կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-23 17:26
Քաղաքական

Այդ մի շաբաթում իշխանափոխությունը հրապարակում քցած է լինելու, ժողովուրդը պետք է գնա, վերցնի այն. Նիկոլ Փաշինյան

Այդ մի շաբաթում իշխանափոխությունը հրապարակում քցած է լինելու, ժողովուրդը պետք է գնա, վերցնի այն. Նիկոլ Փաշինյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ակցիաներին՝ նշելով, որ կոնկրետ իրենց համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ ընթացքը:

«Մեզ համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ ընթացքը, մենք դա համարում ենք «բաց ձեռքերի» քաղաքականություն, որը ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը: Նույնիսկ հակաբռնությունը մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:

Անդրադառնալով ներկայումս տարբեր քաղաքական ակցիաներին` Փաշինյանն ասաց. «Ես ողջունում և շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում թե' Վոլոդյա Ավետիսյանին, թե' նրա քայլին, թե' քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնած հավաքներին, ողջունում եմ այդպիսի ակտիվության ցանկացած դրսևորում»:

Հարցին` ժողովրդից որոշակի սպասում կա՞, նա պատասխանեց. «Երբ մենք հրապարակենք մեր 14 օրվա գործողությունների պլանը, բոլորս այդ հարցի պատասխանը կստանանք: Մեզ հարցնում են` էներգետիկա զգո՞ւմ ենք հասարակության շրջանում, մենք կարող ենք ասել` մենք մեր շրջանում ենք էներգետիկա զգում: Սկզբի համար դա, կարծում եմ, բավարար է, ու մենք հույս ունենք, որ մեր գործողություններով այդ էներգետիկան կհաղորդենք հանրությանը»։

Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի` օրերս արած այն հայտարարությանը, թե ճակատամարտն ավարտված է, ու մարտեր մղելու համար արդեն ուշ է, պետք է պայքար մղվեր Սահմանադրության բարեփոխումների ժամանակ, Փաշինյանն ասաց, որ վերարտադրության դեմ պետք է պայքարել հենց բուն վերարտադրության ժամանակ: «Այսօր ՔՊ-ն այն ուժն է, որ ոտքի վրա կանգնած է և հայտարարում է, որ ինքը պայքար է կազմակերպելու Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Մենք ի վիճակի ենք ստեղծել ժողովրդի համար հարթակ: Ժողովուրդն ինքը թող որոշի, եթե ժողովուրդն ուզենա հաղթել` կհաղթի, եթե չուզենա` չի հաղթի: Այն, ինչը մենք անում ենք, խոսել ենք դրա մասին դեռևս 2015 թվականին»,- հայտարարեց նա:

Փաշինյանը հավելեց, որ գործող Սահմանադրությամբ ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ Սահմանադրությամբ: «Այն ժամանակ, երբ մենք նախատեսել ենք քաղաքական պրոցեսները, ապրիլի 9-17, Սերժ Սարգսյանը չի ունենալու քաղաքական իշխանություն` ոստիկանության և ԱԱԾ-ի, բանակի վրա առնվազն ֆորմալ հրամանատարի կարգավիճակ չի ունենալու: Եթե շատ քաղաքական ժարգոնով արտահայտվելու լինեմ` այդ մի շաբաթում իշխանափոխությունը հրապարակում քցած է լիենլու, եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ, վերցնել այդ իշխանությունը, ինքը կգնա և կվերցնի»,- եզրափակեց նա: