կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-07 13:50
Հասարակություն

Ով առաջին գծում գտնվելու հնարավորություն չունի, պետք է նյութական օժանդակությամբ մասնակիցը դառնա հայրենքի փրկությանը. Հրանտ Մարգարյան

Ով առաջին գծում գտնվելու հնարավորություն չունի, պետք է նյութական օժանդակությամբ մասնակիցը դառնա հայրենքի փրկությանը. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով նոր է վերադարձել ԼՂՀ-ից, Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը և անդրադարձավ ՀՅԴ պատվիրակության ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը: Նա նշեց, որ Բակո Սահակյանի հետ զրուցել են սահմանին տիրող իրավիճակի, վերջին մեկ շաբաթում արձանագրված իրադարձությունների մասին:

«Պարզ է, որ Ադրբեջանն ամբողջ ուժերով համընդհանուր հարձակում է գործել, և հստակ է` նա չի կարողացել իր առջև դրված ծրագիրն իրականացնել, ձախողել է: Մենք ոչ մի տարածք չենք կորցրել: Այդ առումով` մերը հաղթանակ է: Սա պետք է արձանագրվի որպես հաղթանակ: Իհարկե, հաղթանակը չի նշանակում վերջակետ, մի հանգրվանի վերջ: Պատերազմը կարող է եւ շարունակվել, մենք դրան պետք է պատրաստ լինենք»,- ասաց Մարգարյանը:

Ըստ նրա` Արցախում ժողովուրդը մարտական է տրամադրված, չի ընկճված և պետք է ամեն ինչ արվի, որ դա պահպանվի: «Կարծում եմ` ով Ղարաբաղում առաջին գծում գտնվելու հնարավորություն չունի, նյութական իր օժանդակությամբ պետք է մասնակից դառնա հայրենիքի փրկության, հայրենիքի պաշտպանության այս գործին: Մենք պետք է միաժամանակ պատրաստ լինենք նոր հարձակումների դիմագրավելուն, պետք է կառուցենք, վերաշինենք այն, ինչ ավերվել է Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում: Դրա մեջ է մեր փորկությունը: Մեր զոհերը թանկ զոհեր են, բայց իմաստավորված է այդ զոհաբերությունը, որովհետև մենք պատվով ենք դուրս եկել: Անհավասար ուժեր են եղել, նրանք տեխնիկապես ավելի պատրաստված են: Հավանաբար, նավթի դոլարներն օգնել են, որպեսզի հնարավորություններ ձեռք բերեն, բայց մեկ է՝ ծրագրածը չեն հաջողել»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Խոսելով այս օրերին միջազգային հանրության արձագանքի մասին` Հրանտ Մարգարյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա օրերին ավելի մեծ արձագանքներ կարող են լինել, քանի որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություն է կատարել` բավական չէ, որ նախահարձակ է եղել, նաև արգելված զենքեր է օգտագործել, անմարդկային միջոցների դիմել:

«Իբրև պատերազմական հանցագործ` Ադրբեջանն այսօր ամբաստանյալի աթոռին է նստած»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ, չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և կրակում է ոչ միայն Ղարաբաղի ուղղությամբ, այլ նաև` Հայաստանի, Մարգարյանը նշեց. «Այդ ամենը պետք է զսպվի` համապատասխան պատասխան տալով: Հանրային, միջազգային կարծիքի ձեւավորման գործում պետք է կարողանանք ակտիվ գործունեություն ծավալել, պետք է հարցերն անընդհատ արծարծված պահենք, ճնշենք Ադրբեջանին նաեւ քարոզչական, դիվանագիտական մակարդակում, որ նրանք պարտավորված լինեն նահանջ արձանագրել»: