Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ։ Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։
Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ։