուտները, պատմության ընթացքում ի հայտ եկած բոլոր հաստատությունների նման, բնականաբար մի շարք սխալներ և վատ արարքներ են գործել, բայց ինձ համար քրիստոնեությունը դեռևս իր էության մեջ նշանակում է անարատություն ու մաքրություն։

Քո բնակավայրում, որտեղ անցել են քո մանկությունն ու պատանեկությունը, ինչպե՞ս էին պահպանվում կրոնական ինքնություններն ու հայկականությունը։

Իմ ծննդավայրում գավառական կրոնապաշտ ըմբռնում կար։ Դրան կարող ենք հավելել նաև ավանդական կրթություն մատուցող կրոնական հաստատությունները, որոնք սակայն այդ ժամանակաշրջանում քրդական քաղաքներում հիմիկվա չափ ուժեղ չէին և գտնվում էին կենտրոնական կառավարության հսկողությունից դուրս։ Այդ հաստատություններում կրթվող հոգևորականները շատ ֆանատիկ և ավանդապաշտ էին լինում, տեղի բնակիչները պետության կողմից նշանակված հոգևորականներից առավել այդ հաստատությունների մամլիչի տակով անցած մոլլաներին էին վստահում։ Դրանք կարելի է որոշ առումով նմանեցնել թալիբանների մեդրեսեներին (իսլամական հոգևոր դպրոց-Ակունքի խմբ)։ Ըստ էության, այն, ինչ ապրում էինք, գյուղացիություն, գավառականություն էր, այսինքն՝ կրոնապաշտության մի կերպ, որ ձևավորվել էր ավանդական հավատքների, մի քիչ էլ՝ իմ կողմից մեդրեսե անվանված վանքանման հաստատություններ ավարտած հոգևորականների տարածած ֆանատիկության, հետադիմականության և ձևապաշտության միջոցով։ Եթե անդրադառնանք այն հարցին, թե ինչպես էր ընկալվում հայկականությունը, ապա պետք է արձանագրենք, որ, անկեղծ ասած, այստեղի մարդիկ կրում էին ռեդուկցիոնիստական գաղափարներ։ Թեև Սասունը շատ հին բնակավայր է, սակայն այն իր տեղացիներին չի ունեցել։ Ավելի ճիշտ՝ Սասունը մի վայր է, որտեղ տեղաբնակները խնամքով «քերվել» են։ Դժբախտաբար, երբևիցե ականատես չեմ եղել, որ ավանի նոր տերերը իրենցից առաջվա տանտերերի նկատմամբ հավատարիմ վերաբերմունք դրսևորեն։ Ոչ հեռավոր անցյալում այստեղի քարերը, հողերը, աղբյուրները, արտերը ստեղծած, գեղեցիկ այգիներից խաղող հավաքած և սարերի ամենաբարձր գագաթներին չնաշխարհիկ ստեղծագործություններ թողած այդ ժողովրդի անունն անգամ այլևս չէր հիշատակվում։ Ինչ վերաբերում է այստեղ մնացած և իսլամացված հայերին, ապա նրանք երբեք հայկականությունը պահպանելու պահանջով հանդես չեն եկել։ Արդեն իսկ նրանց մեծ մասն իր «հոռի» անցյալից ազատվել չկարողանալու պատճառով պետության և տեղացի բնակչության մեջ իր կյանքը շարունակում էր արտոնյալ խավի հսկողության տակ։

Այսօր քեզ Շվեյցարիա բերած պայմաններն ինչպե՞ս են գոյացել։

Պատմությունը տարօրինակ քմահաճույքներ ունի։ Երբ որոշ վայրերում ի հայտ եկած սոցիալական ու քաղաքական իրադարձությունները մարդու էության ու պատվի համար այլևս անտանելի են դառնում, այդտեղ ապրող մարդիկ ցանկանում են ուրիշ աշխարհներ գնալ՝ իրենց պատմությունը շարունակել կարողանալու համար։ Այդ ընդհանուր օրենքը մի կողմ թողնելով, ըստ իս, հարկ է հետևյալ հարցը բարձրացնել՝ նախքան ինձ համար մասնավոր պատճառներին անդրադառնալը․ որո՞նք էին այսչափ ժամանակ քեզ այստեղ ապրել հարկադրած պատճառները։ Իրարից շատ տարբեր թվացող, բայց ներհյուսված այդ պարադոքսի մեր փոքր մարմիններ ընդգրկված պատմությունների դերակատարներն էինք, իրականություն, որի մեջ ստիպված էինք ապրել։ Իմ պատանեկության առաջին տարիները շատ էին տարբերվում այն քաղաքական մթնոլորտից, որում այսօր գտնվում ենք, և կարծում եմ՝ ի տարբերություն մեզ նախորդած սերունդների, առաջին անգամ մեղր էին քսել մեր շուրթերին։

Հուլիսի 15-ը և հետաքննությունները

Երկար ժամանակ չցանկացանք արթնանալ այդ քաղցր թմբիրից։ Քրդական հարցի շուրջ զարգացող գործընթացը, ցավոք սրտի, ձախողվեց, դրան հաջորդած հեղաշրջման փորձից հետո մտանք մի գործընթացի մեջ, որը ճիշտ և ճիշտ հիտլերական Գերմանիայի կառուցման ընթացքում խորհրդարանային շենքում ծավալված և «Ռայխստագի հրդեհ» անվամբ հայտնի հրդեհին էր նմանվում։ Ինչպես որ նացիստները և Հիտլերը Ռայխստագի հրդեհն օգտագործեցին սոցիալ դեմոկրատներին, կոմունիստներին և հրեաներին դրանում մեղադրելով՝ նրանց դեմ բռնարարքներ սկսելու համար, էրդողանական ռեժիմը նույնն արեց Թուրքիայում։ Միլիոնավոր մարդիկ հարցաքննության ենթարկվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ օրենքի դրույթների վրա հիմնված որոշումներով աշխատանքից հեռացվեցին, հազարավոր մարդիկ ձերբակալվեցին ու բանտարկվեցին։

Մտավորականներ և լրագրողներ ազատազրկվեցին։ Համայն երկրով մեկ հայտարարված արտակարգ դրության պայմանները օրինական համարվեցին։ Ես էլ երկար ժամանակ դիմադրեցի այդ դրությունն ընդունելու հարցում։ Ինչու՞ այդքան երկար դիմադրեցի՝ չգիտեմ, թերևս սասունցի լինելս կապ ունի դրա հետ։ Դեհ գիտես, եղբա՛յրս, մերոնք մի քիչ դժվար են համոզվում։

Երբ ձեր շուրջ նման բաներ են կատարվում, դուք նույնպես ձեզ սպառնալիքի և ճնշման տակ եք զգում։ Ես ևս, ինձ նման ընդդիմադիր բազմաթիվ ընկերներիս պես, հեղաշրջման փորձից հետո մի շարք հետաքննությունների և հարցաքննությունների միջով անցա։ Թեև ժամանակի ընթացքում այդ հետաքննությունների մեծ մասը փակվել էր, սակայն այն հաստատություններում, որտեղ աշխատում էի, ղեկավարների հետ անընդհատ խնդիրներ էի ունենում։ Կարծում եմ, դա նշանակում էր, որ մեզ պիտակավորել էին։ Մի քանի անգամ ակցիաների ժամանակ ոստիկանների հետ խնդիրներ ունեցա։ Ինձ ուղղված սպառնալիքը կապված էր ոչ միայն ընդդիմադիր ինքնությանս հետ։ Քանի որ ես «ներսից» մեկն էի համարվում և եթե «բացահայտվեմ», պատկերացնում էի այն բռնության չափը, որին ենթարկվելու էի։ Իսկ վերջին կաթիլը եղավ իմ վերաբերյալ այն տեղեկությունները և հայտարարությունները, որոնք տարածվեցին սոցիալական ցանցերում, և որոնցում մինչև իսկ իմ տան հասցեն էր նշված։ Թուրքիայում հեղինակություն վայելող մի մեծ կրոնական համայնքի էջերից տարածվող այդ տեղեկություններում շեշտված էր, որ ես ծպտյալ հայ եմ, և մինչև իսկ ինձ մեղադրում էին, որ իբր հեգնում եմ իսլամական արժեքները։ Այդ ամենը տեսնելուն պես, առանց ժամանակ կորցնելու, լքեցի երկիրը։

Որպես հոգևորական (իմամ) աշխատածդ շրջանում ընտանիքիդ հայկական ինքնության պատճառով խնդիրներ ունեցե՞լ ես։

Հայկական ինքնությունս երկար ժամանակ թաքցրել եմ, բայց մի տեղ բացահայտվեց․ ի՞նչ եղավ, ինչպե՞ս գտան՝ չգիտեմ։ Այն վայրում, որտեղ աշխատում էի, մյուֆթին մի օր ինձ իր սենյակ կանչեց և ասաց, որ բողոք է ստացվել այն մասին, թե ես մի եկեղեցում եմ երևացել։ Երբ ես ասացի, որ մի թաղման արարողության էի գնացել, նա զարմացավ։ Ավելի շատ զարմացավ, երբ ասացի, որ հայ ազգականներ ունեմ։ Ի վերջո, ահավոր զարմացավ, երբ հավելեցի, որ մայրս հայ է։ Մյուֆթին ինձ մեկ այլ մզկիթ ուղարկեց՝ աշխատելու։ Նման տեղեկության հայտնի դառնալն արդեն իսկ մարդուն անհանգստացնում է։ Այդ տեղեկությունը դամոկլյան սրի նման կախված է մեր գլխին։

«Ապրում եմ մեկ մարմնում, բայց՝ երկու հոգում»

Մեր զրույցի ժամանակ ասել էիր, որ նույն մարմնում երկու հոգի ես կրում։ Մի փոքր կմանրամասնե՞ս։

Տարիներ առաջ մի թերապիայի էի մասնակցում․ երբ հոգեբանը հարցրեց՝ «Ինչպե՞ս եք Ձեզ զգում», պատասխանեցի․ «Ապրում եմ այնպես, կարծես մեկ մարմնում երկու հոգի կրեմ»։ Մի հոգիս այն էր, ինչ մարդկանց էի ցույց տալիս, որով ինձ ընկալում էր հասարակությունը, և որը ձևավորել էր ինձ, իսկ մյուսը թաքցնում էի բոլորից, խնամքով հեռու պահում մարդկանց աչքից։ Բոլորի աչքից հեռու, տարբեր, գաղտնի ինքնություն և անուն եմ կրել, բայց դա կարող էր վնասել ինձ։ Մի կողմից էլ հոգնեցուցիչ է, երբ մարդ ապրում է իր կրծքի տակ թաքցրած մի տեղեկությամբ, որը բացահայտվելու դեպքում վնաս է կրելու։ Դրա համար այդ դրությունը նկարագրեցի մի մարմնում երկու հոգի արտահայտությամբ։

Տան վրա հարձակումները

Ինչպե՞ս որոշեցիր արտասահման գնալ։

Բեկումնային կետը եղավ այն, երբ դարձա կրոնական խմբավորումների ատելության խոսքի թիրախ։ Դա ինձ վաղուց ի վեր վախեցնում էր, և այո՛, համոզվեցինք, որ ահը ճակատագրական օգուտ չունի։ Մեղադրվում եմ ծպտյալ հայկականության մեջ, և նաև պնդում են, թե իբր վիրավորել եմ իսլամական կրոնի սրբություններն ու թուրք ազգին։ Այսինքն՝ բառիս բուն իմաստով լինչի դատաստանի ենթարկվելու նախապատրաստություն կար։ Այդ գործընթացում ինձ փորձել էր (երկիրը լքելու գաղափարից-Ակունքի խմբ) հետ պահել հատկապես կրտսեր քույրս՝ Էմինե Թ․-ն, բայց նա ևս ապշել էր, երբ իմ հեռանալուց հետո տան վրա հարձակված ոստիկանները ճնշումներ էին բանեցրել։ Արդեն իսկ հենց այդ դեպքը տեղիք տվեց, որ նա ևս մտափոխվի։ Ոստիկանները բազմաթիվ վիրավորանքներ ու սպառնալիքներ էին տեղացել։ Ամենայն հավանականությամբ, դրանք այն ոստիկաններն էին, որոնք վերջին տարիներին էին տեղավորվել աշխատանքի և պահպանողական հայացքներ ունեին։

«Անմիջապես հեռացվեցի»  

Քեզ ուղղված բողոքները ե՞րբ սկսվեցին։ Որո՞նք էին դրա պատճառները։ Ի՞նչ հիմնավորումներ և դատական գործեր կային։

Անկեղծ ասած, հստակ ես էլ չգիտեմ՝ ինձ ուղղված բողոքները երբ սկսեցին, փաստաբանս ձգտում է ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը։ Մի բան հաստատ է, որ ծանուցում է ստացվել, բայց թե որ «հանցագործության» համար եմ մեղադրվում, տեղեկանում ենք դատախազի պատրաստած մեղադրական եզրակացությունից։ Թուրքիայում վաղուց ի վեր ընդդիմադիրներին և հատկապես ոչ մուսուլմաններին ուղղված մի շարք գործող օրենքներ կան։ Դրանցից մեկը Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն է, որի մասին դու էլ ես քաջատեղյակ։ Այսինքն՝ պնդում են, թե ես ստորացրել եմ Թուրքիայի Հանրապետության պետությունը և ազգին։ Հավելումն՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ համարը կրող օրենքը։ Այսինքն՝ պարոն դատախազը պնդում է, թե ես ժողովրդի մեջ վրեժխնդրություն և թշնամություն եմ սերմանում։ Պարոն դատախազը այլ մեղադրանք էլ է ինձ ուղղել․ նա հավելել է, թե ես վիրավորել եմ սրբությունները և հանրապետության նախագահին։ Իսկ իմ «գործած հանցանքների» ապացույցը, ըստ դատախազի, «սոցիալական հարթակներում կիսված նյութերս են, որոնց ամսաթվերն անհայտ են»։ Այսինքն՝ մինչև իսկ անհայտ է, թե երբ են այդ նյութերը հրապարակվել։ Երբ անվտանգությունում և դատական համակարգում նման բան էր ընթանում, ինձ անմիջապես աշխատանքից ազատեցին այն հաստատությունում, որտեղ աշխատում էի։

Ի՞նչ ես մտածում Թուրքիայում կրոնական մշակույթի և բարոյագիտության կրթության վերաբերյալ։ Քո կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որ այդ համակարգը բարելավվի։

Պարտադիր կրոնական դասի խնդիրը Սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո Թուրքիայի տևական քննարկումների խորագրերից մեկն է։ Սույն հարցիվերաբերյալ Սահմանադրության դրույթը հետևյալն է․ «Կրոնական մշակույթի և բարոյագիտության ուսուցումն ընդգրկված է տարրական և միջնակարգ ուսումնական հաստատություններում ներառված պարտադիր դասընթացների մեջ։ Դրանից դուրս կրոնական դաստիարակությունն ու ուսուցումը ենթակա են միայն անձանց սեփական ցանկությանը, իսկ փոքրերի դեպքում՝ օրինական ներկայացուցիչների պահանջին»։ Խունտայի սահմանադրության՝ մեզ հրամցրած այս հակադեմոկրատական կիրառումն իր հետ բերեց նաև բազմաթիվ խնդիրներ։

Ցանկացողները google-ի միջոցով կարող են մի կարճ հարցում անել պարտադիր կրոնական դասընթացի անվան տակ։ Այս խնդրի շուրջ իմ կարծիքն այն է, որ պետությունը ոչ մի կերպ չպետք է միջամտի քաղաքացիներին կրոնի և հավատքի ազատության հարցում։ Պետությունը չի կարող իր պաշտոնական տեսակետը հարկադրել կրոնի, հավատքի, սեռական կողմնորոշման, կարճ ասած՝ միայն իրեն՝ անհատին վերաբերող և ոչ մի հարցում։ Դա միայն իրեն՝ անհատին վերաբերող անձնական տարածք է, և քանի դեռ այն ուրիշներին չի անհանգստացնում, ոչ մեկին չի վերաբերում, առավել ևս՝ պետությանը։ Այսօր կսկսեք մի կիրառում, թե ինչ կրոնական հակվածություն պետք է ունենան մարդիկ, հաջորդ օրը՝ թե ինչպես պետք է հագնվեն նրանք, մեկ այլ օր էլ՝ կխառնվեք նրանց սեռական կողմնորոշման հարցին։ Շատ չանցած՝ ձեզ կգտնեք միջնադարի այն մութ օրերի մեջ, երբ ձեռքներին սև դրոշներ և բանտեր՝ մարդկանց արժանապատվությունն ու պատիվը ոտնատակ էին անում։

Փոխել ես քո անունը։ Այս հարցազրույցը ինձ տալիս ես Սևան Թերզիյան անվան տակ։ Կպատմե՞ս, թե ինչու ես հենց այդ անունն ընտրել։

Այդ անունն ընտրել եմ մի հատուկ պատճառով։ Պարզվում է՝ Ցեղասպանությունից առաջ պապս կտորի գործով է զբաղվել։ Ազգանունը (terzi թուրքերեն նշանակում է դերձակ-Ակունքի խմբ) այդ մասնագիտությունից է ծագում։ Իսկ Սևանը մերոնց փոքր եղբայրն է, որին կորցրել ենք Ցեղասպանության ժամանակ։

1915-ը երբեք անցած-գնացած պատմություն չի եղել

Ամեն մի ընտանիք 1915-ի ի՛ր հուշն ունի, ինչպես նաև՝ ընտանիքի ներսում պատմվող ի՛ր պատմությունը։ Քոնը ո՞րն է։

20-րդ դարի առաջին քառորդը, ինչպես բոլորի համար, մեզ համար նույնպես ցավալի էր անցել։ Ցեղասպանությունից փրկված առաջին սերունդը, այսինքն՝ պապս և նրա եղբայրը չէին ցանկանում այդ թեմայի մասին խոսել, քանի դեռ չէին հարցնում, ոչ մեկ ոչինչ չէր պատմում։ Նրանց պատմածներից մեզ մնացածն էլ, մեծ վարպետ Մարկ Նշանյանի խոսքով, «սեփական մահվան վկայությունն է» լինում։ Քանի որ Ցեղասպանության ժամանակ նրանք մանկական տարիքում էին գտնվում, կարելի է ասել, որ նրանց ականատես դարձած բարբարոսության դրվագները անձև նկարագրություններից էին բաղկացած։ Մերոնց, այսինքն՝ «ողջ մնացածների» համար 1915 թվականը երբեք անցած-գնացած դեպք չի եղել։ Չեմ կարծում, թե այս հարցի շուրջ բավարար չափով հստակություն կա։

1915 թ․ հետո տեղի ունեցած դեպքերը, ժամանակակից հանրապետության կառուցմանն ուղեկցելով, ընդգրկում են այն գործընթացը, որում ներառված են սեպտեմբերի 6-8-ի դեպքերից (խոսքը 1955 թ սեպտեմբերի 6-7-ի պոգրոմների մասին է-Ակունքի խմբ) մինչև սեպտեմբերի 12-ի (1980 թվականի-Ակունքի խմբ) ռազմական հեղաշրջումը և իննսունականների մութ միջանցքներից մինչև մեր օրերը։ Այնպես չէ, թե հայերի համար դժոխքը միայն անցյալում է եղել։ Ոչ էլ՝ միայն ապագայում է լինելու։ Եթե դժոխք ենք որոնում, ապա այն երկար ժամանակ է, ինչ մեզ հետ է։ Դժոխք, որի մեջ ապրում ենք ամեն օր, շնչում նրա օդը, դժոխք, որն անդադար նորովի է հանդես գալիս։ Այս դժոխքում ապրելն անընդհատ ուշադրություն և կրթություն է պահանջում։ Դժոխքի մեջ անդադար գալարվելով՝ շարունակել ապրել՝ շուրջդ անընդմեջ զգալով մարդասպանի շունչը։ Իհարկե, եթե հնարավոր է դա ապրել անվանել։

Հիմա ի՞նչ ես անելու։

Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ եմ անելու հիմա։ Շվեյցարիան ինձ համար նորի սկիզբ է։ Ես ապավինում եմ հույսին։ Ներկա պահին այնպիսի ժամանակաշրջան ենք ապրում, երբ կուլ են տվել պատերազմի, հետադիմականության, ֆաշիզմի և տոտալիտարիզմի խայծը։ Այս հարցում ամեն ոք պետք է պարտավորություն ստանձնի։ Ըստ իս՝ դրա ամենակարևոր կողմն էլ ակտիվությունն է։ Այստեղ շարունակելու եմ ակտիվ լինել, ընդդիմանալ և վատ բանաստեղծություններ գրել։

https://artigercek.com/makale/eger-bir-cehennem-ariyorsak-uzun-suredir-bizimle-232643?fbclid=IwAR3gIEAEs7RRrf3XlicvInMTus0OoerqzisSgliHoMlRsBs-UwR-aeeW4p4

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net