կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 12:56
Իրավական

Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից. Քոչարյանի փաստաբան

Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից. Քոչարյանի փաստաբան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ այն նորմը, որով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել, տեղին չէ։ «Այդ նորմով նրան մեղադրանք առաջադրել չի կարելի: Հիմնավոր կասկածը բացակայում է, և ընդհանրապես, դա փաստաթուղթ չէ, որը կայացվել է դատարանի կողմից, և միջնորդությունը, որը ներկայացվել է դատարան», - շեշտեց նա՝ լրացնելով, որ Վերաքննիչ դատարանից պահանջում են, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի:

«Անձեռնմխելիությունը տվյալ դեպքում չի գործում: Այն, ինչ գրված է եղել քննիչի միջնորդության մեջ, արտագրել են և ասել՝ հիմնավոր կասկածներն առկա են»,- ասաց փաստաբանը:

«Երեկ գեներալներից մեկն ասաց՝ նա ՀՀ նախագահ է եղել, ինչու պետք է սահմանադրական կարգը տապալեր: Խելացի միտք է ասել, բայց մեկ ուրիշը, որը նրան արձագանքեց, այդքան կարողություն չուներ, կանչեց բանավեճի: Թող  մեզ կանչի, ի՞նչ է եղել, կգնամ»,- հավելեց Սահակյանը՝ պնդելով, թե նրանք, ովքեր կարծում են, որ Քոչարյանը անձեռնմխելի չէ, տգետ են։

Հարցին՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ բանակը ներգրավվել է արտակարգ դրության հայտարարումից հետո, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Բանակին հանձնարարվել է պահպանել պետական կարևորության շենքերը, և դա եղել է մարտի 1-ի երեկոյան, ցերեկը նրանք կանգնած են եղել: Բազմաթիվ կոչեր են, չէ՞, եղել, թե` ինչ անենք, ինչ չանենք: Հետո երբ խուզարկություն կատարվեց հրապարակում, դուք տեսաք, որ մարդիկ զինված էին փայտերով, ձողերով»:

Այնուհետև փաստաբանը հայտարարեց. «Ես այն կարծիքին եմ, որ սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից, բայց քանի որ փոփոխություն մտավ քրեական օրենսգրքում, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց»:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանի խոսքով, չի մասնակցելու այսօրվա դատական նիստին։