Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթում առավելապես անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում Ադրբեջանի սանձազերծած հարձակման մասին, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրներից, սակայն որևէ խոսք չկար արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։
«Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում։
Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հայերը» արտահայտությունը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, այդ թվում՝ Արցախում, քանի որ Արցախում ժողովուրդ է ապրում։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր հայտարարություններ է արել, և դժվար է որևէ ընդհանրացում կատարել, սակայն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը միայնակ է մնացել։
«Նիկոլ Փաշինյանը հիշատակեց Հայաստանի 29800 քկմ տարածքը, սա նշանակում է, որ այս պահին նա Արցախից հրաժարվում է, և Արցախը միայնակ է մնացել։
Բնականաբար, այստեղ բազում խնդիրներ են առաջանում Արցախի անվտանգության, միջազգային ճանաչման և առհասարակ ապագայի վերաբերյալ, սրանք հարցեր են, որոնք իսկապես, շատ դեպքերում չենք կարող կողմնորոշվել, թե ինչ զարգացումներ կլինեն»,- նշեց Վահրամ Բալայանը։
Ըստ նրա, ստեղծված իրավիճակում մնում է համախմբվել, կենտրոնացնել եղած հնարավորությունները։
«Հիմա մարդն իր տունն ինչպես է պահում, այդ ձևով պետք է պահենք Արցախը՝ օգտագործելով ամբողջ ներուժը, Արցախը հայկական պահելու համար։ Հինգ հազար տարի Արցախն այդպես ապրել է, և կարծում եմ՝ մեր սերունդն ունի պարտականություն՝ դժվարին այս պայմաններում, աշխարհաքաղաքական այս զարգացումների համատեքստում համախմբվել։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։
Աղբյուրը՝ 168.am