կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 00:27
Քաղաքական

Եթե չկա հակազդեցություն, ապա թշնամին անելու է այն, ինչ իր մտքով անցնում է. քարտեզագիր

Եթե չկա հակազդեցություն, ապա թշնամին անելու է այն, ինչ իր մտքով անցնում է. քարտեզագիր

Նոյմբերի 9-ի գիշերը ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրներ են առաջացել։

Բնակավայրերն ազատելու մասին բնակիչները հաճախ տեղեկանում են հայտարարված վեջնաժամկետից ժամեր առաջ:

Հանրությանը շարունակում է հուզել՝ որտե՞ղ են գծվում երկրի նոր սահմանները, և ովքե՞ր են իրականացնում Հայաստան-Արցախի Հանրապետություն-Ադրբեջան սահմանազատման աշխատանքները:

 

Հունվարին դեռ նոր ստեղծվելու է «Սահմանազատման միջգերատեսչական» հանձնաժողով, իսկ մինչ այդ արդեն լուծարված Գեոդեզիայի և քարտեզագրման ՊՈԱԿ-ի գիտնականները և մասնագետները դեռևս չեն ստացել համագործակցության աշխատանք:

Դեռևս նոյեմբերի 23-ին գեոդեզ-քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին ու Արցախի նախագահին՝ նշելով, որ մտահոգված է այս պահին Արցախի սահմանների որոշման գործընթացներով։

Նա անհրաժեշտ է համարել գեոդեզիստների, քարտեզագիրների և այլ մասնագետների ներգրավումը այս աշխատանքներում՝ կարևորելով սահմանազատումից առաջ ուսումնասիրել նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային և այլ տիպի տվյալները, որոշել, թե որ կոորդինատային համակարգում են որոշվելու սահմանների կոորդինատները և ինչ ճշտություն (թույլատրելի շեղում) են ունենալու, ինչ սարքավորումներով, սկզբունքներով և մեթոդներով են իրականացվելու սահմանազատման (դեմարկացիայի) կամ անգամ ժամանակավոր սահմանների որոշումը։

Միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել ՀՀ լիազոր մարմնի այս հարցում ունեցած պասիվության հետ կապված՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞վ են զբաղված այս պահին ՀՀ Կադաստրի կոմիտեն և ԱՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։ Արդյո՞ք այդ գերատեսչությունների մասնագետները մասնակցում են այս աշխատանքներին։ Եթե մասնակցում են, որտե՞ղ են դրանց մասին տեղեկությունները և արդյունքները։

«Նամակին արձագանք եղավ, որից ակնհայտ էր, որ կառավարությունը խորհրդակցելու ոչ մի ցանկություն, նպատակ չունի: Քանի որ ես առաջարկում նշել էի քայլերի հաջորդականություն, պատրաստակամություն, որ կարող եմ մասնակցել, պատասխանն այնպիսին է, որ մենք աշխատանքներն իրականացնում ենք հավուր պատշաճի, համապատասխան գործընթացներով, և կարծում եմ՝ այդ պատասխանից դժվար չէր կռահել, որ ոչ մի խորհրդակցության ցանկություն չունի, կամ առնվազն նպատակահարմար չեն համարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Շահինյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախկինում երկրի սահմանները ճշտելու աշխատանքներն իրականացրել է ոչ թե «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, այլ կատարել է պետական պատվեր՝ մարզային, համայնքային սահմանների ճշգրտում, ամրացում, փոփոխություն և նմանատիպ աշխատանքներ:

«Մեր երկրի պատմության ընթացքում պետական սահմանի սահմանազատման, սահմանանշման աշխատանքներ նախաձեռնելու մեկ դեպք է եղել, որը կապված է եղել հայ-վրացական սահմանի հետ, և այո, այդ հանձնաժողովում ներգրավված են եղել նաև մեր ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Այսինքն, ձևավորվել է հանձնաժողով, որտեղ ներգրավվել են նաև քարտեզագիր մասնագետներ»,- մանրամասնեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակիցը:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին՝ քարտեզագիրը նկատեց. «Եթե չկա հակազդեցություն, ապա թշնամին անելու է այն, ինչ իր մտքով անցնում է: Այսինքն, երբ բերի մի քարտեզ և ոչ մասնագետ մարդու մոտ պնդի, որ՝ գիտես՝ սա է ճիշտը, ես սրանով եմ առաջնորդվում, այդ մարդը պետք է համաձայնվի, որովհետև, եթե մասնագետ չէ, նա կդժվարանա դիմացինին հակափաստարկներ բերել և ապացուցել, իսկ եթե մասնագետ է, կարող է վերահսկել այդ GPS չափումները, իրականացնել, ինչպես նաև ստուգել, թե արդյո՞ք տեղանքում տեղադրված կետը ճիշտ է:

Կարող է նաև կարդալ քարտեզներ, տեսնել՝ սահմանագիծն ինչպես է նշված, կա՞ այս կամ այն բարձունքը, ձորը կամ գետը, և այլն: Մենք հիմա տեղյակ չենք, թե այդ ի՞նչ քարտեզով են եկել ադրբեջանցիները: Միայն վերջերս են կառավարության անդամները սկսել խոսել գործընթացի մասին: «Ազատություն» ռադիոկայանին դեկտեմբերի 16-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը նշեց, որ աշխատանքներն ընթանում են, մի փոքր մանրամասներ տրամադրեց, որոնք մասնագիտական առումով մեծ արժեք չեն ներկայացնում, քանի որ մասնագետներն այդքանը կռահում էին, որ պետք է ինչ-որ հին քարտեզի հիման վրա լինի, քանի որ նորը հիմա գոյություն չունի:

Բացի այդ՝ մասնագետների համար տրամաբանական էր, որ սահմանազատում պետք է իրականացվի ոչ թե ինչ-որ գոյություն չունեցող քարտեզի հիման վրա, այլ պետական մարմինների կողմից հաստատված, այն դեպքում՝ Սովետական Հայաստանի մարմինների կողմից հաստատված, ճանաչված նյութի հիման վրա: Գործընթացը հետևյալն է՝ սահմանազատում պետք է իրականացվի միջպետական փաստաթղթերի հիման վրա: Եթե մեր կառավարությունը հայտարարի, որ սահմանների վերաբերյալ հաստատել, վերիֆիկացրել են Սովետական Հայաստանի կողմից ստորագրված փաստաթուղթը, ապա այս դեպքում այս գործընթացը կարող է ստանալ օրինական ոժ, սակայն, եթե չկա նմանատիպ մի հայտարարություն, չեմ կարդացել որևէ փաստաթուղթ, ապա այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այս աշխատանքների իրականացման իրավական հիմքը չեմ տեսնում»:

Խոսելով GPS-ով սահմաններ գծելու մասին՝ Շահեն Շահինյանն ասաց, որ արբանյակային ընդունիչների տեխնոլոգիաները բավականին մեծ տարածում ունեն աշխարհում, իսկ պնդել, որ դրա կիրառումը սխալ է՝ ճիշտ չէ, քանի որ կան բազմաթիվ քարտեզագրական, գեոդեզիական մեթոդներ, որոնցով իրականացվել և իրականացվում են աշխատանքներ:

«Սակայն մասնագետի ձեռքում ցանկացած տեխնոլոգիա կարող է, այսպես ասած, իր արդյունքը տալ: Օրինակ, երբ մենք GPS արբանյակային ընդունիչներով կատարում ենք չափումներ՝ ստանում ենք սանտիմետրիկ ճշտություն, իսկ եթե GPS-ն իր ձեռքն է վերցրել ինչ-որ ոչ կոմպետենտ մարդ, միանշանակ կարող է սխալվել: Այստեղ պետք է հասկանալ, որ GPS-ն ինքնին սահման չի որոշում, միայն ցույց է տալիս դաշտում այն կոորդինատի տեղադիրքը, որը մուտքագրել եք: Եթե նպատակ ունեք սահմանը սխալ դնել, ապա կարող եք մուտքագրված կոորդինատում ինչ-որ շեղում մտցնել և ստանալ ձեր ուզածը»,- նշեց Շահեն Շահինյանը՝ հավելելով, որ վարչապետի հարցազրույցում կային այն քայլերի մի մասը, որոնք իրենք բարձրաձայնել են:

Նրա խոսքով՝ դա հին նյութերի ուսումնասիրությունն է, պետական դիրքորոշման ձևավորումը, դրանց համապատասխան մեթոդների ընտրությունն ու դաշտային աշխատանքների իրականացումը, սակայն չկան մանրամասներ, թե դա ինչպես է արվում:

«Եթե գաղտնիք է, թե ո՞ր թվականի քարտեզով են անում, ի՞նչ սկզբունքով են ընտրել այդ քարտեզը, և այլն, գոնե մեթոդաբանությունը կարելի էր պարզաբանել, որն այս պահին չունենք»,- եզրափակեց քարտեզագիրը: