կարևոր
3400 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-23 10:42
Հասարակություն

Նախագիծը կասկածելի է

Նախագիծը կասկածելի է

Արթուր Խաչատրյանը համոզված է՝ Թուրքիայի հետ սիրախաղից հետո 150 հազար դոլարի դիմաց ՀՀ քաղաքացիություն ստանալու նախագիծը պատահական չի «ծլել»: Կառավարությունը մի օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի համաձայն, Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Այս նախագծի հետ կապված խիստ հակասական կարծիքներ են շրջանառվում: Որոշ տնտեսագետներ վստահեցնում են, որ սա ՀՀ բնակչությունը կավելացնի, տնտեսական օգուտ կբերի, բայց նաեւ մտահոգություններ են հնչում, որ սա Հայաստանը «թրքացման տանող» ամենակարճ ճանապարհն է:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ Նդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցին՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում այս նախագծի հետ կապված՝ պատասխանեց. «Այս իշխանությունները գնացել են թուրքերի հետ մերձեցման, սիրախաղի՛ են գնացել, այնպես որ, Հայաստանի թրքացման վտանգը կար նաեւ առանց այս օրենքի նախագծի: Չեմ բացառում, որ նախագիծն ընդունելուց հետո որոշ թուրքեր կարող են գալ եւ այստեղ քաղաքացիություն ձեռք բերեն, բայց որ դա լինի շատ մեծ քանակի՝ մի քիչ կասկածում եմ: Բայցեւայնպես, որ երկիրը սարքում են «проходной двор»` դա ակնհայտ է: Իսկ այս «проходной двор»-ում պարզ է, որ ավելի շատ այդ տիպի ազգեր՝ պակիստանցիներ, թուրքեր, ադրբեջանցիներ կգան ու թող հույս չունենան, թե շվեյցարացին, գերմանացին, կանադացին կգան, որ երկրորդ հայկական անձնագիր ունենան:

Հայկական անձնագրի համար դիմող այլազգին այստեղ հաստատ ինչ-որ հետին միտք է ունենալու՝ նաեւ հայկական անձնագրով ճամփորդելու, բիզնես բացելու: Բիզնես բացելու համար եթե շվեյցարացին կամ Քաթարից որեւէ լուրջ ներդրող գար, իրեն դա որեւէ խոչընդոտ չէր հանդիսանա: Եթե իրենք պետք է գնան այս ճանապարհով, նախ գումարը անտրամաբանական փոքր է, երբ նայում ես այլ երկրների ցանկը, թե ինչքան են դրա համար վերցնում: Նաեւ այդ գործընթացը պետք է լինի շատ խիստ: Կարծում եմ, որ կարող է գան, օրինակ, գյուղատնտեսական նշանակության հող առնեն: Ցավոք սրտի, մենք հիմա տեսնում ենք ինչքան անմշակ հողեր կան, եթե դրանք մշակվեին, ես միայն ուրախ կլինեի, բայց հողը ցանկապատ են քաշել ու ոչ մի բան չեն արել: Ռիսկերը շատ-շատ են, դրական ազդեցություն ես չեմ տեսնում ու ռեալ չեմ համարում»:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ քանի որ այս իշխանությունները ունակ չեն ռիսկերը կառավարել, լավ կանեն այս օրենքի նախագծից «վազն անցնեն»:

Պատգամավորի համար կասկածելի է այս օրերին նման նախագիծ բերելը. «Ժամկետն է հարցը, ի՞նչն է իրենց վառվում, որ որոշեցին այս օրենքը անցկացնել: Ժամկետայնությունը շատ կարեւոր է, գնում են թուրքական սիրախաղերի, սահմանների բացման, այսինքն, Հայաստանի՝ թուրքական կցորդ դառնալու քաղաքականությանը եւ հանկարծ այս օրենքի նախագիծն է ծլում: Այսինքն, փաթեթով երբ նայենք, այս նախագծի ռիսկը շատ ավելի մեծ է, քան առանձին որպես օրենք: Իրենց վարած քաղաքականության տրամաբանությամբ որ նայեք, շատ ռիսկային օրենք է»:

Հարցին՝ 150 հազար դոլարը ասացիք քիչ է, ո՞ր երկրների հետ եք համեմատում՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Կան Եվրամիության երկրները, օրինակ՝ Ավստրիան, Մալթան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Թուրքիան: Օրինակ, Մալթայի պարագայում, որպեսզի ստանաս ներդրման պայմանով քաղաքացիություն, պահանջվում է 600 հազարից 750 հազար եվրո: Այդ այսօր է, որ եվրոն դոլարից էժան է, բայց վերջին 22 տարվա ընթացքում շատ կարճ ժամանակ է դոլարից ներքեւ լինում: 150 հազար կարող է լինել Անտիգուա եւ Բարբուդան, կամ Դոմինիկյան Հանրապետությունը, Հորդանանը, օրինակ, 750 հազար է վերցնում, Հյուսիսային Մակեդոնիան՝ 250 հազար եվրո: Թուրքիան ուզում է առնվազն 400 հազար, որպեսզի անշարժ գույք առնեն եւ կես մլն, որպեսզի կապիտալի ներդրում անեն»:

Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից շրջանառվող նախագծի համաձայն, ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով կտրամադրեն առնվազն 150 հազար դոլար, առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի մեջ կներդնեն առնվազն 150 հազար դոլար՝ առնվազն 10 տարի ժամկետով, ձեռք կբերեն պետական պարտատոմսեր առնվազն 150 հազար դոլարի չափով՝ առնվազն 7 տարի ժամկետով, ձեռք կբերեն անշարժ գույք՝ առնվազն 150 հազար դոլարի չափով՝ նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:

Աղբյուրը՝ Aravot.am

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ