կարևոր
3136 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-15 16:48
Հասարակություն

Վիվա-ՄՏՍ-ի ու «Ժողովրդի» միջև առաջացած կնճռոտ խնդրի մասին

Վիվա-ՄՏՍ-ի ու «Ժողովրդի» միջև առաջացած կնճռոտ խնդրի մասին

Հաշվի առնելով մի շարք լրատվամիջոցներից ստացված պարզաբանումների դիմումները՝ հայտնում ենք, որ ինչպես արդեն նշված է մեր 31.08.2022թ-ի տարածած հայտարարության մեջ, Վիվա-ՄՏՍ-ը այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին

Փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Պարզվեց, որ խոսքը լրատվամիջոցի կողմից պարբերաբար տարածվող տեղեկության մասին է, որտեղ լրատվամիջոցը հղում կատարելով ԱԱԾ-ին, հայտարարում է, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրած 2 հեռախոսահամար օգտագործվել է ադրբեջանցիների կողմից՝ ՀՀ քաղաքացիներից ազգային անվտանգությանը վերաբերող կարևոր տեղեկություններ կորզելու նպատակով: 

Վիվա-ՄՏՍ-ը բազմիցս արձագանքել է այդ հայտարարությանը: Ներկայացնենք հատվածներ ընկերության արձաքանքներից, ի պատասխան լրատվամիջոցի մեղադրանքների:

Վիվա–ՄՏՍ–ը պարզաբանել էր, որ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր չի տրամադրել (բաժանել): Վիվա-ՄՏՍ-ի պարզաբանումից նաև հայտնի է դառնում, որ «Ժողովուրդ» օրաթերթը/armlur.am-ը դիմել է ԱԱԾ և հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն հետևյալ պատախանն է տրամադրել լրատվամիջոցին. ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»։ Ըստ Վիվա-ՄՏՍ-ի օրաթերթն անտեսում է իր իսկ վկայակոչած՝ ԱԱԾ–ի տրամադրած ակնհայտ ու սպառիչ պատասխանը, և փորձում է գոյություն չունեցող հակասություն գտնել: ԱԱԾ պատասխանի և Վիվա–ՄՏՍ–ի հայտարարության միջև։

Վիվա-ՄՏՍ-ը նաև տեղեկացրել է, որ «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի)՝ Վիվա–ՄՏՍ–ին թիրախավորելու շարժառիթներն ավելի քան պարզ են և, ցավոք, ենթադրաբար՝ զուտ նյութական։ Թե որոնք են դրանք, ընկերությունը թողել է լրագրողական համայնքի և հանրության դատողությանը։

Ըստ Վիվա-ՄՏՍ-ի՝ «Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակված կայքը, կամ միտումնավոր, կամ լրագրողական պարտականությունները թերի կատարելու արդյունքում, ընթերցողին չեն ներկայացրել, որ 2020 թ․ հուլիսի 25–ին Վիվա–ՄՏՍ–ն արդեն իսկ տարածել է հայտարարություն խնդրո առարկայի վերաբերյալ, և այդ հայտարարությունը լայնորեն տարածվել է հայաստանյան մամուլում։ 

Ցանկության և նվազագույն ջանք գործադրելու դեպքում այն կարելի էր հեշտությամբ գտնել Google որոնողական համակարգի միջոցով: